«Հռիփսիմե ջան, շատ զբաղվա՞ծ ես»- երկու օր առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցով ինձ գրեց 14-ամյա Սաթենիկ Գալստյանը: «Շա՜տ»,- միանգամից պատասխանեցի ես նրան՝ մտածելով հերթական գրքի անվան, երգի կամ մի այլ իր համար շատ, ինձ համար՝ ոչ այդքան կարեւոր թվացող հարցով է դիմել: «Ախր կյանքի ու մահվան հարց է»,- գալիս է մյուս կողմից պատասխանը: Սաթենին երկու շաբաթ է, ինչ ճանաչում եմ, ու վերջերս իր եւ իրեն հասակակից մի խումբ երեխանների հետ զրուցելիս, խորհուրդ էի տվել կարդալ Շառլ Ազնավուրի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքը, ասել էի՝ գործը կարդալուց Ազնավուրի օրինակով կհամոզվեք, որ ցանկացած դեպքում հանձնվել չի կարելի, պետք է պայքարել ու չհիասթափվել դժվարություններից, մի խոսքով, ինձ թույլ էի տվել փիլիսոփայել: Ու մեկ օր առաջ էլ Սաթենն ինձանից գիրքն էր ուզում, քննարկում էինք՝ որտեղի՞ց կարող է նա գտնել դա… «Հռիփսիմե, ե՞րբ ազատ կլինես, շատ կարեւոր է»,-համառում է Սաթենը, իսկ ես պարզապես գրում եմ՝ «Դու գրիր, ես կկարդամ»: Ու ֆեյսբուքյան իմ չատում հայտնվում է կարեւոր նամակը. «Հայրս հիվանդանոցում է պառկած՝ ծայրահեղ ծանր վիճակում, կմահանա, եթե գումար չգտնենք: Բժիշկները շտապ պետք է վիրահատեն, կօգնե՞ս ինձ նամակ գրենք, բոլոր բարեգործներին դիմենք: Ախր շատ կարեւոր է…»: Ու ես սառում եմ իմ առջեւ հայտնված բառերից. ինչի՞ մասին եմ ես մտածում, երեխան քեզ կարեւոր հարցով է դիմում. ի՞նչ գիրք, ի՞նչ երգ. 14-ամյա աղջկա կարեւոր գործը հոր կյանքը փրկելն է, ինքն է արդեն սկսել այդ հարցերով զբաղվել… ու իր հույսը նամակն է. «Դու ես իմ հույսը, միակ մարդը, ում ճանաչում եմ, որ կարող է նման նամակ գրել, դու ես»: Երեխային թվում է՝ այդ նամակը կփրկի իր հոր կյանքը:
Ու նամակը, որ պետք է գրեինք, իր անունից պիտի լիներ…
Սաթենիկ Գալստյանի հայրը՝ Գեւորգ Գալստյանը, երկու անգամ սրտամկանի ինֆարկտ է տարել, վերջերս ընկել է, գլուխը հարվածել պատին, գլխուղեղում արյան զեղում է ստացել, այժմ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բուժող բժշկի ներկայացրածով՝ վիճակը ծանր է, բժշկական միջամտություն է հարկավոր, որի նախնական արժեքը 4.5 միլիոն դրամ է: Եթե այս գումարը արագ չվճարվի, եւ արագ բժշկական միջամտությունը չարվի, հիվանդի վիճակն ավելի կվատանա, հիմա էլ կյանքը վտանգված է, վիրահատությունից հետո էլ ապրելու հավանականությունը էապես կավելա… Հիվանդանոցում նրա բժիշկի հետ հանդիպմանը ես էլ եմ եղել:
Պետք է ասեմ, երջանիկ մարդ եմ, որ ունեմ այնպիսի ընկերներ, ովքեր սրտացավ են, կարեկից, մեզ համախմբել է օգնության կարիք ունեցողներին ձեռք մեկնելու ցանկությունը. մենք նոր կազմավորված «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամի անդամներ ենք, բայց սա չի կարեւորը, այլ այն, որ ընկերներս իմ ներկայացրած պատմությունը լսելուց անմիջապես հետո, շատ արագ արձագանքեցին: Մենք հիվանդի կնոջ հետ հանդիպեցինք, եղանք հիվանդանոցում, ծանոթացանք իրավիճակին… ու մենք կօգնենք այդ ընտանիքին, օգտագործենք բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները, կդիմենք ու հիմա էլ դիմում ենք բոլորին՝ սրտացավ լինել, օգնել ընտանիքի միակ աշխատողին շարունակել ապրել…
Հիվանդի կնոջ խոսքով՝ ամուսինը՝ իրենց ընտանիքի միակ աշխատող ուժն է, երեք անչափահաս երեխաների միակ կերակրող ձեռքը: Վիրահատության համար անհրաժեշտ 2 մլն դրամն արդեն կարողացել են գտնել, պակասում է 2.5 միլիոն դրամը, եւ հիմա դժվարանում են գտնել այդ գումարը, շտապել է պետք, ժամերից ու օրերից է կախված կյանքը:
14-ամյա Սաթենիկի նամակի մասին չեմ մոռացել, բայց այն նամակը, որ պիտի օգնեմ միասին գրենք, գրում եմ ինքս, կուզեի, որ նրա ամենակարեւոր գործը Ազնավուրի գիրքը փնտրելը լիներ… նամակս շատ երկար չէ, վերամբարձ ու սրտակեղեք խոսքեր չկան. «Պարզապես խնդրում եմ բոլոր կարեկից, սրտացավ մարդկանց օգնել Գալստյան Գեւորգին: Ձեր փոխանցած ցանկացած չափի գումարը կարող է փրկել այս մարդու կյանքը: Եկեք օգնենք 14-ամյա Սաթենիկին, որ ինքը չկորցնի իր հավատը, հույսը, չհիասթափվի… թող Սաթենը համոզվի, որ փրկեց իր հոր կյանքը»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ.գ. Օգնել ցանկացողները կարող են գումարը փոխանցել «Օգնության կամուրջ» հիմնադրամի հաշվեհամարին՝ նշելով նպատակը՝ բուժման համար եւ հիվանդի անուն, ազգանունը՝ Գալստյան Գեւորգ:
Փոխանցման հաշվեհամարներն են.
Արդշինինվեստբանկ՝
2471707439720000 AMD
2471707439720010 USD
2471707439720020 RUR
2471707439720030 EUR
paypal՝ [email protected]
ArCa` 9051150201775063