Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հելսինկիում հայերն ու ադրբեջանցիները համաձայնության եկան

Նոյեմբեր 10,2014 19:45

Նոյեմբերի 3-ին Հելսինկիում 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը եւ Ադրբեջանի նախագահի օգնական եւ քարտուղարության ղեկավար Էլդար Նամազովը համատեղ հայտարարություն  ընդունեցին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը սատարեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից ու Ադրբեջանից:

Հայտարարության հեղինակները կոչ արեցին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների ղեկավարներին, ինչպես նաեւ այլ երկրներին՝ դադարեցնել հարձակողական զենքերի մատակարարումը ԼՂ հակամարտության կարգավորման տարածաշրջանում: Նրանք դիմեցին բանակցող կողմերի ղեկավարություններին ձեռնամուխ լինել ԼՂ կարգավորման Խաղաղության համաձայնագրի մշակմանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի այս տարվա մայիսի 7-ի նախաձեռնության եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների մայիսի 12-ի հայտարարության հիման վրա։

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում Ֆինլանդիայի նախկին դեսպան, այժմ` Ֆինլանդիայի արտգործնախարարության Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Գլխավոր տնօրեն Տերի Հակալան անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը նշեց. «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբում 90-ականների կեսերին մեր համանախագահությունից հետո աջակցում ենք Մինսկի գործընթացին եւ ցանկանում ենք աջակցել գործընթացին: Այդ իսկ պատճառով մենք Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրեցինք Հելսինկի, ապա Մարիանհամինա (Ալանդյան կղզիներ), որովհետեւ տեսնում ենք, որ նրանք ցանկանում ենք աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` ԵԱՀԿ Մինսկի խմբին: Կարծում եմ, քաղաքացիական հասարակությունն, առհասարակ, կարեւոր դեր է խաղում հակամարտության կարգավորման գործընթացում: Իհարկե, իշխանություններն են ի վերջո որոշումներ կայացնողները կարգավորման գործընթացում, բայց այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակությունն է այդ որոշումներն աջակցողը: Առանց քաղաքացիական հասարակության աջակցության լայնամասշտաբ եւ երկարատեւ լուծում հնարավոր չէ: Ուրախ եմ, որ Հելսինկիում հայերն ու ադրբեջանցիները համաձայնության եկան, ողջունում եմ քաղաքացիական հասարակության կողմից յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է կարգավորման գործընթացում ուղիների փնտրտուքին»:

Ֆինլանդիայի արտգործնախարարության Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Գլխավոր տնօրեն Տերի Հակալայի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930