Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի նոր՝ 12 առաջարկները

Նոյեմբեր 10,2014 15:00

Սկիզբը՝

«Իշխանափոխության ճանապարհը հենց սա է: Այսինքն՝ ձեւակերպել այնպիսի հիմնարար մոտեցումներ, որոնցից մի կողմից՝ իշխանությունը չկարողանա հրաժարվել, մյուս կողմից՝ այդ հիմնարար փոփոխությունները բերեն նրան, որ իշխանափոխությունը ցավալի չլինի այսօրվա իշխանության համար: Գիտակցություն ձեւավորվի նաեւ, որ բոլորը կարող են փոփոխվել, եթե ընտրական, սահմանադրական արդյունավետ լիազորությունների համակարգեր են գործում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի եւ դրա կիրարկման անհրաժեշտության մասին: Նրա համոզմամբ՝ եթե իշխանությունն այսօր անգամ՝ անկախ նրանից, թե ինչ է մտածում սուբյեկտիվ առումով, պատրաստ է բարեփոխումների, չօգտվել, չպարտադրել կամ չքաջալերել այդ բարեփոխումները՝ նշանակում է չմտածել երկրի ու պետության մասին: Մինչ հայեցակարգի ներկայացվելը՝ ՀՅԴ-ն առաջարկներ էր արել. հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են դրանք ընդգրկված հայեցակարգում: «Այս հայեցակարգում մեր նախկինում հրապարակված բոլոր առաջարկություններին անդրադարձ կա: Ավելին՝ մեր տված գնահատականները տեղ են գտել այստեղ՝ թե քաղաքական մենիշխանության, թե մոնոպոլիայի, ժողովրդի կողմից իշխանություն չկազմավորելու եւ բազմաթիվ այլ դրվագներով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այժմ այս հայեցակարգային մոտեցումները պարզապես պետք է ներկայացնել եւ ավելի ընկալելի դարձնել այն համատեքստում, որ հետագայում չշեղվեն ՀՅԴ-ի պատկերացրած լուծումներից: Այս փուլը Արծվիկ Մինասյանն առավել կարեւոր ու պատասխանատու է համարում:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս փուլում ՀՅԴ-ն պատրաստվում է շուրջ 12 առաջարկով հանդես գալ, որոնք ներառում են նաեւ լուծման տարբերակներ: Մասնավորաբար, ընտրական համակարգի հետ կապված՝ ՀՅԴ-ն այն կարծիքին է, որ 100 տոկոս համամասնականն է ճիշտ: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում դա ընդհանրական ձեւով է ներկայացրել՝ առանց մանրամասնելու, քանզի դա քաղաքական որոշման հարց է: Նման արձանագրում է արել նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ միաժամանակ արձանագրելով, որ այն երկրները, որտեղ գործում է պառլամենտական կարգ, եւ որոնց օրինակները հայեցակարգում բերված են, բոլորում էլ 100 տոկոս համամասնական ընտրակարգն է գործում: «Այս տեսակետից ես վստահ եմ, որ հաջորդ ընտրություններում, եթե ոչ՝ ամբողջական, ապա փուլային ձեւով մենք պետք է կարողանանք անցում կատարել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին եւ նոր Ընտրական օրենսգրքի մշակմանը»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը՝ հավելելով, որ հայեցակարգով նոր ինստիտուտ է ներմուծված՝ օրգանական կամ սահմանադրական օրենքի ինստիտուտ, որը պահանջում է, որ ընդդիմությունը, խորհրդարանական քաղաքական փոքրամասնությունն անպայման մասնակցի քվեարկությանը, որպեսզի օրենքների ընդունումը հնարավոր դառնա. «Այս դեպքում իշխանությունը չի կարող անտեսել ընդդիմության դերն ու նշանակությունը, պետք է անպայման բանակցի փոքրամասնության հետ՝ փոխադարձ լուծումների համար»: ՀՅԴ-ն նաեւ առաջարկում է, որ ԿԸՀ-ն ընտրվի պառլամենտի կողմից՝ 3/5-ի մասնակցությամբ, ու անպայմանորեն ունենա հատուկ լիազորություններ եւ ամբողջական պատասխանատվություն, այդ թվում նաեւ՝ քրեական պատասխանատվության սպառնալիքով ընտրակեղծիքները փակելու, խնդիրներին լուծում տալու եւ ազատ ընտրություններ կազմակերպելու համար:

Ընտրացուցակների մասով ՀՅԴ-ի առաջարկը հետեւյալն է՝ սահմանադրական մակարդակով երաշխավորել մեխանիզմի գոյությունը, որը կփարատի ընտրացուցակներով պայմանավորված կասկածները հանրության մոտ. «Որեւէ կոնկրետ լուծում այս պահին մենք չենք կարող պարտադրել, բայց կարող ենք, որպես նպատակ կարող ենք ձեւակերպել ու քննարկումների ժամանակ մեխանիզմներ գտնել: Եթե Վենետիկի հանձնաժողովի համար մերժելի է ստորագրված ընտրացուցակների հրապարակումը, ելքերից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որ քվեաթերթիկ վերցնող յուրաքանչյուր ընտրողի անուն-ազգանունը բարձրաձայն հայտարարվում է»:

ՀՅԴ-ի մեկ այլ առաջարկը վերաբերում է անկախ դատական համակարգին: Այն է՝ արդարադատության խորհուրդը պետք է ամբողջական պատասխանատվություն կրի դատական համակարգի ձեւավորման հարցում: Այն պետք է ընտրվի պառլամենտի կողմից (պառլամենտական կառավարման ժամանակ), բայց պառլամենտը խորհրդի անդամին ետ կանչելու իրավասություն չպետք է ունենա: Նաեւ՝ արդարադատության խորհրդի կողմից նշանակված դատավորն էլ չի կարող իրեն նշանակած մարմնի կողմից միանձնյա ետ կանչվել, դա կարող է լինել պառլամենտական հանձնաժողովի մասնակցությամբ: Դա, ըստ ՀՅԴ-ի, կապահովի դատավորի նաեւ ֆունկցիոնալ անկախությունը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՅՀԴ-ը պիտի վերջ տա իր բլեֆներին ու վերջապես հանգիստ թողնի հայ ազգին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930