Աշոտ Ղուլյանը՝ Քոչարյանի
ու Տեր-Պետրոսյանի քայլերի մասին
Հայտնի է, որ 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին համաձայնագրի տակ դրված է ԼՂՀ պաշտպանության նախարարի ստորագրությունը: Թե հետագայում ում մեղքով ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացներից՝ առաջին եւ երկրորդ նախագահների գրասենյակներից հակադարձ մեղադրանքներ են հնչում: Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ապաշնորհ արտաքին քաղաքականության հետեւանքով ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացներից, իսկ այդ ժամանակ այդ իշխանության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն չխոչընդոտեց դրան: Իսկ երկրորդ նախագահի գրասենյակից վստահեցնում են, որ ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցային գործընթացը դադարել է գոյություն ունենալ Ռ. Քոչարյանի՝ նախագահ ընտրվելուց դեռ մեկ տարի առաջ:
Այս առնչությամբ «Առավոտը» ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին հարցրեց՝ ո՞ւմ եք Դուք քննադատում այդ քայլի համար, ո՞վ դուրս թողեց ԼՂՀ-ն բանակցային գործընթացից: Նա պատասխանեց. «Ես չէի ուզենա դա այդպես անձնավորել, որովհետեւ դա կախված չէր որեւէ մեկի դիրքորոշումից կամ վերաբերմունքից: Կարծում եմ՝ բանակցային գործընթացի մեջ հաճախակի կրկնվող «պաուզաները» այնպես են դասավորել, որ պարզապես տարբեր իրավիճակներում Ադրբեջանը կարողացել է օգտագործել փակուղային իրավիճակից դուրս գալու մեխանիզմ միայն Հայաստան-Ադրբեջան երկկողմ ֆորմատով հանդիպումները: Ու քանի որ դա սկզբից եղել է միջազգային հարթակներում երկու պետությունների նախագահների հանդիպումներ, դա պարզապես դարձրել են բանակցություններին փոխարինող ձեւաչափ»:
Թե ինչու մեր իշխանությունները զգոն չեն եղել, ինչու են տեղի տվել Ադրբեջանի խորամանկությանը՝ Աշոտ Ղուլյանի կարծիքով. «Չգիտեմ, ես այդպես չեմ պատկերացնում, բայց ամեն դեպքում դա Ադրբեջանի կողմից երեւի թե օգտագործված հնարք էր»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
08.11.2014