Արդեն տեղեկացրել ենք, որ Թբիլիսիում ընթանում է ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցով ներկայացուցչի կազմակերպած Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 11-րդ համաժողովը :
Համաժողովի ընթացքում հատկապես Ադրբեջանի վերաբերյալ քննարկումներ եղան: Ադրբեջանի «Թուրան» գործակալության ղեկավարն ու երկրի նախագահի ներկայացուցիչը հակառակ տեսակետներ ներկայացրին:
Նրանցից հետո կարճ մեկնաբանություն արեց ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Նա ասաց. «Ինձ համար հետաքրքիր էր լսել այս ամենը: Դուք գիտեք, որ ես շատ լավ տեղյակ եմ խոսքի ազատության իրավիճակից Ադրբեջանում, ես այնտեղ եմ եղել բազմաթիվ անգամներ, ինձ հնարավորություն է տրվել մուտք ունենալ Ադրբեջանի բանտեր, ես այցելել եմ բանտերում գտնվող լրագրողներին եւ բլոգերներին, ես նույնպես լսել եմ պատմություններ այն մասին, որ այս մարդկանցից մի քանիսը «նարկոդիլլերներ» են, «խուլիգաններ» եւ այլն:
Իհարկե, ես լիովին աջակցում եմ այն օրենքներին, որոնք ապահովում են մամուլի ազատությունը: Նաեւ ես կառուցողական եւ շատ լավ զրույցներ եմ ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ, պարոն Ալի Հասանովի հետ, եւ նախագահ Ալիեւի հետ էլ եմ հանդիպել մի քանի անգամ: Իմ այցելություններից հետո շատ մարդիկ համաներվել են, շատ մարդիկ բաց են թողնվել բանտերից, եւ ես դա գնահատում եմ:
Կարդացեք նաև
Բայց ես ուզում եմ խոսել կարգազանցների մասին: Խնդիրն այն է, որ «կարգազանցները» նրանք են, ովքեր քննադատում են իշխանությանը: Սա է այն խնդիրը, որն ունի Ադրբեջանը հիմա եւ այս մի քանի տարիներին: Ադրբեջանը ուժեղ, հզոր, հարուստ երկիր է, բայց քանի դեռ կան բանտերում մարդիկ, ովքեր այնտեղ են հայտնվել իրենց գրած կամ ասած բառերի համար, դա խնդիր է, եւ դա չի փոխվի՝ մինչեւ դուք չփոխեք դա: Իհարկե, բոլոր մարդիկ, ովքեր խախտում են օրենքը, ատելության քարոզ կամ բռնության կոչեր են անում, պետք է պատասխանատվություն կրեն, բայց մարդկանց դեմ գործեր թխելով՝ չի լինի: Դա միայն ԵԱՀԿ դիրքորոշումը չի, մենք միակը չենք, որ խոսում ենք այս մասին՝ ԵԽ-ն էլ է խոսել այդ մասին: Մարդկանց՝ իրենց խոսքերի եւ գրվածների համար բանտարկելը՝ չի լուծի ձեր երկրում եղած որեւէ հարց:
Մենք կարող ենք խոսել օրենքների մասին, կարող ենք խոսել զրպարտության ապաքրեականացման մասին, հանրային հեռարձակման թվայնացման, աշխատանքային խմբերի մասին, որոնք ստեղծվել են, մամուլի խորհրդի մասին, որտեղ ես միշտ հրավիրվել եմ, եւ որտեղ եղել եմ մի քանի անգամ, թրեյնինգների մասին, ես կշարունակեմ հանդիպումներս եւ աշխատանքներս կառավարության հետ, բայց դուք պետք է այդ մարդկանց հարցը լուծեք հիմա: Մարդիկ, ովքեր այստեղ են եղել ամեն տարի, եւ հենց այս պահին, երբ ես խոսում եմ, նրանք կամ տնային կալանքի տակ են, կամ արգելված է երկրից դուրս գալը, կամ բանտերում են: Որտե՞ղ է Արզուն, որտե՞ղ է Խադիջան, որտե՞ղ է Մեհմանը, որտե՞ղ է Ալին: Նրանք քրեական հանցագործնե՞ր են՝ ես այդպես չեմ կարծում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լուսանկարը՝ https://www.osce.org/-ից