Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ինչո՞ւ կան պուտինամոլներ եւ չկան «օբամամոլներ»

Նոյեմբեր 10,2014 16:30

Արեւմուտքի եւ «Արեւելքի» հիմնարար տարբերությունը

Եթե ՌԴ նախագահ Պուտինի մասին ինչ-որ բան ես գրում եւ մոռանում ես դրան ավելացնել «Մեծն» մակդիրը ու չես նշում, որ նա «իր երկաթյա կամքով բարձրացրել է Ռուսաստանը ծնկներից», «մարտահրավեր է նետել անբարոյական Արեւմուտքին» եւ այլն, անպայման հայտնվում է պուտինամոլների մի խումբ, որի անդամները հարձակվում են քեզ վրա՝ մեղադրելով քեզ «համաշխարհային իմպերիալիզմի» կամ ավելի վատ՝ Թուրքիայի գործակալ լինելու մեջ: Եթե որեւէ քննադատական բառ գրես Օբամայի կամ Քեմերոնի մասին, որոնք, բնականաբար, Պուտինից ոչ մի բանով լավը չեն, եւ որոնց երկրների սխալ քաղաքականության պատճառով, մասնավորապես, տառապում են Մերձավոր Արեւելքի միլիոնավոր մարդիկ, քեզ վրա ոչ ոք չի հարձակվի՝ տեսակետ է, գրել ես: «Օբամամոլներ» կամ «քեմերոնամոլներ» աշխարհում չկան: Պուտինամոլներ՝ որքան ուզեք: Մեկ այլ առիթով անգլիացի գրող Ռեդյարդ Քիփլինգը նկատել էր, որ Արեւմուտքը մնում է Արեւմուտք, իսկ Արեւելքը՝ Արեւելք, եւ նրանք երբեք չեն հանդիպի իրար:

Նույն տարբերությունը մեկ այլ օրինակով: Ինչո՞վ են տարբերվում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը՝ մի կողմից, «Ժառանգությունից», «Ազատ դեմոկրատներից» եւ ներկայիս ՀՀՇ-ից՝ մյուս կողմից: Մոտավորապես նույն բաներով: Առաջին դեպքում կա առաջնորդի անզուսպ պաշտամունք, երկրորդի դեպքում՝ չկա: Առաջին դեպքում իրենց կուսակցության կամ թիմի հասցեին ցանկացած քննադատական բառ ընկալվում է որպես «հակառակորդի պատվեր», որպես «ռեժիմի» կամ «ընդդիմության» անհիմն շահարկում: Երկրորդ դեպքում դա ընկալվում է պարզապես որպես տեսակետ, որի հետ կարելի է համաձայնել կամ վիճել: Բազմիցս առիթ եմ ունեցել բացասական բաներ գրելու «Ժառանգության» մասին (եւ դեռ առիթներ կլինեն), բայց երբեք այդ կուսակցության կողմից ոչ մի թույն եւ ոչ մի պարանոյիկ կասկածամտություն չեմ զգացել: Րաֆֆի Հովհաննիսյանի մտքով հաստատ երբեք չի անցել ստեղծել «քարոզչական բրիգադ», որին անհրաժեշտության դեպքում պիտի «քսի տա» իրեն դուր չեկող կամ իր հետ չհամաձայնող մարդկանց վրա: Պատահականությո՞ւն է արդյոք, որ առաջին խմբի կուսակցությունները կողմ են ԵՏՄ-ին, իսկ երկրորդը՝ դեմ:

Այստեղ է, իմ կարծիքով, անցնում ջրբաժանը, ոչ թե «ավազակապետ-հրեշտակապետ», «թալանչի-սուրբխաչի» եւ այլ հնարովի բաժանարար գծերով: Դուք ընդունո՞ւմ եք, որ նույն թերթի նույն էջում կարող են լինել թե Գագիկ Հարությունյանի եւ թե Վահան Բաբայանի կարծիքները, ընդ որում՝ նույն հեղինակի կողմից մատուցված: Դուք ընդունո՞ւմ եք, որ այդ կարծիքները ներկայացնելը ոչինչ չի ասում ոչ հեղինակի եւ ոչ էլ թերթի քաղաքական գծի մասին: Դուք ընդունո՞ւմ եք, վերջապես, որ ոչ մեկի, ոչ մյուսի կարծիքները վերջին ատյանի ճշմարտություններ չեն: Ուրեմն, դուք դավանում եք եվրոպական արժեքներ:

Ժամանակակից արեւմտյան մտածողության համար հատուկ է որոշակի սկեպտիցիզմ, վերապահ վերաբերմունք ցանկացած տեղեկատվության, հայտարարության, կարգախոսի նկատմամբ: Եթե Արեւմտյան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների քաղաքացիներին նույնիսկ հետաքրքրում են իրենց նախագահները, գործադիր կամ օրենսդիր իշխանության այլ ներկայացուցիչները, ապա նրանք հաստատ իրենց ասածները հալած յուղի տեղ չեն ընդունում եւ դրանցից կրոնական էքստազի մեջ չեն ընկնում: Իսկ «Արեւելքում» կան մարդիկ, որոնք երբ լսում են «Պուտին» անունը, նրանց մոտ սեռական բավարարվածության նման մի բան է սկսվում: Եթե դա տեղի է ունենում ՌԴ քաղաքացիների հետ, դեռ հասկանալի է՝ ի վերջո, իրենց գործն է: Բայց երբ նույն զգացմունքներն են արթնանում հայաստանցիների մեջ, դա արդեն տարօրինակ է:

Ինչպես դեռեւս 16-րդ դարում գրել է եվրոպական մտքի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը՝ Միշել Մոնտենը՝ «մարդը չի կարող նույնիսկ ճիճու ստեղծել, փոխարենը տասնյակներով ստեղծում է աստվածներ»: Կարելի է, չէ՞, Մոնտենին մեջբերել՝ դա, հուսով եմ, մարգինալ լինելու նշան չի: Թե չէ՝ գուցե շուտով կգան ժամանակներ, երբ կթույլատրվի մեջբերել միայն Դուգինին եւ Պրոխանովին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Արևմուտքում բազմիցս եղել են լիդերներ, որոնք համազգային համակրանք են վայելել՝ և խարիզմայով, և իրենց ազգանվեր գործերով: Ռուզվելտը, Չերչիլը, Քեննեդին, Դը Գոլը և այլոք կուռքեր են եղել (լավ իմաստով) ոչ միայն իրենց ժողովուրդների, այլև այլ երկրների համար: Այն միտքը, որ կուռքեր ստեղծելը արևմուտք- արևելք տարբերություններից մեկն է, բաձարձակ սխալ է: Պետք չէ մոռանալ նաև Դուչէամոլներին և Հիտլերամոլներին, որոնք համարյա թե այդ երկրների ողջ բնակչությունն էր, և այդ առաջնորդների նկատմամբ ՛՛սերը՛՛ մոլագարության էր հասնում:
    Պուտինի մեջ, որին նույնիսկ ՛՛Ֆորբսն՛՛ է աշխարհի ամենաազդեցիկ գործիչը համարում, մարդիկ տեսնում են իր երկրին և ազգային շահերին նվիրված լիդեր, որի նմանը վաղուց պահանջված և ցանկալի է բոլոր երկրների համար: Այնպես որ Ձեր հռետորական հարցի պատասխանը հենց Ձեր հարցի մեջ է՝ Օբամայի ու Քեմերոնի մեջ ին՞չ հավանելու բան կա, որ մի հատ էլ ֆանատներ ունենան: Չկան, որովհետև ՛՛Օբամայամոլ՛՛ կարող է միայն դեգեներատը լինել, իսկ ես ոչ մերոնց, ոչ էլ ամերիկացիների մասին այդքան վատ կարծիքի չեմ: (Խամաճիկ Քեմերոնի մասին իսկի խոսելու բան էլ չկա…)

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո, կան հիթլերամոլներ, մուսոլինիամոլներ, ստալինամոլներ, թուրքմենբաշիամոլներ, պուտինամոլներ: Չկան չերչիլամոլներ, ռուզվելթամոլներ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930