Ինչպե՞ս կարող եմ ես ինձ ճանաչել,
Քանի, դեռ շուքով ինձ չեն գովերգել,
Կամ չեն հասցրել մի լավ ցեխոտել,
Էլ ինչպե՞ս պետք է ես ինձ ճանաչեմ:
Արդյո՞ք կարող եմ ես ինձ ճանաչել,
Երբ շուրջը ոչ ոք ինձ չի գնահատել,
Արած ու չարած գործս չեն տեսել,
Ինչպե՞ս կարող եմ ես ինձ ճանաչել:
Ինչպե՞ս կարող եմ ես ինձ ճանաչել,
Եթե իմ մասին ոչինչ չի խոսվել,
Հարմար չեմ գտել, ոչինչ չեմ ասել,
Իսկ դուք կուրացել, ոչինչ չեք տեսել:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս կարող եմ ես ինձ ճանաչել,
Երբ չեմ արել այն, ինչ պետք էր անել,
Առանց մտածել՝ ես քայլ չեմ արել,
Ամեն ինչ՝ ծանր ու թեթև եմ արել:
Ինչպե՞ս կարող եմ ես ինձ ճանաչել,
Երբ մարդկանց խոսքին չեմ հավատացել,
Երբ այգաբացին ես չեմ աղոթել,
Իսկ մայրամուտին քնած եմ եղել:
Ինչպե՞ս կարող եմ ես ինձ ճանաչել,
Եթե մշտապես անկեղծ եմ եղել,
Երբ նայել եմ ձեզ, կույր եք ձևացել,
Ձեր աչքերի մեջ ես ինձ չեմ տեսել:
Ինչպե՞ս կարող եմ ես ինձ ճանաչել,
Եթե Տիրոջը դեռ չեմ ճանաչել,
Դժվար պահերին նրան չեմ դիմել,
Երբեք աղոթքով չեմ խաչակնքել:
Ինչպե՞ս կարող եմ ես ինձ ճանաչել,
Երբ ես իմ ներսի բանալին չունեմ,
Ներսից՝ դրսի հետ շփում էլ չունեմ,
Իմ ներսը՝ դրսից միշտ փակ եմ պահել:
Ինչպե՞ս կարող եմ ես ինձ ճանաչել,
Երբ իմ գնալու ճամփան չեմ գտել,
Երբ իմ մնալու տեղը չգիտեմ,
Ես ու՞ր եմ հիմա, դա էլ չգիտեմ:
Ինչպե՞ս կարող եմ ես ինձ ճանաչել,
Երբ ճամփաները իրար են խառնվել,
Երբ սկիզբ ու վերջ իրար են հատվել,
Ինչքան գնացել, միշտ ետ եմ եկել:
Ինչպե՞ս կարող եմ ես ինձ ճանաչել,
Երբ պատերազմը դեռ չենք ավարտել,
Մեր արժեքները չենք վերականգնել,
Մեղքերի համար չեմ ապաշխարհել:
Հոգ չէ, չեք կարող դուք էլ ճանաչել,
Քանզի, իմ ներսի ցավը չեք տեսել,
Նաև իմ սրտի խաղը չեք լսել,
Երբեք իմ հոգու աղը չեք լիզել:
Մարդիկ, մի կարծեք մարդ ճանաչելը
Այդքան հասարակ ու դյուրին բան է,
Մարդ ճանաչելը՝ մարդու աշխարհը
Ի ցույց դնելուն հավասար բան է:
Ես գիտեմ միայն՝ ոչինչ չգիտեմ,
Նույնիսկ, ես մեր տան ճամփան չգիտեմ,
Ես իմ մանկության երազը կորցրել,
Եվ իմ ծերության մուրազն եմ փնտրում…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ