Եթե կառավարությունը ճանապարհային քարտեզի մշակելու առաջարկ անի, ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել 12 կետերի փուլային լուծման ուղիները: Խորհրդարանում այդ մասին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն`անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:
Հիշեցնենք, նախագահը հայտարարել է, որ առաջարկել է կառավարությանը վերանայել ոչ իշխանական ուժերի կողմից առաջ քաշած 12 կետերը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը`այդպիսի նման քայլի գնալով, փաստորեն, մեծամասնությունն առաջարկում է փոխզիջում. ո՞րն է լինելու ոչ իշխանական ուժերից իշխանության ակնկալիքը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Ես չգիտեմ՝ այս դեպքում փոխզիջումն ինչ ձևաչափում է օգտագործվում, ավելին՝ մեզ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ ձևաչափում է իրականացվելու խնդիրների լուծումը, կարևորը լուծվեն խնդիրները: Հիմա մեկը կձևակերպի որպես ճնշման ազդեցություն, մեկը կձևակերպի փոխզիջում, դա երկրորդական և երրորդական հարց է, որովհետև եթե անդրադառնանք արդեն նախագահի երկրորդ հարցադրմանը, սահմանադրական բարեփոխումների մասով, ապա մեզ համար ավելի սկզբունքային հարցը դա է: Եթե մենք սահմանադրական փոփոխություններով հասնենք իսկապես երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխության Սահմանադրական մակարդակում երաշխավորված գործունեության ձևակերպմանը, սա կլինի մեր երկրի, մեր պետականության և բոլոր քաղաքական ուժերի հաջողությունը»:
Լրագրողներից մեկի հարցին` պատգամավորի կարծիքով՝ ինչո՞ւ իշխանությունը որոշեց ընդառաջ գնալ ոչ իշխանական ուժերին, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց`չգիտեմ ու հավելեց. «Իմ կարծիքով՝ տեղին է անդրադարձը, որովհետև ունենք քաղաքական երկու կետերից բաղկացած օրակարգային հարցեր՝ մեկը 12 կետերն են, մյուսը՝ սահմանադրական բարեփոխումների հարցը, որ մի կողմից ընդդիմությունն է ներկայացրել, մյուս կողմից էլ՝ նախագահն է առաջարկում: Թե ինչու հատկապես հիմա, չեմ կարող ասել»:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունը նախագահի խոսքից հետո, ավելի համեստ կգտնվի իր կեցվածքով, կառավարությունն էլ համարժեք պատասխան կառաջարկի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ