Մայրության նպաստի մասին նախագիծը, որը նախատեսում էր աշխատող հղիների դեկրետային գումարից բավականին պահումներ անել, մի որոշ ժամանակ, կարելի է ասել, լարված իրավիճակում պահեց հղիներին: Նախագծում վերջերս փոփոխություններ կատարվեցին, եւ աշխատող հղիների դեկրետային գումարը փոխհատուցվելու է աշխատավարձի 100%-ի չափով: Չնայած փոփոխությանը, արդյոք այս նախագծի շրջանառությունը կարո՞ղ էր հղիներին սթրեսի ենթարկել, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ սթրեսը կանանց վրա: Այսօր Aravot.am-ը «Հայացք» ակումբում այս հարցերն ուղղեց Շենգավիթ բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանին եւ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, կլինիկական հոգեբան Սոնա Հարությունյանին:
Ռուսուդան Վարդանյանի խոսքերով` «Իհարկե, ես համարում եմ, որ դա լուրջ սթրեսային վիճակ է եւ կարող է անդրադառնալ նրանց առողջական վիճակին: Աշխատող կինն արդեն ունի բավականին լարվածություն` ֆիզիկական եւ հոգեբանական,եւ եթե ավելացնում ենք այդ սթրեսային վիճակը, նա ավելի զգայուն է դառնում, ավելի շուտ է հոգնում: Անկախ այդ նախագծից, ընդհանրապես սթրեսը բերում է բարդությունների, վաղաժամ ծննդաբերության եւ այլն»:
Իսկ հոգեբան Սոնա Հարությունյանն էլ ասաց, որ սթրեսը կարող է հանգեցնել հոգեբանական անպտղության. «Կան որոշակի սթրեսներ, որ կոչվում է ձվարանների սթրեսային դիսֆունկցիա, երբ կինը երկար ժամանակ լարված սթրեսի մեջ է, այդ պարագայում վերարտադրողական համակարգի ֆունկցիայի խանգարում չունի, բայց չի հղիանում, այսինքն` սթրեսը կարող է ազդել չհղիանալուն»:
Aravot.am-ը բանախոսներից հետաքրքրվեց` արդյոք Հայաստանում կա՞ մշակույթ` հղիները դիմեն հոգեբանին, եւ ի՞նչ ազդեցություն են թողնում կանանց վրա սելեկտիվ աբորտներն ու այս դեպքում դիմո՞ւմ են հոգեբանի աջակցությանը:
Կարդացեք նաև
Պատասխանները` տեսանյութում
Մասնագետները նաեւ անդրադարձան տղամարդկանց ներկայությանը ծննդաբերության ընթացքին: Կան հետազոտություններ, ըստ տիկին Վարդանյանի, երբ պարզվել է, որ տղամարդկանց լիբիդոյի վրա բացասական է ազդել, կան դեպքեր, երբ տղամարդը սկսել է ավելի շատ սիրել կնոջը, երբ տեսել է, թե ինչ «ցավեր է քաշում» կինը երեխա ունենալիս: Մասնագետները նշեցին, որ այն տղամարդիկ, որոնք ցանկանում են ներկա գտնվել ծննդաբերությանը, ապա նախքան այդ, պետք է հոգեբանին այցելեն եւ համապատասխան խորհրդատվություն ստանան:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ