Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ազգի արյամբ իշխանություն եկած ղարաբաղցիները անտեսում են Ղարաբաղցիների հարցը». Հացպանյան

Նոյեմբեր 10,2014 13:56

Նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը զարմանում է, որ կոմպակտ հայերով բնակեցված տարածքների վերաբնակեցման խնդիրը պարբերաբար բարձրացվում է Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանն այդ մասին լռում է:

«Չենք ներկայացնում, որ Շահումյանը միայն հայերով բնակեցված տարածք է, այդպիսի տարածքներ Ադրբեջանում մեկը չէին, երկուսը չէին: Որ Բաքվի հայությունը մշակութային շերտի ներկայացուցչություն է, որը չի կարող անտեսել… Չենք կարող շարունակականություն տալ պարտվողական գործընթացին ու որեւէ կերպ չբարձրացնել այն խնդիրները, որոնց անտեսումը հանգեցրել է հարյուր հազարավոր հայերի ճակատագրի խոփի վրայով անցնելը: Թող ոչ մեկը չպատկերացնի, որ եթե Բաքվի, Շահումյանի հայությունը ճկուն է եղել ու կարողացել է իր տեղը գտնել աշխարհում, ապա նրանք ողբերգություն չեն ապրում հենց այն պատճառով, որ սեփական ունեցվածքից արմատապես զատվել են»,- այսօր «Պե՞տք է աջակցել Մինսկի գործընթացին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Վարդան Խաչատրյանը:

Ազատամարտիկ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանն էլ դժգոհեց աշխարհում ընդունված երկակի ստանդարտներից. «Յուրաքանչյուր անգամ, երբ Ռուսաստանը, իր պետական շահերը առաջ դնելով, հայտարարում է՝ Ղրիմը, Դոնեցկը ռուսական է, արեւելյան Ուկրաինան վաղը ռուսական կլինի, բայց հենց հարցը հասնում է հայերին, մեր երկրի կողմից ազգային հերոս կոչված Նիկոլայ Ռիժկովը գալիս է ու մեր երկրում բացատրում է, որ Ղրիմն ու Արցախը պետք է չէ իրար հետ համեմատել, սա երկակի ստանդարտների մասին է վկայում»:

Նրա խոսքով, Հայաստանը պարտվողական քաղաքականություն է իրականացնում սկսած 1998 թվականից. «Ռոբերտ կոչեցյալ Քոչարյանի իշխանությունը բռնազավթելու օրվանից, նույնը կրկնվեց 2003-ին, հետո Սերժ Սարգսյանը շարունակեց նույն կուրսը, հետաքրքիր է, որ ծագումով Ղարաբաղից եկող երկու քաղաքական գործիչներ, որ այս ազգի արյունով են եկել, հասել ու Հայաստանի քաղաքացիություն ստացել եւ Արցախի ազատագրման հաղթանակի վայելքն են ապրում, իրենք են անտեսում իրենց իսկ նախ հայրենակից արցախցի մեր ժողովրդի իղձերն ու գնում նման քայլերի: Մադրիդյան սկզբունքները առ ոչինչ փաստաթուղթ է, ոչ մի բան իրենից չի ներկայացնում»:

Նրա համոզմամբ, Հայաստանը չի անում այն քայլերը, որոնք պետք է աներ ու չափից դուրս խաղից դուրս է հայտնվել.«Չի էլ ցավում իրավիճակի համար, որովհետեւ ազատագրված տարածքների մասին խոսել արտագաղթի այս ցուցանիշի դեպքում կամ մեզ անմեղսունակի տեղ են դնում կամ իրենք են անմեղսունակ, որոնց հանդուրժում ենք: Ես՝ որպես Արցախի ազատամարտի մասնակից, չեմ թույլ տա, որ մի մետր հող Արցախից, ազատագրված տարածքներից, Հայաստանից երբեւէ որեւէ մարդ զիջի: Մենք ենք որոշողը»:
Վարդան Խաչատրյանն էլ բարձրացրեց Արցախում հանրաքվե անցկացնելու հարցը, ասաց Ադրբեջանը պայքարում է, որ հանրաքվեի անցկացման հարցը ինքը ձեւակերպի. «Դրված է այդ հարցը, որի մասին Հայաստանում ոչ մի խոսակցություն չի ընթանում, որեւէ հանրային մոտեցում չկա»:

Հացպանյանն էլ հեգնեց, ֆրանսիացին երկրաշարժ կսարքի, եթե նրա տունը վերցնեն. «Էդ ո՞նց է 500.000 մարդու ձեռքից իրենց տները խլել են, ոչ մի երկրաշարժ չի լինում, ու այդ նույն եվրոպացին փողկապով գալիս է մեր երկիր ու ինչ-որ բանե՞ր է մեզ բացատրում: Ինչպե՞ս կարող են արեւմտյան արժեքներով ապրողները այս հարցը չընկալեն, այստեղ չի կարող քաղաքական շահերի մասին խոսք գնալ, այստեղ մարդու իրավունքների մասին է խոսվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930