Անցած շաբաթ, 2 օրով Նոյեմբերյան էին եկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Դավիթ Ավետյանը եւ նույն բաժնի աշխատակից Գնել Առաքելյանը:
Նրանք ոստիկանության բաժնում հանդիպեցին Դովեղ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Վահագն Ամիրխանյանին: Վերջինս ցուցմունք է տվել Լեռնային Ղարաբաղում իրեն թրաֆիքինգի ենթարկելու մասին:
Տողերիս հեղինակը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում բացատրագիր գրեց այն մասին, որ Վահագն Ամիրխանյանը իր հետ կատարվածը ներկայացնելու համար դիմել է մեզ, նրա պատմածները ներկայացրել ենք Aravot.am կայքում:
Վահագն Ամիրխանյանը մեզ ասաց, որ գոհ է իր հանդեպ Դավիթ Ավետյանի, Գնել Առաքելյանի, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանի բարի վերաբերմունքից:
Կարդացեք նաև
Այսօր Վ. Ամիրխանյանը հայտնեց, որ Մարտակերտի շրջանի Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը իրեն զանգահարելով ասել է, որ իր փաստաթղթերն արդեն գտնվում են Մարտակերտի դատախազությունում: Վահագնն ասաց, որ ինքը չի վստահում Մարտակերտի իրավապահներին, քանի որ նախկինում դիմել է Մարտակերտի ոստիկանապետին եւ այդ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սակայն նրանք չեն զբաղվել իր բողոքով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ