«Տարին առնվազն մեկ անգամ հարցումներ ենք անցկացնում՝ վեր հանելու համար երիտասարդների խնդիրները»,- այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նոյյան տապան» մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Նա նշեց, որ վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է՝ երիտասարդին հուզող առաջին խնդիրը զբաղվածությունն եւ գործազրկությունն է. «Երկրորդ կարեւոր խնդիրը, որ երիտասարդները բարձրացնում են՝ տեղեկատվության պակասն է, մասնավորապես՝ մասնագիտական ընտրությունը: Շատ երիտասարդների ծնողներ, մասնավորապես՝ մարզերում, գծագրում են ուղին, եւ իրենք այդ ուղիով գնում են՝ ավարտում են դպրոցը, հետո ընդունվում են բուհ, ավարտում են այն եւ դրանից հետո սպասում են, որ ինչ-որ մեկն իրենց ինչ-որ բան առաջարկի: Այստեղ օգնության է գալիս երիտասարդական կազմակերպությունը»:
Ատոմ Մխիթարյանի խոսքերով՝ Վրաստանը եւ Ադրբեջանը ավելի լուրջ են զբաղվում երիտասարդության խնդիրներով, քան Հայաստանը: Վրաստանի պետբյուջեից հատկացվող գումարը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանին: Նա հավելեց, որ Ադրբեջանում, շատ ավելի մեծ միջոցներ են հատկացվում երիտասարդներին, եւ տարեկան հազար երիտասարդի եւ հինգ հազար դպրոցականի ուղարկում է արտերկիր ուսանելու:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև