«Բացի ԵՏՄ և այլ ինտեգրացիոն գործընթացներից նախարարությունը զբաղվելու է նաև այլ բարեփոխումներով` մի շարք ոլորտներում»,- այսօր խորհրդարանում հայտարարեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Վերջինս պատգամավորներին էր ներկայացնում «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է կառավարությունը համալրել նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությամբ, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման նախարարությանը, ինչի արդյունքում այս երկու նախարարությունների փոխարեն կձևավորվի մեկ՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին`արդյոք այս միավորումը չի՞ կարող բերել հաստիքների կրճատումների, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ այս պահին կարողացել են անել այնպես, որ չպահանջվի լրացուցիչ ֆինանսավորում այդ կառույցների համար, բայց կրճատումների մասով հիմա դժվար է հստակ բան ասել. «Եթե կառավարությունը կարողանա՝ կպահպանի ռեսուրսները»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը հարցրեց`արդյոք այդ նախարարությունների միավորումից կլինե՞ն կառուցվածքային կամ հաստիքների փոփոխություններ, ինչին պատասխանելով ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, ասելով, որ կառուցվածքային փոփոխություններ չեն նախատեսվում, բայց եթե նման խնդիր առաջանա, դրա մասին բոլորը կտեղեկացվեն:
Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր, Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց` արդյոք նոր նախարարությունը, որը զբաղվելու է միջազգային տնտեսական ինտեգրման հարցերով, ստանձնելո՞ւ է համակարգող նախարարության դեր: ՀՀ արդարադատության նախարարը նշեց, պատահական չէ, որ բարեփոխում անվանումը կա նոր նախարարության անվանման մեջ. «Այո դա այդպես է, այն բարեփոխումները, որոնք բխելու են այդ կարևոր ինտեգրացիոն գործընթացներից, լինելու են այս նախարարության քաղաքական պատասխանատվության դաշտում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև