Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր հովանավորությամբ նախաձեռնել է «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական՝ թվով չորրորդ մրցույթը:
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում մրցույթի մանրամասները ներկայացրին Քրիստոնեադաստիարակչական կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը և ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Ներկայումս ավարտվել է հայտագրման գործընթացը, որին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 800 դպրոցներ: Սակայն, ինչպես նշեցին միջոցառման կազմակերպիչները, հայտ չներկայացրած դպրոցները եթե ցանկանան միանալ, դեռևս ուշ չէ: Մրցույթն անցկացվելու է չորս փուլով՝ տարածաշրջանային, ընտրական, մարզային և հանրապետական: Միջոցառմանը մասնակցած բոլոր դպրոցները, անկախ մրցանակային տեղ զբաղեցնելուց, կստանան նվերներ՝ վկայագրեր և գրականություն:
Տեր Վարդանը նշեց. «Հայտագրված դպրոցներից ամենաբարձր ցուցանիշն ունեն Շիրակի մարզի և Երևանի դպրոցները: Նոյեմբերի 3-ից 14-ը մրցույթի տարածաշրջանային փուլն է, 19-21-ը՝ ընտրականը, 26-28-ը՝ մարզայինը, դեկտեմբերի 3-ից 5-ը կկայանա արդեն հանրապետական փուլը: Իսկ մինչև դեկտեմբերի տասը կլինի մրցանակաբաշխությունը, որտեղ կհայտարարվեն անվանակարգերում հաղթած դպրոցները:
Մրցույթի համար ընտրվել են հենց առակները, որովհետև Հիսուսն էլ ժողովրդի հետ առակներով է խոսել: Շատ հաճախ, հատկապես պատանիների, երեխաների միջավայրում պատումներում ներկայացվող Աստծո խոսքը հոգևոր միջավայրի ստեղծումն ավելի դյուրընկալելի է դարձնում: Հենց դրա համար էլ ընտրվել են ամենահայտնի առակները, քանի որ նրանք կարող են շատ կարևոր՝ հոգևոր, հանդուրժողականության, միմյանց ճիշտ հասկանալու ու ճիշտ շփման միջավայր ստեղծել դպրոցում»:
Կարդացեք նաև
Նարինե Հովհաննիսյանը հավելեց, որ դպրոցներում շրջայցի ժամանակ նկատելի է եղել երեխաների ոգևորությունը. «Այս միջոցառումը կարևորվում է և՛ ուսուցիչների խրախուսման, գնահատման աշխատանքում, և՛ մեր եկեղեցու պատմության վարկանիշը բարձրացնելու, այն ավելի հասկանալի դարձնելու առումով: Մենք սիրով ընդունեցինք այս մրցույթի անցկացումը: Դպրոցներն իրոք մեծ ուրախությամբ են աշխատում. անցած շաբաթ եղանք Կոտայքի մարզի մի քանի դպրոցներում ու տեսանք՝ ինչպես են ավագ դպրոցներից մեկում որոշել «Անառակ որդու վերադարձը» առակը բեմադրել: Բացի մրցույթից, կարծես անցկացվել է նախապատրաստական աշխատանք, ինչը նպաստավոր միջավայր է ստեղծել երեխաների քրիստոնեական դաստիարակության գործում»:
Սյունե Սևադա