Նոյեմբեր 5- 9-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) արդեն 9-րդ անգամ կայացել է «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնը: Այս տարի մասնակցել է 12 ներկայացում, խաղացվել 15-ը:
Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով փառատոնը՝ վերջինիս նախագահ Գագիկ Ղազարէն ասաց, որ հանձնվել է 5 մրցանակ հետեւյալ անվանակարգերում՝ լավագույն բեմադրություն, լավագույն ռեժիսոր, լավագույն գրական հիմք, լավագույն դերասան և հեղինակների ձայն: Ժյուրիի կազմում եղել են նաեւ ճանաչված արվեստագետներ՝ այդ թվում Աշոտ Ադամյանն ու Նարինե Մալյանը: Ի տարբերություն այլ փառատոների, այստեղ երիտասարդ արվեստագետները ներկայացումը խաղում են ընդամենը մեկ քառակուսի մետր տարածքում: Փառատոնի նախագահը նշեց, որ այս տարի մրցույթում տարբեր ժանրերի ներկայացումներ են եղել, արդյունքներից գոհ է, շրջագիծն էլ ընդգրկում էր սիրողական թատրոնից մինչեւ պրոֆեսիոնալ արտիստական խմբերը:
Նա ձեռնպահ մնաց որեւէ ներկայացում առանձնացնել, ասաց, որ վերջին երկու տարիներին հատկապես մունջ թատրոնն է ակտիվացել: «Շատ ավելի պրոֆեսիոնալ են ներկայանում, իսկ մյուսների պարագայում դրամատուրգիական գործերի ընտրելու խնդիր կա, նաեւ արտիստական խմբերի ճիշտ ժամանակին ունենալու խնդիր, որովհետեւ երբեմն ռեժիսորները դժվարությամբ են դերասանական խմբեր հավաքում եւ քիչ ժամանակ է մնում գործերը հղկելու ու փառատոնին ներդաշնակ ներկայանալու համար»,-փաստեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ մեկ քառակուսու վրա բարդ է խաղալը, քանի որ այն կարծես թատերական խոշոր պլան լինի. «Ովքեր հաջողում են խոշոր պլանի էֆեկտը ստանալ, գործել, գլխի ընկնել, որ մեկ քառակուսին նպաստում է, որ այս կամ այն իդեան ավելի ազդեցիկ լինի, նրանք շահում են շահում, իսկ ովքեր գալիս են զուտ ավանդական թատրոնի սկզբունքներով ու ուզում են այդ իդեան տեղայնացնել մեկ քառակուսի մետրի վրա, ավելի խրթին բաներ են տեղի ունենում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ