Նոյեմբերի 4-ին Լոնդոնի հեղինակավոր Royal Festivall Hall համերգասրահում «Օպերա Ռարան» հանրությանը ներկայացրեց իր վերջին նախաձեռնությունը՝ Դոնիցետտիի «Մարտիրոսներ» օպերայի համերգային կատարումը:
«Օպերա Ռարան» այդքան էլ հայտնի չէ Հայաստանում: Այն ստեղծվել է 1970-ականներին եւ միավորում է մի շարք հայտնի կատարողների, երաժշտագետների ու դիրիժորների՝ առաքելություն ունենալով վերակենդանացնել, բեմադրել ու մասսայականացնել 19-րդ դարի հայտնի կոմպոզիտորների մոռացության մատնված ստեղծագործությունները:
Ինչ վերաբերում է իտալացի հայտնի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտի «Մարտիրոսները» օպերայի բեմադրությանը, ապա այս երկար մոռացված օպերան մեզ` հայերիս համար կարեւորվում է նրանով, որ իրադարձությունները ընթանում են պատմական Հայաստանում՝ վաղ քրիստոնեական շրջանում:
Հայ հանդիսատեսը կարող է հիշել, որ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակում Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի կողմից բեմադրվել էր այս օպերայի կրճատված տարբերակը՝ «Պողիկտոս» անվամբ:
«Մարտիրոսների» համերգային բեմադրությունը իրականացրել էր «Օպերա Ռարայի» գեղարվեստական ղեկավար, հայտնի դիրիժոր Սըր Մարկ Էլդերը՝ մեր ժամանակների լավագույն նվագախմբերից մեկի՝ Orchestra of the Age of Enlightenment-ի նվագակցությամբ: Գլխավոր դերերգերը կատարում էին ամերիկացի տենոր Մայքլ Սփայերսը (Պողիկտոս) եւ լիբանանյան ծագումով կանադացի սոպրանո Ջոյս Էլ-Խուրին (Պաուլինա):
Մաեստրո Էլդերն արել էր հնարավորինս՝ պահպանելու եւ ներկայացնելու փարիզյան Գրանդ Օպերայի համար 1840թ.-ին գրված այս մեծածավալ գործը:
«Մարտիրոսների» երաժշտությունը հիանալի է. ուվերտյուրայի առաջին իսկ նոտաներից ունկնդիրը ներ է քաշվում իտալական դասական օպերայի այս հիանալի նմուշի կախարդիչ ելեւէջների աշխարհը: Մեծ փորձություն է սպասվում նաեւ երգիչներին՝ բելկանտոյի մեծ վարպետ Դոնիցետտին, օգտագործելով իր տաղանդի ամբողջական ուժը, գեղեցիկ որոգայթներ է լարում նրանց համար, որից դուրս գալը ի զորու է միայն լավագույն վարպետներին:
Մայքլ Սփայերսն ու Ջոյս Էլ-Խուրին, ինչպես եւ մյուս մենակատարները, կարողացան պատվով դուրս գալ այդ «փորձությունից»՝ նրանց հիանալի կատարումը զմայլել էր լոնդոնյան պահանջկոտ հանդիսատեսին:
Նվագախումբը եւս իր բարձրության վրա էր: Մաեստրո Էլդերն այնպես հմտորեն էր բեմում դասավորել երաժիշտներին, որ, չնայած համերգային կատարմանը, հանդիսատեսին առավելագույնս մատուցեր օպերային հնչողությունը: Orchestra of the Age of Enlightenment նվագախմբի կատարումն իսկապես որ բարձր մակարդակի էր՝ համապատասխան իր «Լուսավորության դարաշրջանի նվագախումբ» անվանը:
Համերգի ավարտից հետո հանդիսատեսը երկարատեւ ծափողջույններ էր հղում կատարողներին: Կարելի էր բոլոր կողմերից լսել նրանց զարմանքն առ այն, թե ինչպես է պատահել, որ Դոնիցետտիի այս գլուխգործոցն այսքան երկար ու ձիգ տարիներ մոռացության մատնված է եղել:
Լիահույս լինենք, որ նոյեմբերի 4-ի այս պատմական համերգով «Մարտիրոսները» օպերան նոր կյանք է ստանում ու իր արժանի տեղը կգրավի միջազգային երգացանկում:
ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.11.2014