Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը

Նոյեմբեր 11,2014 16:25

Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, սկսվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 76 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից մասնակցում են 58-ը:

Մինչ բացման արարողությունն Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգության` Ս. Հոգու առաջնորդությունը հայցելով ժողովի աշխատանքների բարի արդյունավորման համար:
Ժողովն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ նախորդ Եպիսկոպոսաց ժողովի դիվանի համաատենապետ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Այնուհետև ներկաներին իրենց հայրապետական պատգամը բերեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Գերաշնորհ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության,
Գերաշնորհ Սրբազան հայրեր,
Անհուն ուրախությամբ Մեր ջերմ ողջույնն ենք բերում Ձեզ և փառք ու գոհություն վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ վերստին շնորհը պարգևեց մեր Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի հետ համախմբվելու աստվածախնամ հովանու ներքո Քրիստոսակերտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Անցյալ տարի Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ոչ միայն նշանակալի իրադարձություն էր, այլև՝ կարևոր ձեռքբերում եկեղեցական կյանքում, քանզի դարեր շարունակ ծանր ու դժվարին ժամանակների, անբարենպաստ իրավիճակների ու հանգամանքների, եկեղեցավարչական խնդիրների պատճառով հնարավոր չէր եղել կազմակերպել եպիսկոպոսաց դասի համախմբումը: Նախորդ ժողովական աշխատանքով մենք ունեցանք օգտաշատ քննարկումներ, ընդունեցինք եկեղեցական և ծիսական հարցերին առնչվող, սոցիալական բնագավառներին վերաբերող որոշումներ՝ ի նպաստ մեր Սուրբ Եկեղեցու առաքելության զորացման ու արդյունավորման և մեր հոգևոր, ազգային ու հայրենական կյանքի առաջընթացի:

Եպիսկոպոսաց ժողովի պարբերաբար գումարումն անհրաժեշտ է եկեղեցական անդաստանում բարեփոխումներ իրականացնելու, մեր Եկեղեցու ընթացքը ժամանակի զարգացումներին համաքայլ պահելու, արդիական հարցադրումներին արձագանքնելու և առկա հրամայականներին ու մարտահրավերներին համապատասխան մեր Սուրբ Եկեղեցու տեսակետները նորովի բանաձևելու և ներկայացնելու համար: Եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը կարևոր է նաև մեր հոգևոր-եկեղեցական գործունեությունը զորացնելու և ավելի արդյունավորելու համար, որպեսզի մեր ժողովրդին անսայթաք պահենք ու պահպանենք հավատքի ուղիներում և առավել ճանաչելի դարձնենք մեր Եկեղեցու Քրիստոսավանդ վարդապետությունը, եկեղեցական սրբազան ավանդույթները, ծեսերն ու տոները: Պատմության փորձություններից հավատքով փրկված ժողովուրդ ենք, և այսօր էլ մեր հավատքը և հավատակերտ գործերը պիտի բարեզարդեն ու լուսավորեն ազգային-եկեղեցական մեր կյանքի անդաստանները և ապագայի մեր իղձերն ու տեսլականները:
Եպիսկոպոսաց այս ժողովի օրակարգում մենք անդրադառնալու ենք Ցեղասպանության զոհերի սրբադասման հռչակման արարողակարգին և ծիսական կանոնակարգին, Սուրբ Մկրտության խորհրդի բարեկարգյալ ծիսակարգին, որոնց շրջագծում դեռևս կան վճռման կարոտ մի շարք հարցեր: Ուրախալի է, որ օրակարգում է նաև Կոմիտաս Վարդապետի սրբադասման գործընթացի ձեռնարկումը: Արդարև, Եկեղեցին զորանում է իր սրբերով, նրանց լուսավոր կյանքի մշտավառ օրինակով և երկինց օթևաններում նրանց բարեխոսական աղոթքով: Ցեղասպանության զոհերի սրբադասումով նաև պիտի շարունակվի դարեր ի վեր մեր Եկեղեցում դադարած սրբադասման գործընթացը, իսկ Մկրտության կանոնի վավերացմամբ՝ ծիսաարարողական միօրինակությունը եկեղեցական մեր անդաստանում: Իրականացված հետևողական և ջանադիր աշխատանքների համար գոհունակ սրտով Մեր բարձր գնահատանքն ենք բերում Կենտրոնական հանձնաժողովի, Սրբադասման և Ծիսական միասնական հանձնախմբերի անդամներին:

Մեր Սուրբ Եկեղեցին իրականացնելով իր զավակների հոգու փրկության և հավիտենական կյանք առաջնորդելու տերունապատվեր առաքելությունը՝ միաժամանակ կարևորում է բարօրությունը այս կյանքի, ինչպես ուսուցանում է առաքյալը. «Աստուածապաշտութիւնը օգտակար է ամէն ինչի. և նա ունի կեանքի աւետիսը, ա՛յս կեանքի և հանդերձեալի» (Ա Տիմ. 4.8): Հայ Եկեղեցին, ինչպես դարեր շարունակ, այսօր էլ ջանք ու նպաստ է բերում մեր Հայրենիքի զորացման, Սփյուռքի կենսունակության, մեր ժողովրդի խաղաղ կյանքի ու բարօր կեցության համար: Աննվազ նախանձախնդրությամբ պիտի շարունակենք միջազգային հարթակներում անլռելի պահել մեր Սուրբ Եկեղեցու կոչը՝ հանուն Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման, Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքի ճանաչման, այլև՝ Սիրիայում, Իրաքում, ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության վերահաստատման, կրոնական հալածանքների դադարեցման, քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության: Արդի աշխարհին առաջնահերթորեն հուզում են սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրները, քան հոգևորը՝ մարդ-Աստված հարաբերությունների անխաթար պահպանումը և համընդհանուր բարիքի համար աստվածահաճո կերպով ապրելու ձգտումները: Այս ընթացքները անխուսափելիորեն առաջնորդում են բարոյական ընկալումների խաթարման, ընտանիքի, մարդկային բարձր արժեքների վերաբերյալ հասկացությունների խարխլման, որոնցից, ցավոք, զերծ չէ նաև ազգային մեր կյանքը: Նման իրավիճակը շեշտում է հրամայականը Եպիսկոպոսաց ժողովի՝ առավել համակարգված և եռանդուն գործելու, ավելի նախանձախնդրությամբ Աստծո կենարար խոսքը մատռվակելու մեր հավատավոր զավակներին, որպեսզի մեր ժողովուրդը հաստատուն լինի դեպի Աստված ընթացքներում և զորանա իր քրիստոնեական կյանքով, որով մեր իրականության շատ խնդիրներ պիտի հաղթահարվեն:

Աղոթքով առ Ամենակալն Աստված հայցում ենք Սուրբ Հոգու շնորհները և առաջնորդությունը սրբագումար այս ժողովին՝ համատեղ ու արդյունավոր ջանքերով լուծումներ գտնելու մեր Եկեղեցին հուզող խնդիրներին ու մարտահրավերներին: Թող Տերը Իր օրհնության ներքո հավետ շեն ու պայծառ պահպանի մեր Սուրբ Եկեղեցին Նվիրապետական իր Աթոռներով, խաղաղ, ապահով ու բարօր՝ Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրն ու աշխարհասփյուռ ժողովրդին:
«Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշարժ պահեա. եւ զերկրպագուս անուանդ Քում պահեա ի խաղաղութեան»: Ամէն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ԽՕՍՔԸ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ

Եղբայրական ջերմ սիրով կ’ողջունեմ մեր հոգեւոր եղբայր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը,
Հայրական սիրով կ’ողջունեմ մեր Եկեղեցւոյ եպիսկոսաց դասը՝ հոգեւոր իշխանները, որոնք կոչուած են առաւել եւս կենսագործելու մեր Եկեղեցւոյ կեանքը:
Գոհութիւն ու փառք կու տամ Աստուծոյ, որ անգամ մը եւս մեր բոլորին այս հոգեպարար առիթը եւ սքանչելի պահը ստեղծեց, որպեսզի մենք միասնաբար մտածենք, աղօթենք, աշխատինք ու ծրագրենք, որպէսզի աւելիով պայծառացնենք մեր Եկեղեցին եւ հզօրացնենք անոր առաքելութիւնը մեր ժողովուրդի կեանքէն ներս: Ես ամէն բանէ առաջ կ’ուզեմ ողջունել այս գեղեցիկ երեւոյթը մեր Եկեղեցւոյ կեանքէն ներս, երբ մեր հայրապետական զոյգ Աթոռներու Եպիսկոպոսաց դասը քով-քովի եկած, միասնաբար եղբայրական ջերմ սիրով կը տագնապին, կը մտածեն ու կը փորձեն մեր Եկեղեցւոյ ծառայութիւնը դարձնել աւելի ուժական, աւելի կենսունակ եւ ազդու: Պայմաններու բերումով, դարեր շարունակ մեր կաթողիկոսական երկու Աթոռները մնացին իրարմէ հեռու, գործեցին տարբեր մարտահրաւէրներու, տագնապներու եւ պայմաններու մէջ ու դիմագրաւեցին տարբեր հարցեր. սակայն հիմա, հազար փառք Աստուծոյ, մեր Աթոռները կոչուած են միասնաբար գործելու եւ միասնաբար ծառայելու մեր Եկեղեցւոյ ու մեր ժողովուրդին: Ահաւասիկ, հոգեպարար ու գօտեպնդիչ է այս երեւոյթը մեր ժողովուրդի կեանքէն ներս եւս, իրենց ներքին միասնականութիւնը հզօրացնելու, որովհետեւ մեր ազգին ու Եկեղեցւոյ ճամբան եւ նպատակը նոյնն է: Տարբեր պայմաններու մէջ ապրեցանք ու կ’ապրինք, տարբեր մտահոգութիւններ ունեցանք եւ ունինք, սակայն վերջին հաշիւով` մեր պատմութիւնը այսօր կը յուշէ մեզ, թէ մենք պիտի գործենք միասնաբար` նպատակասլաց կերպով, որպէսզի մենք` որպէս Եկեղեցի, հաւատարիմ գտնուինք մեր արմատներուն, մեր անցեալին, մեր պապերու նուիրական կտակին եւ այդ հաւատարմութիւնը մենք գործնապէս թարգմանենք մեր Եկեղեցւոյ ու ազգի ծառայութեան դաշտէն ներս: Ես այնպէս կը տեսնեմ, որ այսօր մեր Եկեղեցին կարիքը ունի երկու հիմնական առաջադրանքներու, որոնք պէտք է մեր մտածումներուն եւ մեր աշխատանքներուն մեկնակէտը, հիմքը, հունաւորումը եւ նպատակը դառնան:

Առաջին` մենք մեր Եկեղեցին պէտք է տանինք մեր ժողովուրդին: Յաճախ իմ խօսքերուս մեջ կարեւորութեամբ կը շեշտեմ, թէ եկեղեցին վայր չէ, եկեղեցին քարեղէն իրականութիւն չէ, Եկեղեցին առաքելութիւն մըն է, որ պէտք է երթայ մեր ժողովուրդին, եւ Եկեղեցին մեր ժողովուրդին տանողը հոգեւորականն է: Ի՞նչ մակարդակի վրայ ալ գտնուինք, հոգեւորականին կոչումը, Եկեղեցին՝ որպէս Քրիստոսի խորհրդական մարմինը, տանիլն է ժողովուրդին: Քրիստոս պիտի խօսի մեր Եկեղեցւոյ ճամբով, մեր ժողովուրդի կեանքին մէջ. մենք չէ որ պիտի խօսինք, զՔրիստոս պիտի խօսեցնենք մեր կեանքի վարքագծով, մեր խօսքով, մեր օրինակով, մեր ծառայութեամբ: Հետեւաբար, ինչպէ՞ս կարելի է այսօր մեր Եկեղեցին տանիլ մեր ժողովուրդին: Ծիսական բարեկարգութիւնը կենսական է: Մենք չենք կրնար այլեւս այն, ինչ որ անցեալէն ժառանգած ենք, նոյնը կրկնել. պէտք է անցեալի մեր աւանդութիւններուն հաւատարիմ գտնուինք, բայց միաժամանակ ինչպէ՞ս կրնանք անցեալը ներկայով թարգմանել եւ ներկայ կեանքի մեր պայմանները իրականութիւնները կարեւորութեամբ նկատի ունենալ մեր ծիսական բարեկարգութեան աշխատանքներուն մեջ:

Երկրորդ` ինչպէ՞ս կարելի է մեր Եկեղեցին բանալ ներկայ աշխարհին: Համաշխարհայնացումը ի՞նչ է. սահմանները քանդուած են այսօր, մենք կ’ապրինք նոյն աշխարհին մէջ, շրջապատուած ենք տարբեր մշակոյթներով, տարբեր մտածողութիւններով. այս է համաշխարհայնացումը:

Մենք ինչպէ՞ս կրնանք մեր Եկեղեցին բանալ ուրիշներուն եւ ինչպէ՞ս կրնանք մեր դրացիներէն եւ ուրիշներէն մեզի եկող մարտահրաւէրները, տագնապները դիմագրաւել. այլ խօսքով` ընկերա-բարոյագիտական հարցերը մեր ժողովուրդի կեանքին ու մեր Եկեղեցւոյ առաքելութեան մէջ առաջնահերթ հարցեր են՝ ամենօրեայ հարցեր են, տագնապալից հարցեր են, այս հարցերու նկատմամբ մեր Եկեղեցին իր ըսելիքն ու ընելիքը ունի: Ի՞նչ մտածողութիւն պէտք է ձեւաւորենք եւ ունենանք այս հարցերուն գծով, մեր Եկեղեցին ի՞նչ կ’ըսէ, չենք կրնալ անտարբեր մնալ: Հետեւաբար, ընկերա-բարոյագիտական հարցերը մենք՝ որպէս Եպիսկոպոսաց ժողով, պէտք է մեր օրակարգին վրայ ունենանք յառաջիկայ տարիներու ընթացքին: Ահաւասիկ, երկու հիմնական մտահոգութիւններ, որոնք պէտք է մղեն մեզ մտածելու եւ գործելու այնպէս մը, որ մեր Եկեղեցին այսօր միայն անկիւն մը մնացած աղօթավայր մը չդառնայ մեր ժողովուրդին զաւակներուն համար, այլ իրապէս վերածուի մեր ժողովուրդը կենսանորոգող, հոգեմտաւոր արժեքներով պայծառացնող եւ հարստացնող հաւատքի առաքելութիւն:

Վերջապէս, բոլորս ալ գիտենք, որ մենք կը գտնուինք հարիւրամեակի սէմին: Այս ուղղութեամբ, թէ բարձրագոյն մակարդակի վրայ` համահայկական մակարդակի վրայ, թէ գաղութներէն ներս, նախապատրաստական լուրջ աշխատանքներ կատարուած են, որպէսզի մենք` որպէս մէկ Եկեղեցի, մէկ ազգ, միասնաբար դիմագրաւենք այս կարեւոր դէպքը մեր ժողովուրդի կեանքէն ներս եւ մեր յանձնառու մասնակցութեամբ արժեւորենք զայն:

Յաճախ իմ խօսքերուս մէջ ես յիշած եմ եւ կրկնելու ձեւով շեշտած եմ, թէ մենք հարիւրամեակին առիթով պարզապէս անցեալի տխուր դէպքերուն յիշատակութիւնը պիտի չկատարենք, այլ խօսքով` միայն պիտի չյիշենք, այլ յիշելէն անդին աշխարհին պիտի յիշեցնենք, որ տակաւին իրաւազրկուած ժողովուրդ մը կայ, եւ այդ ժողովուրդը պահանջատէր է այսօր, իր իրաւունքները կը պահանջէ. մենք չենք կրնար լռել, երբ Արեւմտեան Հայաստանը, Կիլիկիան, մեր ազգապատկան եւ եկեղեցապատկան կալուածները տակաւին կը մնան բռնագրաուած: Մենք` որպէս Եկեղեցի, եւ որպէս ժողովուրդ, չենք կրնար անտարբեր եւ լուռ մնալ այս կացութեան դիմաց. այսօր մենք պահանջատէր ենք, երբ կ’ըսենք մենք պահանջատէր ենք` Եկեղեցի եւ ազգ, մէկ ամբողջութիւն, Եկեղեցի, ազգ, Հայրենիք մէկ ամբողջութիւն են: Հետեւաբար, այդ մէկ ամբողջութեան ծիրէն ներս, ահաւասիկ, մենք պիտի նշենք հարիւրամեակը եւ այդ հարիւրամեակի ծիրէն ներս, ինչպէս քիչ առաջ Գարեգին Վեհափառ Հայրապետը յիշեց, սրբադասումը մեր նահատակներուն կարեւոր դէպք մըն է: Մենք կանգնած ենք պատմութեան դիմաց` որպէս մէկ Եկեղեցի, Վեհափառ Հայրապետներով, եպիսկոպոսաց դասով պիտի ըսենք` մեր նահատակները` մէկ ու կէս միլիոն նահատակները, սուրբ են. անոնք արդէն իսկ սրբացուած են մեր ժողովուրդի կեանքէն ներս: Ահաւասիկ, այս մտածումներով եւ սպասումներով ես անգամ մը եւս ուրախութեամբ կ’ողջունեմ մեր Եպիսկոպոսաց ժողովի այս երկրորդ գումարումը եւ կը մաղթեմ, որ յաջողութեամբ պսակուին մեր աշխատանքները յառաջիկայ երեք օրերու ընթացքին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930