«Բավականին կառուցողական եւ արդյունավետ նիստ էր: Քննարկել ենք կազմակերպական հարցեր` ինչպիսի՞ն պետք է լինեն եւ ինչո՞վ պետք է զբաղվեն համաժողովրդական շարժման գրասենյակները: Խոսել ենք առաջիկա անելիքների մասին `այսինքն, միջոցառումների շարքի մասին»,- այսօր եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» հերթական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Այսօրվա նիստում քննարկված հարցերի վերաբերյալ որոշում կկայացվի վաղը չէ մյուս օրը: Վաղը բոլոր հարցերը կքննարկվեն կուսակցություններում:
Լրագրողներից մեկի ճշտող հարցին`վաղը չէ մյուս օրը կհայտարարե՞ք հանրահավաք լինելու է, թե ոչ, Ստեփան Մարգարյանն ասաց. «Որեւէ մեկը չի հայտարարի հանրահավաք լինելու է, թե ոչ, որովհետեւ հանրահավաք լինելու է: Շարժումը թեւակոխել է բավական լուրջ փուլ եւ լուրջ քննարկումների կարիք կա»: Նա հավելեց, որ միջոցառումների ձեւի եւ բովանդակության մասին, գրասենյակների կառուցվածքի մասին առաջարկներ կան, որոնք պետք է հավելյալ քննարկվեն:
Հիշեցնենք, երեկ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, մասնավորաբար, նկատելով, որ. «Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»։
Դրան այսօր հետեւեց ԲՀԿ-ի պատասխան հայտարարությունը: Լրագրողներից մեկի հարցին`եռյակը պառակտման շեմի՞ն է, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Ի հեճուկս շատ ցանկությունների, եռյակը չի պառակտվի: Ես նորմալ եմ համարում, որ ամեն մեկն ունի տեսակետներ այս կամ այն հարցի վերաբերյալ: Եռյակի կենսունակության համար կարեւոր է թե որքանո՞վ է եռյակը կարողանում հաղթահարել կարծիքների տարբերությունները: Այսօրվա քննարկումից են համոզված եմ, որ եռյակը շարունակելու է իր գործունեություն»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ