Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ակտիվացնել փողոցների հիմնանորոգման ծրագրով ընթացող աշխատանքները

Նոյեմբեր 10,2014 16:01

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև համապատասխան պետական ու մասնավոր կառույցներին, հասարակական և երիտասարդական կազմակերպություններին՝ նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական ու երրորդական փողոցների, բակային տարածքների ասֆալտապատման, ճաքալցման, փոսալցման և փոսանորոգման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ փողոցների հիմնանորոգման ծրագրով նախատեսված 25 փողոցներից 21-ում աշխատանքներն ավարտված են: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու սահմանված ժամկետում ավարտել դրանք՝ խստորեն հետևելով որակի պահպանմանը:
«Հրավիրեք շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին և խստորեն պահանջեք ակտիվացնել աշխատանքները, քանի որ եղանակային պայմանների վատթարացման պարագայում դադարեցնելու ենք բոլոր աշխատանքները՝ որակի հաշվին ասֆալտապատումը բացառելու նկատառումով: Մրցույթի պահանջներին համապատասխան, սահմանված ժամանակացույցով հաղթող ճանաչված կազմակերպությունները պետք է ժամանակին ավարտեն աշխատանքներն ու փողոցները շահագործման հանձնեն:

Պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն: Ինչ վերաբերում է ընթացիկ նորոգման աշխատանքներին, ապա պարբերաբար ներկայացվում են նոր հասցեներ, որտեղ ևս փոսալցման անհրաժեշտություն կա: Այս դեպքում ևս եղեք հետևողական, որպեսզի նախատեսված բոլոր աշխատանքները պատշաճ կատարվեն: Մենք պետք է հասնենք նրան, որ մայրաքաղաքում այլևս փոսեր չլինեն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ ամենշաբաթյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 5 դեպքի մասով: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված ապօրինություններից 4-ի մասով կատարվել են քանդման աշխատանքներ:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 4 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել փողոցների մայթերի, բակային տարածքների ու կամարանցումների այն հատվածները, որտեղ հնարավոր է ապօրինի առևտրի կազմակերպում և ձեռնարկել համապատասխան քայլեր:

Անդրադառնալով թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ համապատասխան հանձնաժողովի նոր կազմում ներգրավելու և ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգով մրցույթի հանձնաժողով ձևավորելու համար Երևանի ավագանու 3 խմբակցություններն արդեն ներկայացրել են մեկական թեկնածուներ: Զեկուցվել է, որ աշխատանքներին ներգրավելու առաջարկ է ուղարկվել շահագրգիռ բոլոր կազմակերպություններին, սակայն արձագանքել են «Փրկենք կենդանիներին» բարեգործական ՀԿ-ն, «Դինգո» ՀԿ-ն և Հայաստանի կինոլոգիական, կինոլոգիական-սպորտային միությունը: Նշված կազմակերպություններից մասնակցության պատրաստակամություն է հայտնել միայն «Դինգո» կազմակերպությունը, իսկ վերոնշյալ մյուս կազմակերպությունները հրաժարվել են մասնակցել գործընթացին:
«Հարցով մտահոգ բոլոր հասարակական կազմակերպություններին մենք առաջարկել էինք մասնակցել գործընթացին և իրենց մասնագիտական խորհուրդներով աջակցել քաղաքային իշխանությանը: Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի առաջարկին արձագանքել և համագործակցության պատրաստակամություն է հայտնել ընդամենը մեկ կազմակերպություն: Ուստի մեկ անգամ ևս իրազեկեք հանրությանը մեր կողմից իրականացվող աշխատանքների ու համապատասխան կազմակերպությունների հանձնաժողովի աշխատանքներին ներգրավելու առաջարկից հրաժարվելու մասին»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է համապատասխանաբար 162 և 59 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ լուծում է ստացել 183 հարց, մյուսներն ընթացքի մեջ են:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930