Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակեց երկարատեւ պայքարի ճանապարհային քարտեզը, որը նոր բան չէր պարունակում: Հանդիսավոր կերպով ներկայացրած որոշումները՝ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ բանակցությունների անցկացման մասին, կարծես թե նոր չէին: Այդ բանակցությունները դեռ մեկ տարուց էլ առաջ էին մեկնարկել ու բավական բարեհաջող ընթանում են: ԲՀԿ քաղխորհրդի որոշմամբ լիազորված անձինք, ըստ էության, վաղուց զբաղված էին այդ աշխատանքներով: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այս վերահաստատմանը՝ ասաց, որ այդպիսով Գագիկ Ծառուկյանը փորձեց ցույց տալ, որ ինքը չի շտապում՝ ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի:
ԲՀԿ քաղխորհրդի որոշման մեջ, սակայն, մեկ այլ՝ բավական ուշագրավ ամրագրում կար՝ ԲՀԿ-ի գրասենյակները վերածվելու են «համաժողովրդական շարժման շտաբների»: Դա, ըստ էության, կանխատեսելի էր, քանզի առանձին շտաբներ ստեղծելը թե ֆինանսական, թե կազմակերպչական մեծ ռեսուրսներ են պահանջում, որը կրկին ԲՀԿ-ն պետք է իր վրա վերցներ: Սակայն ուշագրավն այն է, որ իր իսկ գրասենյակները «համաժողովրդական շարժման շտաբի» վերածելով՝ ԲՀԿ-ն իր համար կարեւոր խնդիր է լուծում՝ այսպես ասած, «կլանում է» եռյակի գործընկեր ուժերին: Համաձայնելով մեր դիտարկմանը՝ ՆԺԿ առաջնորդը նաեւ հավելեց. «Բայց նա ամեն ինչ ճիշտ է անում, ֆինանսներն ու կազմակերպական ռեսուրսը պահում է իր ձեռքերում: Ով էլ լիներ այդ ֆորմատում, նույն բանը կաներ»: Այլ հարց է, որ, ըստ մեր զրուցակցի, այսպիսով ԲՀԿ-ն նաեւ զուտ «տրաֆարետային» փոփոխությամբ «համազգային շարժում» սկսելու իմիտացիոն գործընթաց է տանում: Ֆինանսների ու կազմակերպական ռեսուրսի կենտրոնացումն էլ, սակայն, ըստ մեր զրուցակցի՝ ԲՀԿ-ին առանձնակի մեծ հնարավորություններ չեն ընձեռում, քանզի համաշխարհային քաղաքական կոնյունկտուրան հակաօլիգարխիկ է լինելու. «Տեսեք՝ Վրաստանում ինչ է կատարվում, Ուկրաինայում շուտով կտեսնեք, ՌԴ-ում էլ մի մասը գաղտնի, մյուսը՝ բացահայտ քաղաքական օլիգարխիային փորձում են հանել խաղից»:
«Առավոտ» օրաթերթ
08.11.2014