«Եվրանեսթ»-ում որևէ հարց չի առնչվել Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությանը: Դա մեր ներքին քննարկման հարցն է և որևէ հանձնաժողովում նման հարց չի բարձրացվել»,- այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ»-ի պատվիրակության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
«Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանն էլ ավելացրեց, որ ադրբեջանցիները փորձել են հարց բարձրացնել` թե ինչպե՞ս է Հայաստանը շարունակելու իր աշխատանքները այդ կառույցում, երբ անդամակցում է ԵՏՄ-ին, բայց հենց եվրոպացի պատգամավորներն են կասեցրել հարցը: Նրանք նշել են, որ Հայաստանի ինտեգրացիոն խնդիրները խոչընդոտ չեն կարող լինել «Եվրանեսթում» հայկական պատվիրակության աշխատանքի համար:
Հայկական պատվիրակության մեկ այլ անդամ Թևան Պողոսյանն էլ հավելեց. «Եվրամիության հետ մենք համագործակցության նոր ֆորմատ պետք է ման գանք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ