Մինչեւ 2009թ. երեւանյան եւ արտերկրյա օպերային թատրոններում դեռեւս հանդես չեկած Սիրանուշ Գասպարյանը (լուսանկարում) նույն տարում համերգային շրջագայություն ունեցավ Գերմանիայի եւ Իտալիայի քաղաքներում: Արտերկրյա համերգային շրջագայությունից հետո մասնագետները հայ երգչուհուն ընկալեցին իբրեւ վագներյան սոպրանո: Հենց այդ թվականը երգչուհին համարում է իր կարիերայի սկիզբը եւ նշում Հայաստանում առաջին բեմելը Ռուբեն Ասատրյանի ղեկավարած «Վերածնունդ» կամերային նվագախմբի հետ, հնչեցնելով բարոկկո երաժշտություն (Վիվալդի, Հենդել եւ այլն): Հետո, դարձյալ Ասատրյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ սոպրանոն հանդես է եկել Մալերի թիվ 2 սիմֆոնիայում:
Իսկ 2012թ.՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարման ժամանակ գլխավոր դերերգի կատարումից հետո, մինչ օրս մասնագետները խոսում են երգչուհու իսկապես հյութեղ սոպրանոյով Տուրանդոտի կերպարը ներկայացնելու մասին: Իհարկե, մեր օպերային թատրոնի խաղացանկում Վագների եւ ոչ մի օպերա չկա, միակը՝ «Տանհոյզերը», բեմադրվել է դեռեւս 1965թ., բայց կան 1-2 օպերային ներկայացումներ, որտեղ կարող է նա փայլել իր սոպրանոյով:
Այս դիտարկմանն ի պատասխան՝ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Սիրանուշ Գասպարյանը նշեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ելենա Վարդանյանի մեծ ներդրումն իր՝ իբրեւ երգչուհու կայացման գործում, հետո էլ բարձրաձայնեց մեծանուն երգչուհի Գրեյս Բամբրիի անունը: «Սկսած 2009թ., յուրաքանչյուր տարի ես մեկնում եմ Ավստրիա՝ Զալցբուրգ, մասնակցելու տիկին Բամբրիի կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացներին: Ավելին, աշխարհի լավագույն Տուրանդոտներից մեկը՝ Գրեյս Բամբրին, տեղեկանալով, որ Երեւանում պատրաստում եմ Տուրանդոտի դերերգը, հրավիրեց իր տուն… »,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ իր արտերկրյա համերգները կազմակերպում են իտալացի եւ գերմանացի մենեջերները: Ինչ վերաբերում է Երեւանում օպերային թատրոնի բեմ չբարձրանալուն, սոպրանոյի պատասխանը հակիրճ էր. «Դեռ հրավեր չունեմ»: Ռեպլիկին՝ նույն արտերկրյա մենեջերներն ինչո՞ւ չեն հրավիրում օպերային ներկայացումների, Սիրանուշ Գասպարյանը, առանց մանրամասնելու, պատասխանեց. «Բազմիցս հրավիրել են, բայց դրանք բոլորը, չգիտես ինչու, եղել են համաշխարհային դասական օպերային գրականության նմուշների փորձարարական բեմադրություններ՝ ժամանակակից, ինձ համար անընդունելի ռեժիսուրայով»:
Հոկտեմբերին երգչուհին դարձյալ համերգներ է ունեցել Գերմանիայում, հայկական մշակույթի օրերի շրջանակներում: Շտուտգարտի կենտրոնում Բադեն-Վյուրթենբերգի Մարկուսկիրխե եկեղեցում ճանաչված երգեհոնահար Ֆրանց Օյդտմանի նվագակցությամբ, ապա Ֆրանկֆուրտի Իուբերլինգում՝ գերմանաբնակ դաշնակահար Իզաբելա Մելքոնյանի ընկերակցությամբ: Տպավորությունները շրջագայություններից շատ հարուստ են, օրինակ՝ երգչուհին տպավորված է ընթացիկ տարվա գարնանը Իտալիայում Սան Մինիատո եկեղեցում կայացած մենահամերգով:
«Սան Մինիատոն հայ սուրբ Մինասն է, որը մոտավորապես 4-րդ դարում, Ֆլորենցիայում քրիստոնեություն տարածելու համար գլխատվել է… Վերջերս էլ վերադարձել եմ Սոչիից, ուր մեկնել էի հանրահայտ կոլեկտիվ Ռախմանինովի կվարտետի գլխավոր մենեջեր Սերգեյ Ցեդրիկի հրավերով: Տեղի երգեհոնային երաժշտության տանը կայացած համերգից հետո պարոն Ցեդրիկի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կվարտետի հետ համերգներ ունենալ Ռուսաստանի եւ Գերմանիայի քաղաքներում»,- ասաց երգչուհին: Համակարծիք չլինելով Հայաստանում իր հազվադեպ երեւալուն, Սիրանուշ Գասպարյանը հիշատակեց «Տուրանդոտ» օպերայից հետո, դարձյալ ֆիլհարմոնիկի հետ, 2013թ. Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի համերգային կատարումը, որտեղ նա հանդես եկավ գլխավոր՝ Սանտուցայի դերերգով եւ սեպտեմբերին Կամերային երաժշտության տանը Վարդուհի Մինասյանի ղեկավարությամբ Մենակատարների պետական անսամբլի հետ համերգը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.11.2014