Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը` Սերժ Սարգսյանի առաջարկության մասին. «Կվերանայեն, թե` ոչ, իրենց խնդիրն է»

Նոյեմբեր 10,2014 21:05

«Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»,-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմենպրեսին» տված հարցազրույցում, անդրադառնալով եռյակի ներկայացրած 12 կետերին, այսպիսի հայտարարություն է արել:

Aravot.am-ը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց` Սերժ Սարգսյանի այս մոտեցումը բավարարո՞ւմ է իրենց, պարոն Ուրիխանյանը, պատճառաբանելով, թե «Դուք երեկոյան ժամը 20.20-ին ինձ հարցնում եք ԲՀԿ-ն ի՞նչ է նախաձեռնում անել, բնականաբար Ձեզ հետ կարող եմ կիսվել միայն իմ անձնական կարծիքով», մեր հարցին պատասխանեց. «Մեզ հետաքրքրում է և մենք պահանջում ենք ու քայլեր ձեռնարկում, որ ՀՀ-ում տնտեսական, սոցիալական և իրավական ճգնաժամը վերանա, որ լուծվեն աղքատության, գործազրկության և արտագաղթի հարցերը, մարդիկ ունենան  աշխատելու և արժանապատիվ կերպով հատուցվելու հնարավորություն, որևէ այլ բան մեզ չի հետաքրքրում»: Կրկին շեշտեցինք` այդ խնդիրները լուծելու համար բավարար պայմա՞ն է այն, որ Սերժ Սարգսյանը կառավարությանը հորդորում է կրկին վերանայել 12 կետերը նոր հայացքով, ԲՀԿ խոսնակն ասաց. «Կվերանայեն, թե` ոչ իրենց խնդիրն է: Մեզ համար բավարար կլինի այն, որ ՀՀ-ում բոլոր քաղաքացիների համար կյանքը դառնա հնարավոր, լիարժեք և բարեկեցիկ»:

Պարոն Ուրիխանյանը հիշեցրեց, որ այդ պահանջների բավարար կերպով չկատարման պարագայում է առաջացել իշխանափոխության պահանջը:

Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացին` նշելով, թե «Ես կարծում եմ` մենք այս ժամանակահատվածը` մինչև փետրվար, կօգտագործենք արդյունավետ` քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետեւ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն: Մեզ համար դա շատ էական է, և կարևորը սա է` որպեսզի մենք ունենանք որակապես ավելի լավ Սահմանադրություն, քան այսօր գործող Սահմանադրություն»: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումն այս հարցում չի փոխել, ինչին դեմ է ԲՀԿ-ն և եռյակը:

Այս համատեքստում պարոն Ուրիխանյանից հետաքրքրվեցինք` ավելի ակտիվ գործողությունների կդիմե՞ն, ԲՀԿ խոսնակը պատասխանեց. «Ինչ ուզում են, թող անեն: Մենք հայտարարել ենք, որ դեմ ենք բարեփոխումներին` իշխանությանը վերարտադրվելու հնարավորություն չտալու համար»: Ակտիվ գործողությունների դիմելու հավանականության մասին հարցին ի պատասխան պարոն Ուրիխանյանը փոխանցեց. «Մենք դեմ ենք և բոլոր հնարավոր միջոցներով թույլ չենք տալու, որ իշխանությունը վերարտադրվի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930