Ես էն գլխից չեմ սիրել քեզ, Թաթա Սիմոնյան: Չեմ սիրել ու… վերջ: Եվ մի՞թե պարտադիր է այդ: Այսօր հարյուր հազարավորներ սիրում, երկրպագում են քեզ: Թող մեկն էլ բացառություն լինի:
Չեմ սիրում, այո, բայց, սատանան տանի, բարձր եմ գնահատում քո արվեստը, տառապանքը: Չէ, դա հայկական տարբերակ չէ. օտար է, սառը, ավելի լավ է սիրել, քան բարձր գնահատել: Այսպես կռվում էի ինքս ինձ հետ և անսասան մնում իմ դիրքերում: Սա այն ժամանակ, երբ դեռ Հայրենիքում էի:
Բայց կյանքը չգրված օրենքներ ունի: Շուրջ 14 տարի ապրեցի Եվրոպայում: Եվ այստեղ անսպասելի իմ ճամփան կտրեց Թաթայի «Ճանապարհ»-ը. Օտար ափերում ավելի խորն ես զգում հայրենիքի կարոտը:
Հայկական ալիքները փնտրելիս հանկարծ իմ վրա գրոհեց Թաթայի, չէ, իմ, քո, բոլորիս «Ճանապարհ»-ը: Իսկույն փոխվեց սրտիս եղանակը, երգը հաճելիորեն խանգարեց քունս, կեղեքեց հոգիս: Երգի վարար, հուզառատ շերտերը, հոգեբանական դադարը և շեշտերը, շեշտերը կերպափոխվում, երկարացման (~~~) նշաններ են դառնում, տառապանքներ ծնում, հայի տառապած հոգում` ճանապա~րհ…
Բարձրարվեստ են Թաթայի բոլոր երգերը, հղկված` կատարումը: Բայց ուրիշ է «Ճանապարհ»-ը: Լսողը մի պահ գերվում, պապանձվում, նիրվանայի մեջ է հայտնվում, քանի դեռ նրան չեն արթնացրել ծափերը: Հենց այստեղ դու գոչում ես` ես սիրում եմ քեզ, Թաթա, սիրում եմ քո երգը, արվեստը… Եվ վեհանում է հոգիս, որ դու, Թաթա, «Ճանապարհ»-ը վեր տարար, հայ պանդուխտի խորհրդանիշ «Կռունկ»-ին մրցակից դարձրիր:
Այստեղ ծանր շունչ եմ քաշում և հիշում մեր պանդխտության երգերից մի քանիսը` Վարուժանի «Կարոտի նամակը», ուր մայրը նամակ է գրում չգիտե կենդանի՞, թե՞ մեռած որդուն: Հետո սփոփանքի կարոտ սիրտդ որոշ չափով հանգստացնում է «Արագիլը»` «ես ոչ անտուն եմ, ոչ էլ` տարագիր, ունեմ հանգրվան, ունեմ օթևան»…
Ունեմ օթևան, բայց ինչպիսին է այսօր այդ օթևանը, մարդաշա՞տ է թե մասսայական գաղթի ելած, երկրե-երկիր ընկած, տառապած հայի կարոտի հանգրվան:
Պատասխանը կլսես Սուսաննա Շահինյանից. …Եվպատորիայի Էնգելսի փողոցի №20 բնակարանից Անահիտ, Աստղիկ, Նաիրա Հարությունյանները, Արզամասից Լևոնը, Շանթը, Գոհարը, Ուժգորոդից Վարդանը, Երվանդը, Լիոնից Արաքսը, Լենան, Դուբայից Ցոլակը, Վարշավայից Գալուստը, Սիրուշը խնդրել են հաղորդել Թաթա Սիմոնյանի «Ճանապարհ»-ը :
Փշաքաղվում ես, նորանկախ Հայաստանի անարժան այրեր, ինչպես քամուն տվիք 70 տարի բախտավոր ափում ծաղկած, զորացած ու ճղարձակած գրագետի, շինարարի, ճարտարապետի, մանկավարժի ու բժշկի աշխարհի նախանձը շարժող ազգը հայոց: Ինչպես հարստահարեցիք, սովի մատնեցիք մի ամբողջ ժողովուրդ, կարկտահարեցիք մեր բախտի ծառը:
Հոգնել ենք, հոգնել: Եվ հոգնությունից մեր հավատն ենք կորցրել. հայի անհուսալի լավատեսության հավատը:
Թաթա, ներիր քնարական շեղումների համար, ներիր ինձ և մխիթարիր Ամենայն Հայոցի իմաստուն խորհրդով`
-Բայց մեր աշխարհն էլ էսպես չի մնա…
Այո՛, չի մնա, ոչ միայն հավատում, այլև սպասում ենք մեր նույնիսկ սարերը, ջուրը, օդը, գետերը, անտառներն ու հանքերը իրար մեջ բաժանած, աշխարհով մեկ անուն հանած միլիոնատերերի և օլիգարխների:
ԿՈՒԼԱԿԱԹԱՓՄԱՆԸ:
Հավատում ենք…
ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԱԳՅԱՆ
Վետերան ժուռնալիստ
Հ. Գ. ժամանակն է, քանզի մթերային խանութներում այսպես կոչված «նիսիայի» (ապառիկի) լղարիկ տետրերը հաստափոր գրքեր են դարձել…
Իսկ դու, Թաթա, շարունակիր «Կռունկ»-ի մնան պանդուխտին տուն կանչող քո սրտակեղեք «Ճանապարհ»-ը` գոնե մեկ-մեկ էլ ինձ Հայաստանով տար…