Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը նստացույցի կմասնակցի՞

Նոյեմբեր 10,2014 17:02

«Հանրահավաքների անցկացումը բոլորն են հույժ կարեւոր համարում»,- այսօր եռյակի նիստի ավարտից հետո հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն ի պատասխան լրագրողների այն հարցերի, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն հրաժարվեց հանրահավաքային պայքարից: Բանախոսը հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն չի հրաժարվել հանրահավաքային պայքարից, պարզապես իրենք կարծում են, որ եթե հանրահավաք անես, պետք է լուրջ թիկունք ունենաս:

Հարցին` ո՞րն է կարեւոր` հանրահավաքը թե՞ շտաբների ձեւավորումը, բանախոսը նույն պատասխանը տվեց`ամուր թիկունքի մասին: Ի դեպ, նա չբացառեց, որ այս ընթացքում լոկալ հանրահավաքներ կլինեն, իսկ մեծ հանրահավաք կլինի այն ժամանակ, երբ «պատրաստ կլինենք, կզգանք, որ պահն է»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`հանրահավաքների դադարը կապ ունի՞ Սերժ Սարգսյանի ու Գագիկի Ծառուկյանի հանդիպման հետ, ինչի մասին մամուլում լուրեր եղան: «Իսկ հանդիպում եղե՞լ է»,- հարցին հարցով պատասխանեց Ստեփան Մարգարյանը: Լրագրողները նկատեցին, որ պաշտոնական հաղորդագրություն չի եղել, բայց չի էլ հերքվել: «Ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել, համենայնդեպս պաշտոնական հանդիպում չի եղել»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

Լրագրողներն ամեն դեպքում փորձեցին մանրամասն տեղեկություններ ստանալ`ո՞րն է հանրահավաքների դադարեցման պատճառը, քանզի իրազեկում էր ներկայացված՝ ամեն ուրբաթ հանրահավաք է լինելու: «Մենք դադար չենք վերցրել, զբաղված ենք կառուցվածքային հիմնախնդիրներով»,- նույն պնդումները շարունակեց Ստեփան Մարգարյանը:

Դիտարկմանը, որ ԲՀԿ քաղխորհրդի  որոշման մեջ ասված է, որ երկու շաբաթվա ընթացքում շտաբները պետք է պատրաստ լինեն, ի՞նչն է խանգարում, երկու շաբաթից հանրահավաքները լինեն, բանախոսն ասաց. «Երբ երկու շաբաթ հետո լինի տեխնիկական պատրաստվածությունը` կհայտարարենք, զգանք, որ պատրաստ ենք, կգնանք առաջ»:

Հարցին`իշխանությունների հետ քննարկման հարց չկա՞, մանավանդ որ իշխանական ճամբարից խոսվեց ինչ որ ժամանակային պայմանավորվածությունների մասին, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց.«Մենք գնում ենք առաջ, եթե իշխանությունները ասելիք ունեն, թող ասեն իրենց անելիքը: Իշխանությունը քայլեր չարեց, ռադիկալ քայլերի կգնանք»:

Հարցին`չի՞ բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը նստացույցի նստի, Ստեփան Մարգարյանը հակադարձեց. «Ոչինչ էլ չի բացառվում: Դուք մինչ այդ բացառում էիք, որ Ծառուկյանը գա հարթակ, բայց եղավ…»: ԲՀԿ-ում չե՞ն վախենում, որ հանրահավաքային այս դադարը կհիասթափեցնի հասարակությանը`հարցին էլ, բանախոսը պատասխանեց երաժշտական տերմինոլոգիայով. «Մենք չենք հայտարարել, որ հանրահավաք ենք անելու, իրազեկում ենք տվել, որ եթե հանրահավաք անենք`չխոչընդոտեն: Մենք պաուզա ենք վերցրել, մաժոր նոտայի պայմաններում ենք պաուզա վերցրել, շարժումը վերակազմավորելու եւ լայն թափով առաջ գնալու համար»: Նա խոստացավ, որ «ֆորտեն շատ շուտով կլինի»:

Ստեփան Մարգարյանը հստակեցրեց նաեւ. «ՀԱԿ-ի հետ լարվածություն չկա, մենք տարբեր մոտեցումներ մշտապես ունեցել ենք եւ հաղթահարել ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930