Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի լրագրողն ու պետծառայողը՝ այդ երկրում խոսքի ազատության վերաբերյալ

Նոյեմբեր 10,2014 14:10

Ադրբեջանի «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը (լուսանկարում՝ ձախից) Թբիլիսիում ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցչի կազմակերպած Հարավկովկասյան ԶԼՄ-ների 11-րդ համաժողովում իր ելույթի ժամանակ նկատեց, որ վերջին տաս տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես քննադատության է արժանանում մամուլի ազատությանը վերաբերող հարցերում: Նա ասաց, որ ադրբեջանական հասարակությունը բալանսավորված, ճշգրիտ տեղեկություն ստանալու խնդիր ունի, խոսքի եւ մամուլի ազատության հարցը բարդ է իր երկրում, եւ այդ առումով լուծումներ գտնելու հրատապ կարիք կա: «Այլ երկրներում էլ այդ խնդիրը կա, բայց մեր երկրում շատ լուրջ խնդիր է, որ ԶԼՄ-ները գործնականում չեն կարողանում կատարել իրենց առջեւ դրված կարեւորագույն խնդիրը՝ մարդկանց տալ ճշգրիտ տեղեկություն եւ ադեկվատորեն լուսաբանել ցանկացած հարց: Մեզ մոտ դեֆորմացվել է ճշմարտությանը ծառայելու լրագրողական գլխավոր սկզբունքը»: Նա այս խնդիրները կապեց առաջին հերթին նրա հետ, որ ԶԼՄ-ները տնտեսապես անկախ չեն, ինչն էլ բերում է ստեղծագործական կախվածության:

Պարոն Ալիեւը նշեց, որ այսօր Ադրբեջանում անազատության մեջ են 11 լրագրող եւ 6 բլոգեր. «Հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին եւս երկուսը կալանավորվեցին: Սա շատ վատ տենդենց է: Հենց այսօր ես իմացա, որ օդանավակայանում բռնել են հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովին: Իմ տեղեկություններով՝ նա գալիս էր մասնակցելու այս համաժողովին»:

Անձամբ իր նկատմամբ իրականացվող ճնշումներին պարոն Ալիեւը նույնպես անդրադարձավ. «Իմ ղեկավարած գործակալությունը՝ «Թուրանը», տարածաշրջանի ամենահին եւ ամենամեծ գործակալություններից է, սակայն վերջին յոթ տարում մեզ չեն թույլ տալիս ներկա գտնվել միջոցառումներին, չեն տալիս պահանջվող տեղեկատվություն: Անձամբ ես ամեն անգամ օդանավակայանում ե՛ւ մեկնելիս, ե՛ւ վերադառնալիս մանրամասն ստուգվում եմ, դեկլարացիա եմ լրացնում, թե ինչքան գումարով եմ դուրս գալիս, ինչքանով ներս մտնում, անցած անգամ նույնիսկ ֆլեշիս մեջի ողջ ինֆորմացիան պատճենեցին, ես ասացի, որ կարող են անգամ համակարգչիս եւ հեռախոսիս մեջ եղած տեղեկությունները պատճենել՝ ես բաց մարդ եմ, խնդիր չունեմ: Ինձ ստուգում են «5» կոչվող ինչ-որ կոդով, ես երեւի այդ խմբում եմ գտնվում»:

Պարոն Ալիեւից հետո ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական դեպարտամենտի խորհրդական Կամրան Հասանովը (լուսանկարում՝ աջից), ով ասաց, որ ցավոք Ադրբեջանի մամուլի եւ խոսքի ազատության մասին դրսում դատում են՝ հիմնվելով ընդդիմության տված տեղեկության վրա, որը անաչառ չէ եւ սուբյեկտիվ է: Նա, անդրադառնալով ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի խոսքերին՝ Ադրբեջանի մասին , զարմանք հայտնեց, ասելով, որ Ադրբեջանի իշխանությունները չեն խոչընդոտում իրենց քաղաքացիների մասնակցությանը կոնֆերանսներին, ինչ վերաբերում է կոնկրետ Մեհման Հասանովին, որին այսօր օդանավակայանում բռնել են իրավապահները, պարոն Հասանովը ասաց, որ նրա վրա երկրից դուրս գալու արգելք է դրված, քանի որ իր հանդեպ քրգործ կա. «Նա ինքը շատ լավ տեղյակ է դրա մասին, եւ մինչեւ հիմա, երբ կարիք էր ունենում երկրից դուրս գալ՝ կոնֆերանսի մասնակցելու համար, դիմում էր իրավապահներին, թույլտվություն էր ստանում, բայց այս անգամ փոխեց իր տակտիկան եւ նրան բռնեցին: Ի դեպ, նա ինքը ասել է, որ հատուկ է արել, որպեսզի ստուգի սահմանապահների զգոնությունը: Ես չեմ կարծում, որ այս կոնֆերանսին մասնակցելը մահացու վտանգ է, որի համար պետք է մարդկանց բռնել»:

Պարոն Հասանովը անդրադարձավ նաեւ ազատազրկված լրագրողների հարցին. «Ես արդեն որերորդ անգամ ասում եմ, որ Ադրբեջանում չկա որեւէ լրագրող, որը բանտարկվել է իր լրագրողական գործունեության համար:Նրանք բոլորը քրեական գործերով են անցնում: Եթե լրագրող է, չի նշանակում, որ արտոնություններ ունի քրեական օրենսգրքի հանդեպ: Ես խնդրում եմ չընդհանրացնել եւ որպես պետական քաղաքականություն չներկայացնել»:
Նա նաեւ ասաց, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները վերացրել են գրաքննությունը, վերացրել են մամուլի հարցերով զբաղվող գերատեսչությունը եւ հիմա մամուլը ինքնակարգավորվում է: «Մեր ընդդիմադիր թերթերը եւ կայքերը բացեք՝ ինչ ծանր մեղադրանքներ եւ վիրավորանքներ ղեկավարության հասցեին ասես՝ գրում են, ես չեմ հասկանում, թե է՛լ ինչ պիտի գրի մամուլը, որ պարզ լինի, որ Ադրբեջանում խոսքի ազատություն կա»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930