Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեսուն տարի հետո Հայաստանում ծերերի թիվը կկրկնապատկվի

Նոյեմբեր 10,2014 13:58

«Երիտասարդ անձը պետք է ունենա ավյուն, եռանդ, նպատակասլացություն, որպեսզի ցանկացած պարագայում կարողանա իրեն դրսեւորել։ Խնդիրը նրանում է, որ արդյո՞ք երիտասարդները կարողանում են այս հատկանիշները պահել իրենց մեջ, թե ոչ։ Այսօրվա հայ երիտասարդությունը բավականին բազմակողմանի կրթված է, նրանք անընդհատ ձգտում են նորին, լավին, զարգանալուն», – այսօր երիտասարդների օրվան նվիրված ասուլիսի ժամանակ «Զարկերակ» մամուլի ակումբում նշեց հոգեբան Աննա Բադալյանը։

Հոգեբանի խոսքով՝ երիտասարդների վարքագիծը Հայաստանում բազմազան է. «Նրանք կարող են նպատակասլաց եւ ակտիվ վարքագծով ապրել, լինել արարող, ձգտել սովորել նոր լեզուներ, գրականություն կարդալ, իսկ ոմանք էլ կարող են լինել պասիվ ոչ միայն հասարակության համար, այլեւ հենց իրենք իրենց համար»։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ, թեմայի շուրջ անդրադառնալով ներկայիս երիտասարդության հիմնախնդիրներին, նշեց, որ որքան շատանում են սոցիալական խնդիրները, որքան բարձրանում է գիտատեխնիկական նվաճումների դերը հասարակության մեջ, այնքան ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ լինում այս գիտելիքները սերտելու եւ հասարակության լիարժեք անդամ դառնալու համար. «Այս առնչությամբ երիտասարդության խնդիրը կապված է բնակչության ծերության հետ»։

Պրն Ադիբեկյանի խոսքով՝ հիմա Հայաստանում ծերերի թիվը հասնում է 17 տոկոսի. «Ոչ թե նրանք շատացել են, այլ կրճատվում է երիտասարդների թիվը։ Երեսուն տարի հետո ծերերի թիվը կկրկնապատկվի։ Դա նշանակում է, որ ներկայիս երիտասարդությունը, որը հիմա մտնում է ակտիվ տնտեսական գործունեության մեջ, նրանց վրա ավելի ծանր բեռ կընկնի»։ Պրն Ադիբեկյանը նաեւ որպես խնդիր նշեց այն, որ ծնելիության կրճատմամբ պայմանավորված, տղաների թիվը ավելի է շատանում. «Եթե ծնելիության այս տենդենցը պահպանվի, ապա նաեւ հայ տղամարդկանց արտագաղթը ավելի կշատանա, իսկ տեղի երիտասարդ հարսնացուներն էլ կմնան առանց փեսացու»։

Սոցիոլոգը նաեւ նշեց, որ երիտասարդները պետք է ունենան մասնագիտական եւ ավելի խորացված կրթություն, որը հնարավորություն կտա տեղում պատրաստել լավ մասնագետների։ Պրն Ադիբեկյանի խոսքով՝ այս կերպ նաեւ հնարավոր կլինի լուծել երկրում երիտասարդների գործազրկության հետ կապված խնդիրները։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930