Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրականության կոչերը ՀՀ-ում պետականորեն խրախուսվո՞ւմ են

Նոյեմբեր 10,2014 15:15

«Ցավոք, մեր օրենսդրությունը պաշտպանության բավարար հնարավորություն չի ընձեռում, որ հասարակության մեջ ատելության խոսքը տարածում չգտնի»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «ՀՀ–ում ատելության ու խտրականության հնարավոր խրախուսումը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 16 քաղաքացիներ միասնական դատական հայց էին ներկայացրել «Իրավունք» թերթի դեմ` իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար: Պատճառը 2014-ի մայիսի 17-ին «Իրավունք»-ի հրապարակած «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը» հոդվածն է,  որտեղ թերթը ներկայացնում է 60 անձանցից բաղկացած «սեւ ցուցակ»` նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով, եւ կոչ է անում «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել նրանց նկատմամբ, դադարեցնել շփումը, չընդունել աշխատանքի եւ հեռացնել պետական ծառայությունից:

Ինչպես քննարկման մասնակիցները տեղեկացրին, դատարանը մերժել է հայցը: Այս առիթով Աղավնի Հարությունյանն ասաց. «Դատարանը կարծես թե հաստատել է, որ վիրավորանքը բացակայում է, մարդու ազատ արտահայտման իրավունքն է իրագործվել, ոչ թե դրսևորել է խախտում այլոց իրավունքների նկատմամբ: Դատարանը լուրջ ջանք է գործադրել՝ արդարացնելու նման արտահայտությունը խոսքի ազատության պաշտպանության ներքո»:

Տեղեկացնենք նաև, որ քննարկմանը հրավիրվել էր նաև «Իրավունքի» ներկայացուցիչը, սակայն հրավերը մերժվել է:

«Նոր սերունդ» ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանն այս առիթով նկատեց. «Այդ կոչերը 20-25 տարի շարունակ եղել են, խտրականության դեպքերին բոլորս էլ առնչվում ենք: Բայց ցավոք, դատարանը դա ամրագրեց և իր վճռով ցանկացավ ապացուցել, որ դա նորմալ երևույթ է ՀՀ-ում և մարդկանց կոչ արեց, թե կարող են նման կոչերով հանդես գալ»:

Պարոն Գաբրիելյանը հայտարարեց, թե չնայած ՀՀ-ում չկա հակախտրականության մասին օրենք, սակայն դա ոչ պետական, ոչ հասարակական կառույցներին և ոչ էլ անհատներին իրավունք չի վերապահում հանդես գալ նման կոչերով, քանի որ ՀՀ-ն ստորագրել է միջազգային համաձայնագրեր, որոնք բարձր են ՀՀ Սահմանադրությունից և օրենսդրությունից:

Փորձագետների կարծիքով` ՀՀ-ում պետական մարմինները, փաստորեն, խրախուսում են ատելության կոչերը: «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ նախագահ Մամիկոն Հովսեփյանը նշեց, թե «Համատարած ատելության կոչերի շրջանակներում մենք ունենք անվտանգության խնդիր» ու հավելեց. «Դատարանը նշում է, որ վճռի կայացման պատճառ է դարձել հանրային գերակա շահի առկայությունը: Ակնհայտ է, որ դատարանի վճռում ինչ-որ արտատպումներ են արված տարբեր հոդվածներից, պատշաճ պատճառաբանություն չի արվել, թե ինչու է գործը մերժվել: Այնինչ տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերից հետո հասարակությունը թևավորվում է, որ իրենք անպատժելի են»:

Նշենք, որ նոյեմբերի 24-ին այս հարցով ևս մեկ դատական գործ կլսվի:

Փորձագետները հատկապես կարևորում են խնդրի օրենսդրական կարգավորումը:

Հիշեցնենք, որ խնդրով զբաղվող փորձագետները նոյեմբերի 5-ին ՀՀ-ում ատելության կոչերի և խտրականության պետական մակարդակով խրախուսման վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930