Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Մշեցու «Բռի աստվածները»

Նոյեմբեր 12,2014 13:00

Հրատարակվել է երիտասարդ գրող
Դավիթ Մշեցու բանաստեղծությունների երրորդ ժողովածուն

«Բռի աստվածներ». երիտասարդ բանաստեղծ Դավիթ Մշեցու բանաստեղծությունների նոր՝ թվով երրորդ գրքի վերնագիրն է:

Վերջերս է հրատարակվել՝ 500 օրինակով, չնայած այն վաճառվում է գրեթե բոլոր գրախանութներում, բայց գրողը սպառման մասին խոսելիս թերահավատ է դառնում. «Գրեթե բոլոր գրախանութներում կա, չնայած գիտեմ, որ վերջում հանգրվանելու է մոտս. դե մենք դադարել ենք, չէ՞, պոեզիային, առավել եւս՝ «զիլ» պոեզիային հասու լինելուց: Ասում եմ՝ «զիլ», քանի որ իրապես զիլ եմ համարում իմ պոեզիան: Սա՝ հատուկ վայրահաչողների համար, որ պարապ չմնան: Վայրահաչով էլ են հանիրավի պատմության մեջ մտնում՝ վկան Դրամբյանը»,- ասում է գրքի հեղինակը:

Գրքի գերակշիռ մասը՝ «Բռի աստվածներ» շարքը, Դավիթ Մշեցին գրել է վերջերս.
«Գրել եմ հանկարծակի ու անսպասելի՝ անգամ ինձ համար՝ ընդամենը 15-20 օրվա ընթացքում, սովորաբար այսպիսի դեպքերում ասում են՝ երակ էր բացվել, բայց ես, թող մեծամտություն չթվա, կասեմ, որ հրաբուխ էր ժայթքել, գոնե ինձ վրա այդպիսի տպավորություն է թողնում այդ շարքը: Ու ես որոշեցի անկեղծ լինել ընթերցողի հետ, այդ ժայթքումից դուրս եկած եւ ոչ մի հանքանյութ չհանեցի, որը դուր չեկավ անգամ ամենամտերիմներիս. պնդում էին, որ խմբագրեմ, կարեմ, ձեւեմ, որ անթերի լինի… Այսինքն՝ հրաբխի խառնարանից դուրս են ժայթքում բազմաթիվ ու բազմատեսակ նյութեր՝ ոսկի, արծաթ, ալյումին եւ այլն, եւ ես միայն ոսկին չթողեցի, թողեցի նաեւ ալյումինն ու այլ՝ ավելի էժանագին բաներ: Էժանագին՝ համեմատաբար, իհարկե, այսինքն՝ էժանագին այնքանով, որքանով էժանագին կարող է համարվել, ասենք՝ «Խմբապետ Շավարշը» «Սոմայի» համեմատությամբ… Այսինքն՝ ես բռնեցի Ապոլոնի, Լոթրե Ամոնի, Մարոնի ուղին՝ ես եղա բանաստեղծություններիս մեջ, ի հակադրում ասենք՝ Դիոնիսոսյան վերացարկման, Ռեմբոյի «եթե ես ես եմ՝ ուրեմն ուրիշն եմ», կամ մեր Տերյանի՝ «ես էլ դու եմ, ես չկամ»-ի,- ասում է Դավիթը, ավելացնում, -կխնդրեի ճիշտ հասկանալ այս միտքս, բանաստեղծություններիս մեջ ես՝ ես եղա. եթե միայն ոսկին ի ցույց դնեի, մի օր, ասենք՝ դու կճանաչեիր ինձ ու կտեսնեիր, որ նաեւ ալյումին կա իմ մեջ, ու կլիներ նույնը, ինչ ասենք, եթե Քրիստոսի քարոզից հետո Պողոս առաքյալը Քրիստոսին երեխա ուտելուց տեսներ…»:

Գրքի մյուս շարքը «Տռփանքի հիմներ» է կոչվում. այստեղ արտամոլորակային սիրո ու վայելքի նկարագրություններ են հիմնականում, որոնք նույնպես սկզբնավորում ու հաջորդում եւ մասն են կազմում «Բռի աստվածներին»: Այս շարքի գործերը, ըստ հեղինակի, համեմատաբար ավելի շուտ են գրվել՝ մի քանի ամիս առաջ: Գրքի երրորդ շարքը հեղինակը պայմանականորեն կոչել է՝ «Խառը բանաստեղծություններ»: Այս հատվածի մասին ասում է. «Մնացորդացի պես մի բան է ստացվել, այստեղ տեղ են գտել այնպիսի գործեր, որոնցից ոչ մի կերպ չկարողացա բաժանվել, չնայած իրենք ինձնից բաժանվել էին, նույն կերպ, ոնց որ չես կարողանում բաժանվել սիրուցդ, ինչքան էլ նա նենգահմա լինի ու լքող…»:

Ի՞նչ ապրումների ու զգացողությունների տակ է գրել գիրքը, բանաստեղծը պատասխանում է. «Իմավարի սիրահարված» ու «իմավարի խելառված» վիճակում: «Իմավարի»-ն համարյա «վահագնավարիի» ու «չարենցառիլկեսավարիի» միաձուլումն է…»:
Գրքում հերոսական են հեթանոս աստվածները, նրանք բռի են ու առավել քան սիրելի. հեղինակը դրանց մասին ասում է. «Բռիների հանդեպ պաշտամունք ունեմ ու բռիության. բռի, բայց ոչ կենցաղամարդու ընկալմամբ, իմ ընկալմամբ բռի, այսինքն՝ նախաստեղծ, անդասդաս ու անչափուձեւ, քարանձավային, ոչ թե կատարյալ՝ այլ բնական, իսկ ամենակատարյալը միանշանակ բնականն է…»:

Ռեպլիկին, թե ըստ գրքի, կարծես հեթանոս աստվածների վերադարձն է ցանկանում, Դավիթ Մշեցին պատասխանում է. «Մեր Աստծուն ընդունել -չընդունելու հարցը չկա, ոչ թե հեթանոս աստվածների վերադարձն եմ ցանկանում, այլ իմ գոյությունն եմ ցանկանում նրանց մեջ, կապ չունի՝ նրանք կգան, թե ես կտեղափոխվեմ իրենց մոտ` Գյոթեի, Բայրոնի, Վարուժանի, Սիամանթոյի ու մնացածի հետ… Ուզենալն ուզում եմ գան, բայց չեն գա, մենք արժանի չենք իրենց, մենք նվազ ենք ու նվաստ նրանց համար… Գոնե նրանց ժամանակների որձության ու էգության մի 10 տոկոսը ունենայինք՝ կրկին ոչ կենցաղամարդու ընկալմամբ, այլ իմ… Թե չէ՝ զզվելդ գալիս է՝ նայում ես մարդկությանը, ինչ ազգից էլ լինի…»:
Բանաստեղծն անդրադարձել է նաեւ մերօրյա «դեմքերին», «որոնք լավ են սերտել ոճրի դասերը»: Ասում է. «Ինչքան էլ ուզում էի, որ սա արտաշխարհային պոեզիայի գիրք լիներ, գոնե տիեզերամերձ ոլորտների, մեկ է, այս մեր սերմի ապօրինի ճայթքումից ծնվածները չթողեցին, զոռով եկան մտան գրքիս մեջ, որը համազոր է պատմության մեջ հանիրավի մտնելուն: Հասցեատերերը մեր իշխանավորներն են, չնայած այս վիճակի գլխավոր մեղավորը մենք ենք, մեր ժողովուրդը, որ ղաչաղներ, այսինքն՝ Աղասիներ ու Թեհլերյաններ չի ծնում…»:

Զրույցի վերջում նա իր գիրքն ընթերցել ցանկացողներին զգուշացնում է՝ գիրքը գրված է գոնե մի 70 տոկոս համաշխարհային արվեստին ու մշակույթին ծանոթ մարդկանց համար. «Բավականին բազա պիտի ունենալ հասկանալու համար, գրեթե ամբողջը կոդավորված է, եթե բառ ու բանից խաբար չի ընթերցողն, ի սեր Աստծո, լավ է, ոչ գնի, ոչ էլ հետո թքի-մրի ինձ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ար. ընթերցող says:

    Վայ մեզ: Ոնց կարելի է իրեն բանաստեղծ հորջորջողը այսպես կոպիտ խոսի իր ընթերցողների հանդեպ: Ես առաջին անգամ եմ լսում այսպիսի բանաստեղծի մասին, և ինչպիսի ագրեսիա: Մի կարճ մազերով աղջիկ կար իրեն բանաստեղծուհի կոչող, մի անգամ մի հաղորդում նայեցինք և խորը հիասթափություն ապրեցինք և գրածից և իր խոսելաձևից: Իհարկե այդ սերնդի մեջ կլինեն բարեկիրթ շնորհալի բանաստեղծներ, բայց այսպիսի ագրեսիվ վերաբերմունք ընթերցողի հանդեպ, ուղղակի անընդունելի է: Չի կարելի մեծամտանալ ու այսպիսի ամպագոռգոռ ու վերամբարձ խոսքեր ասել: Ծիծաղելի է: Մարդիկ Սիամանթոյի ու Վարուժանի հետ են համեմատվում, լավ է գոնե չեն ժխտում նրանց: Շնորհալի մարդիկ համեստ են լինում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930