ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով նոյեմբերի 8-ին գտնվում էր Վրաստանում: Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ, քննարկումներ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նախարարը հանդիպել է Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին: Հանդիպման առաջին մասում քննարկվել են երկու երկրների իրավական համակարգերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են պրոբացիայի ինստիտուտի կիրառման վրացական փորձին:
ՀՀ արդարադատության նախարարը, կարևորելով հանդիպումը, նշել է, որ ծանոթ է պրոբացիոն համակարգում վրացական կողմի իրականացրած աշխատանքների արդյունավետությանը՝ ասելով, որ այդ ուղղությամբ ակնկալում է մանրամասն քննարկում, քանի որ Հայաստանը նոր է պատրաստվում ներդնել պրոբացիոն ծառայության ինստիտուտը: Նախարարները փաստել են, որ երկու երկրներն էլ, թեև բարեփոխումների դինամիկ ընթացքին, դեռևս երկար ճանապարհ ունեն անցնելու արդյունավետ համակարգերի կառուցման ուղղությամբ և կան խնդիրներ, որոնք արմատական լուծում են պահանջում: Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարարը, ներկայացնելով պրոբացիայի համակարգում իրականացվելիք աշխատանքները, նշել է, որ 2014 թվականի սեպտեմբերին պատրաստվել է համակարգի բարեփոխումների փաթեթ, որի ներդրմամբ պրոբացիոն ծառայության արդյունավետությունը էականորեն կբարձրանա: Գեորգի Մգեբրիշվիլին շեշտել է, որ իրենց աշխատանքի առաջնահերթությունը քրեական պատիժների իրականացման գործընթացում մարդու իրավունքների ապահովումն է, որն էլ հենց այս բարեփոխումների անկյունաքարն է:
ՀՀ արդարադատության նախարարը հետաքրքրություն է հայտնել պրոբացիոն համակարգի վրացական տարբերակի հանդեպ՝ նշելով, որ չնայած վրացական համակարգի հիմքում եվրոպական լավագույն փորձն է, այնուամենայնիվ վստահ է, որ գործընկերներին հաջողվել է տեղայնացնել այն: Հովհաննես Մանուկյանը կարևորել է բաց քննարկման ձևաչափը, ինչը թույլ կտա յուրաքանչյուրին ազատ ներկայացնել իր երկրի փորձը՝ վեր հանելով սխալները և բացառելով դրանց հետագա կրկնությունը: Նա նշել է նաև, որ պրոբացիոն համակարգի ներդրման հիմնական նպատակը մեկն է՝ մարդկանց հնարավորություն ընձեռել արդյունավետ վերինտեգրվել հասարակություն: Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներն իրենց գործընկերների հետ առավել մանրամասն անդրադարձել են Հայաստանում պրոբացիոն հայեցակարգի նախագծին, քննարկել են Վրաստանի պատժի կատարման համակարգի բարեփոխումները: Քննարկման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը գործընկերոջը հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է նաև Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիին: Գլխավոր դատախազին փոխանցելով հայաստանյան գործընկերոջ ողջույնը՝ ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է հանցագործության դեմ պայքարի գործում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը: Վրաստանի գլխավոր դատախազը նախարարի ուշադրությունն է հրավիրել երկու երկրների միջև ձևավորված աշխատանքային առողջ և արդյունավետ համագործակցությանը՝ շեշտելով, որ բարեկամ երկրների միջև հանցավորության դեմ համատեղ պայքարի հարցում չկան չլուծված խնդիրներ, սակայն իրավական ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման համար միշտ էլ անհրաժեշտ են պատշաճ ջանքեր գործադրել:
ՀՀ արդարադատության նախարարը ընդգծել է, որ երկու երկրներում էլ իրավական տեղեկատվության փոխանակման հարցում դեռևս անելիքներ կան և համագործակցությունն այս ուղղություններով անհրաժեշտ է խորացնել:
Կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում ընթացող դատաիրավական բարեփոխումներից: ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հատվածին: Այս համատեքստում փոխանակվել են մասնագիտական կարծիքներ: Կողմերն անդրադարձել են նաև քրեական պատիժների կատարման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության խնդիրներին:Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը ևս մեկ անգամ կարևորել է համագործակցությունն ու փորձի փոխանակման արդյունավետությունը:
Հովհաննես Մանուկյանի հաջորդ հանդիպումը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ էր: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տեղական իշխանությունների հետ Վրաստանի հայ համայնքի համագործակցության խնդիրներին:
Հովհաննես Մանուկյանը Թբիլիսիի քաղաքապետին է փոխանցել Երևանի քաղաքապետի ողջույնները և հրավերը աշխատանքային այցով այցելել Երևան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ