Նախկինում ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված, Տավուշի Դովեղ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Վահագն Ամիրխանյանի ներկայացրած պատմությունը:
Այսօր հեռախոսազրույց ունեցանք Մարտակերտի շրջանի Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանի հետ: Նա հաստատեց, որ Վահագն Ամիրխանյանի փաստաթղթերը՝ սոցիալական քարտը, աշխատանքային գրքույկը, ծննդյան եւ վարորդական իրավունքի վկայականները Անդրանիկ Սեդրակյանն ուղարկել է Մարտակերտի դատախազին: Վ. Պետրոսյանը հայտնեց, որ Անդրանիկ Սեդրակյանը ազատամարտի ակտիվ մասնակից է, 1992թ. եղել է մահապարտների շարքում, ովքեր Վազգեն Սարգսյանի կոչով ռազմաճակատ են մեկնել: Գյուղապետից իմանալով Անդրանիկ Սեդրակյանի հեռախոսահամարը՝ զանգահարեցինք նրան: Նա ասաց, որ ինքը ուրիշին վճարելով 300 հազար դրամ՝ վերցրել է Վահագնի փաստաթղթերը, որ երկու տարվա ընթացքում Վահագնը երբեք դրանք իրենից չի պահանջել: Նա հայտնեց,որ Վահագնը իր ոչխարի հոտը պահել է 2012թ. ապրիլից մինչեւ 2014թ. սեպտեմբերի 28-ը կամ 29-ը: Ա. Սեդրակյանն ասաց, որ մինչեւ 2014թ. մայիսի 28-ը Վահագնը, ընդհանուր առմամբ 48 ոչխարի կորուստ է ունեցել(դրանք կորել, գայլի եւ շնագայլի բաժին են դարձել), մայիսի 28-ին Վահագնը փախել է իր մոտից, սակայն նրան բռնել-ետ են վերադարձրել, որովհետեւ կորած, անկված անասունների դիմաց պարտք ուներ: Սեդրակյանն ասաց, որ դրանից հետո Վահագնը ուլ եւ թեքա է կորցրել, հեռուստացույցը փչացրել է:
Ա. Սեդրակյանին հարցրինք՝ Վահագնին, բացի սննդի փողից, աշխատավարձ չի՞ վճարել: Նա ասաց, որ նա իրեն վնասներ է պատճառել,որ ինքը հիմա ոչխարի հոտի գործով «խառնված է» , հետո նրան «սուդի է տալու»: Սեդրակյանի վկայությամբ՝ ինքը 1992թ. օգոստոսին եղել է կամավոր մահապարտների շարքում, հետո ծառայել է Մարտակերտի եւ «Եղնիկների» ջոկատներում: Նրան հարցրինք Ռուսաստանում կեղծ օղի արտադրելու համար հետախուզվելու մասին: Նա ասաց, որ ինքը Ղարաբաղում երբեք ոստիկանությունից չի թաքնվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Փաստորեն ազատամարտիկները կարող են ստրուկներ պահել. “Վահագնը փախել է իր մոտից, սակայն նրան բռնել-ետ են վերադարձրել:”