Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը կարգի հրավիրեց Գալուստ Սահակյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2014 13:44

«Մենք ուզում ենք հասկանալ, ինչու՞ է խախտվում այս սկզբունքը, ինչու՞ ենք մենք խուսափում ընդդիմության կողմից բարձրացված հարցերի քննարկումից»,- այսօր խորհրդարանական քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Բանն այն է, որ անցյալ քառօրյային 44-ից ավելի ստորագրություններով ընդդիմությունը ներկայացրել էր արտահերթ քննարկման համար երկու նախագիծ. մեկը վերաբերում է երկրում առաջացած կառավարման ճգնաժամին, իսկ մյուսը՝ ընտրական օրենսգրքի փոփոխությանը:

Կառավարությունը նույնպես ներկայացրեց արտահերթ քննարկման համար չորս անհետաձգելի հարց: Կանոնակարգի մասին օրենքը նման դեպքերում չի կարգավորում, թե ինչպիսի՞ն պետք է լինի քննարկվող հարցերի հերթականությունը: «Ազգային ժողովի նախագահը չունի որևէ լիազորություն՝ որոշելու այդ հարցերի հաջորդականությունը: Բնականաբար, միակ գործող տրամաբանությունը պետք է լիներ և դա, ըստ էության բոլորի կողմից ընդունվեց, որ հաջորդականությունը պետք է լինի ըստ հարցերի օրակարգում ընդգրկման հաջորդականության: Հիմա ի՞նչ է ստացվում, կառավարությունը դրանից հետո բերել է ևս երկու հարց՝ կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված, մյուսը՝ բյուջեն, որոնք նույնպես համարվել են անհետաձգելի և չգիտես ինչու, թեև ժամանակագրությամբ հետ են ընկած, բերվել է և հիմա լինելու է առաջին երկու քննարկվող հարցերը»,- շարունակեց Լեւոն Զուրաբյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի պատասխան ասաց, որ կանոնակարգի համաձայն հրատապ ճանաչված հարցերը քննարկվում են արտահերթ, իսկ հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է ԱԺ նախագահը: «Շատ լավ արեցիք, որ ընթերցեցիք այդ հոդվածը, հենց այնտեղ էլ գրված է, որ դուք ունեք լիազորություն՝ կարգավորելու միայն մնացած հարցերի քննարկման հաջորդականությունը, այլ ոչ թե արտահերթ համարված: Շատ լավ է, որ ինքներդ ձեզ հերքեցիք: Հիմա փաստորեն ստացվում է, որ առանց որևէ հիմնավորման դուք հետաձգում եք ընդդիմության կողմից արտահերթ քննարկման ներկայացված հարցերը:

Մինչդեռ երկրում իսկապես առաջացել է կառավարման խորը ճգնաժամ, կա ժողովրդի լայն ընդվզում, որի ապացույցն էին բազմահազարանոց հանրահավաքները՝ հոկտեմբերի 10-ին և 24-ին: Փաստորեն ստացվում է, որ իշխանությունները առանց որևէ հիմնավորման խուսափում են ժողովրդի կողմից բարձրացված հարցերի քննարկումից: Եվ սա առաջին դեպքը չէ. Մի քանի անգամ ոտնահարել եք նաև սահմանադրական նորմերը, երբ որ 44 ստորագրություններով հրավիրվել էին արտահերթ նիստեր և ՀՀԿ-ական մեծամասնությունը նույնպես բոյկոտել է այդ նիստերը, տապալել քննարկումները»,-շարունակեց Լեւոն Զուրաբյանը`հավելելով, որ կարելի է ասել, որ Գալուստ Սահակյանն ի դեմս քաղաքական մեծամասնության, իր գործողություններով մերժում է արտահերթ քննարկման ինստիտուտը, մերժում է ընդդիմության սահմանադրական իրավունքները, իրականում մերժելով ժողովրդի ձայնն այստեղ հնչելու որևէ փորձը: «Եվ սրա համար դուք պետք է պատասխանատվություն կրեք»,- եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:

«Մեզանից ընդհանրապես պետք չէ վախենալ, պարզապես հարկավոր է մի փոքր հարգել և համակերպվել այդ հարգանքի հետ»,- հակադարձեց Գալուստ Սահակյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930