Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը քննարկել են ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցեր

Նոյեմբեր 10,2014 16:09

Այսօր կայացել է ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Aravot.am-ի հետ զրույցում խմբի ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը: ՀԱԿ-ը, հիշեցնենք, ի սկզբանե հրաժարվել էր այդ խմբի աշխատանքներին մասնակցելուց:

Ըստ Հովհաննես Մարգարյանի, ՀԱԿ-ականները պատճառաբանել են, որ իրենք շրջանառության մեջ են դրել ԸՕ-ի փոփոխությունների սեփական նախագիծը: ՀՅԴ-ն առաջիկայում կմասնակցի խմբի աշխատանքներին: ՀՅԴ-ում կարծում են, որ հարցը պետք է քննարկվի սահմանադրական բարեփոխումների համատեքստում:

Aravot.am-ի հարցին, քանի որ եւ ԲՀԿ-ն, եւ ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը» սկզբունքորեն դեմ են սահմանադրական բարեփոխումներին, ինչպե՞ս են ընկալել ՀՅԴ-ի առաջարկը, Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին կողմ են բոլոր կուսակցությունները եւ այդ խնդիրը, մեծ հաշվով, կարգավորվում է հենց ընտրական օրենսգրքով, ուստի, այս առումով, ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակելու հարցում որեւէ խնդիր չեն տեսնում: «Անգամ խորհրդարանի լիազորություններն ավելացնելու պարագայում ընտրությունները պետք է լինեն հարյուր տոկոսանոց համամասնական: Այսօր բոլորիս է պետք այնպիսի ընտրական համակարգ, որ իրականում կարողանանք նորմալ ընտրություններ կազմակերպել»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Իսկ այսօրվա նիստում հստակեցվել են մի շարք հիմնական սկզբունքները` հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ, ընտրացուցակների հրապարակում ընտրություններից հետո, քվեաթերթիկներ տարբեր ձեւի ծալելը կամ տարբեր գրիչներով քվեարկելը ինչը կարող է ինքնություն բացահայտող բան հանդիսանալ կամ «կարուսելի» հիմք դառնալ, վերացնել:

Կարեւորվել է նաեւ մեկ համայնքում գրանցված անձանց, ընտրությունների օրն այլ համայնքում գտնվելու ու այնտեղ քվեարկելու փաստերի հստակեցումը, քանզի դա կրկնակի քվեարկությունների առիթ է տալիս: «Կան տարբեր առաջարկներ, որոնք կօգնեն բացառել ընտրակեղծիքները եւ արդար ընտրություններ կազմակերպել»,- ասաց Հովհաննես Մարգարյանը: ՕԵԿ-ի կողմից առաջարկ կա, նաեւ`խստացնել կեղծարարների դեմ պատասխանատվությունը:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստին, որը տեղի կունենա երկու շաբաթից, ԲՀԿ խմբակցությունում, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կմասնակցեն նաեւ խմբակցությունների փորձագետները`ներկայացված առաջարկներին իրավական ամրագրումներ տալու համար: Այդ ընթացքում կներառվեն նաեւ արտախորհրդարանական ուժերից, հասարակական կազմակերպություններից ներկայացված առաջարկները, որոնք եւս կքննարկվեն:

Ի դեպ, ձեւավորված վերջնական փաթեթն ուղարկվելու է նաեւ Վենետիկի հանձնաժողովին եւ խնդրով զբաղվող այլ միջազգային կառույցներին`համապատասխան փորձագիտական եզրակացությունների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930