ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ «Հայաստանի համայնքների միության» կողմից անցկացվեց «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության նպատակն ըստ կազմակերպիչների, համայնքների գործունեությունը դարձնել հրապարակային, ինչպես նաեւ` ձեւավորել առողջ մրցակցություն, որը կխթանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը:
Մրցանակաբաշխությունը մի քանի անվանակարգերով էր` «Լավագույն համայնք 2014», որտեղ լավագույն քաղաքային համայնքը դարձավ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը, իսկ գյուղականը` Շիրակի մարզի Ախուրյան համայնքը:
«Մաքուր համայնք 2014» ճանաչվեց Գավառ քաղաքը, իսկ այս տարվա լավագույն կանաչապատ համայնք Էջմիածին քաղաքը դարձավ, մշակութային քաղաքներից էլ առանձնացավ Արթիկը:
Կարդացեք նաև
Ըստ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի, լավագույն քաղաքային համայնքի արժանացավ, քանի որ Դիլիջան քաղաքում մեծ ծրագրեր են իրականացվում, որոնց մեծ մասը իրականացվում է համայնքի բյուջեով: «Այս տարիների ընթացքում համայնքում կառուցվել է թանգարանը, ամֆիթատրոնը, մանկապարտեզը, ասֆալտապատվել են բոլոր փողոցները, վերանորոգվել` 70 բազմաբնակարային շենք: Այսօր համայնքի բյուջեն կազմում է 800 մլն»,-ասաց Արմեն Սանթրոսյանը:
Մրցանակաբաշխությունը անցկացվում է համայնքների կողմից գրավոր ներկայացված հայտերի հիման վրա, իսկ հատուկ ձեւավորված մրցութային հանձնաժողովի կողմից էլ իրականացվել է համայնքների գնահատումը:
Մեկ անվանակարգ էլ ներկայացված էր՝ «Լավագույն համայնքային կայք 2014», որն էլ շնորհվեց Գյումրի քաղաքին:
Միջոցառմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ