Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքում փաստաբանին փորձել են այրել՝ նրա վրա նավթ լցնելով

Նոյեմբեր 10,2014 18:54

Այսօր Գյումրու Տեքստիլագործների թաղամասում, քաղաքային ոստիկանության նախկին շենքում բացվեց ՀՀ փաստաբանների պալատի Շիրակի մարզային գրասենյակը:

IMG_4552

Ինչպես պարզաբանեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, իրենց պալատը մարզային քաղաքականություն է սկսել վարել. փորձում են մարզերում փաստաբանների վիճակը բարելավել: «Բոլորդ  լավ գիտեք, որ ամեն ինչ կենտրոնացած է Երևան քաղաքում, և այս տեսակետից կարծում եմ չի կարելի անուշադրության մատնել մարզային խնդիրները: Մենք արդեն մի քանի գրասենյակներ բացել ենք մարզերում և հերթը Շիրակի մարզինն է:Այս գրասենյակը բացելիս ներգրավվել են միայն փաստաբանների պալատի ռեսուրսները, այսինքն, մենք որևէ օգնություն որևիցե տեղից չենք ստացել: Այս գրասենյակում տեղակայվելու են հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները, այսինքն՝ հանրային պաշտպանները և նաև այն փաստաբանները, որոնք օրինակ՝ Գյումրի քաղաքում չունեն իրենց գրասենյակները: Մենք նրանց ներգրավելու ենք այստեղ, իրենք այստեղ են լինելու, բայց զուգահեռ փոխադարձ պայմանավորվածությամբ նրանք ամիսը մեկ անգամ անվճար իրավաբանական աջակցություն են տրամադրելու մարզի բնակիչներին: Այսինքն, մենք սրանով նաև փորձում ենք հասարակության և փաստաբանների փոխհարաբերությունները ամրապնդել, ինչու չէ նաև սոցիալապես անապահով հայրենակիցներին իրավաբանական օգնությամբ ապահովել»,- ասաց Արա Զոհրաբյանը:

IMG_4546

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե շա՞տ են փաստաբաններին հասցեագրված սպառնալիքները: «Իհարկե, սպառնալիքներ լինում են փաստաբանների նկատմամբ: Մեր մեծ ցավը նաև այն է, որ փաստաբանին նույնացնում են վստահորդի հետ, այսինքն` ծանր հանցագործությունների դեպքում, եթե կա սպանության դեպք, դա շատ առվել է ընդգծվում, և մենք ունեցել ենք դեպքեր: Սպառնալիքներ են ներկայացել փաստաբաններին, ավելին փորձել են հարվածել: Մի երկու ամիս առաջ Կոտայքում մի դեպք եղավ, երբ փաստաբանի վրա նավթ էին լցրել, որպեսզի հրդեհեին և հիմա այդ անձը դատապարտվում է: Էդ տիպի դեպքերին մենք անմիջապես արձագանքում ենք, և հետևում ենք, որպեսզի ցանկացած մեղավոր անձ պատասխանատվության ենթարկվի», – ասաց Արա Զոհրաբյանը:

Վերջինս նաև ասաց, որ թե քաղաքացիների վստահությունը, և թե փաստաբանների վերաբերմունքը արդարադատության համակարգի հանդեպ շատ ցածր է: «Մենք փորձում ենք այդ վստահությունը աշխատելով վաստակել, վստահությունը միայն խոսքերով չէ, մենք առաջինը մեզ ենք քննադատում, մենք չենք ասում՝ այ դատավորը վատն է, դատախազը վատն է, վատը մենք ենք, սկսում ենք մեզանից: Եվ այս տեսակետից կարծում եմ, եթե յուրաքանչյուր համակարգ իրեն էդպես ինքնաքննադատաբար մոտենա, մենք կունենաք լրիվ այլ արդարադատության համակարգ»:

Պարոն Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ իրենց պալատը հեռացրել է մի փաստաբանի, որը փորձել էր համագործակցել  նախաքննական մարմնի հետ: «Փաստաբանների պալատը պայքար է հայտարարել և պայքարելու է միջնորդ փաստաբանների դեմ, մեզ միջնորդ փաստաբաններ պետք չեն: Մենք փաստաբանների համակարգը էդ տիպի փաստաբաններից պետք է ազատենք»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե ինչպե՞ս է վերաբերում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նախագահի կողմից այս կամ այն քրեական գործի առթիվ կանխակալ կարծիք արտահայտելուն, մի՞թե դա չի ազդի դատարաններում արդարադատության իրականացմանը, Արա Զոհրաբյանն ասաց. «Դատական համակարգը դե յուրե անկախ,է բայց դե յուրե…Դե ֆակտո, իհարկե, մտահոգություններ կան, որ պաշտոնատար անձիք կարող են իրենց դիրքորոշումներով ազդել դատական համակարգի նկատմամբ: Ես ինքս, իհարկե, համամիտ չեմ, որ պետք են այդպիսի տեսակետներ հայտնել, բայց բոլոր դեպքերում դատարանը իր գործի մեջ, այսպես ասեմ, ինքն է երկրի նախագահը: Ինքը որևիցե մեկի կարծիքը չպետք է հաշվի առնի, մանավանդ, մի մոռացեք, որ հասարակությունն է էլ կարծիք հայտնում, և հասարակական ճնշումն էլ չի կարելի մոռացության մատնել, և դա ամենամեծ ճնշումն է, քան որևէ պաշտոնատար անձի տեսակետը: Դուք այսօր գիտեք, որ մի քիչ աղմուկ հանած գործերով նույն հասարակության ներկայացուցիչները արդեն դիրքորոշումներ են հայտնում՝ սա սպանել է նրան, սա չի սպանել, և էս տեսակետից սա էլ է ճնշում դատարանի վրա: Դատարանը պետք է վեր գտնվի էս ամեն ինչից և դրանք ուղղակի հաշվի չառնի», -ասաց փաստաբանների պալատի նախագահը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930