Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռոսաերոնավիգացիան» ու «Բաց երկինքը» «Էյր Արմենիայի» «օդերը փակեցին»

Նոյեմբեր 10,2014 14:30
inqnatir

Ընկերությունը չի հանձնվում. նոր օդանավով չվերթներ է սկսելու

Հայաստանին կարծես թե բախտ չի վիճակվում ունենալ տեղական ավիափոխադրող, մեկը մյուսի հետեւից խնդիրներ են ունենում. «Հայկական ավիաուղիները» սնանկացավ, հետո՝ «Արմավիան» դադարեցրեց գործունեությունը, հիմա էլ՝ «Էյր Արմենիան»: Լուրեր են շրջանառվում, որ այս ընկերությունը հնարավոր է սնանկանա կամ այլեւս ուղեւորափոխադրում չկատարի. ներկայումս ընկերությունը մինչեւ դեկտեմբերի 20-ը դադարեցրել է չվերթները:

«Էյր Արմենիան» «Արմավիայից» հետո շուկա մտավ եւ մոտ մեկ տարի կանոնավոր ուղեւորափոխադրումներ էր իրականացնում, մեկ էլ հանկարծ սեպտեմբերի 11-ին ռուսական «Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիան» («Ռոսաերոնավիգացիա») հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ից հայկական ավիաընկերությանը թույլ չեն տալու ռուսական օդային տարածք մտնել՝ պարտքեր ունի կուտակած: Այս հայտարարությանը հետեւեց արդեն գնված տոմսերի վերադարձը, սա, իհարկե, անհետեւանք չմնաց. ընկերությունը մեծ վնասներ կրեց:

«Առավոտի» հետ զրույցում ավիաընկերության մարքեթինգի պատասխանատու Սիրակ Համբարձումյանն ասում է, որ ռուսական հայտարարությունից հետո րոպեում 6 տոմս էր վերադարձվում, ընդհանուր առմամբ 60%-ով նվազեց տոմսերի վաճառքը, այսինքն՝ նույնքան չափով նվազեց ընկերության հասույթը, եւ երբ սնանկության լուրերն էլ տարածվեցին, եւս 20%-ով նվազեց տոմսերի վաճառքը: Հայկական ավիաընկերության այս վնասներից, բնական է, օգտվեցին ռուսական ավիաընկերությունները, մարդիկ հայկական ընկերության տոմսերը վերադարձնում էին, թռչում ռուսական ավիաընկերությամբ, շահույթն էլ ռուսական գրապն էր գնում: Արդյոք միտումնավոր չէ՞ր այդ քայլը՝ մեր այս հարցին պարոն Համբարձումյանը ո՛չ այո է ասում, ո՛չ էլ՝ ոչ: Հայկական ավիաընկերության ներկայացուցիչը, սակայն, պնդում է, որ ռուսական կազմակերպության հայտարարությունը վնասեց իրենց հեղինակությունը:

Նշենք, որ «Էյր Արմենիան» «Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիային» պարտք էր ընդամենը 405 հազար դոլար: Պարոն Համբարձումյանն ասում է, որ այս պարտքը չնչին գումար է ռուսական կողմի համար, ընդ որում՝ 11 տարի շարունակ աշխատելով այդ կազմակերպության հետ, բեռնափոխադրումներ իրականացնելով՝ պարբերաբար նման սեզոնային խնդիրներ եղել են, բայց միշտ էլ սահմանված ժամկետում պարտքերը մարվել են. այս 405 հազար դոլարն էլ իրենց հայտարարությունից օրեր անց վճարվել է: «Մեզ համար առնվազն զարմանալի էր ռուսական կողմի բարձրացրած աղմուկը, քանի որ իրենք վստահ էին, որ մենք պարտքերը կմարենք, ընդ որում՝ դեռ ժամանակ ունեինք, այդ գումարը մեզ համար էլ մեծ թիվ չէր, որ չկարողանայինք վճարել»,- ասում է պարոն Համբարձումյանը:

Ինչո՞ւ Հայաստանում վերջնական չեն կայանում տեղական ավիաընկերությունները, շուկա՞ն է փոքր, ավիացիոն քաղաքականությո՞ւնն է սխալ՝ մեր այս հարցին էլ պարոն Համբարձումյանն ասում է, որ նախորդ ավիաընկերությունների պատմություններին, ճակատագրերին չի ցանկանում անդրադառնալ, բայց իրենք չեն հանձնվելու եւ շարունակելու են ուղեւորափոխադրումները:

Կառավարությունը հայկական «երկինքը բացեց», այն պիտի զարգացներ շուկան, «Բաց երկնքի» քաղաքականությունը ներդնելուց հետո տոմսերի գները նվազեցին, շուկան կարծես թե աշխուժացավ, մինչդեռ տեղական ընկերությունը խնդիրների առջեւ կանգնեց: «Բաց երկինքը» ազատ եւ հավասար մրցակցություն է նախատեսում, բայց, ըստ էության, այս մրցակցությունն այնքան էլ հավասար չէ հայկական ընկերության համար: «Էյր Արմենիայի» ներկայացուցիչը նշում է, որ «Բաց երկնքին» իրենք կողմ են, սակայն օտարերկրյա ավիաընկերությունների հետ, որոնք Հայաստանում չվերթներ են իրականացնում, իրենք անհավասար պայմաններում են: Սիրակ Համբարձումյանը նկատում է, որ բոլոր ավիաընկերությունների համար Հայաստանում հավասար պայմաններ են, սակայն օտարերկրյա ավիաընկերություններն արտոնություններ ունեն այլ օդանավակայաններում. «Ասենք՝ իրենց երկրում կամ մեկ այլ երկրում, իսկ մենք ոչ այստեղ, ոչ էլ այլ երկրներում որեւէ զեղչեր չունենք: Նրանք զեղչեր ունեն ասենք՝ կայանելու, ավիավառելիքի եւ այլ ծառայությունների համար, իսկ մենք՝ ոչ: Ի սկզբանե ստացվում է, որ հավասար մրցակցություն չի կարող լինել, մենք չենք կարողանում հավասար մրցակցել թե ռուսական եւ թե եվրոպական ավիաընկերությունների հետ, նրանց սակագինն ավելի ցածր է ստացվում, քան մերը»: Մի՞թե «Բաց երկնքի» քաղաքականությունը մշակելիս այս խնդիրները մերոնք հաշվի չեն առել, պարոն Համբարձումյանն ասում է՝ հիմա կառավարությունը տեղյակ է խնդիրների մասին, իսկ թե ի՞նչ կնախաձեռնի՝ չի կարող ասել:
«Էյր Արմենիայի» համար մեկ այլ խնդիր էլ է առաջանում ռուսական շուկայում. պարոն Համբարձումյանն ասում է, որ ռուսական ավիաընկերությունները վճարում են ռուբլիով. «Իսկ մենք վճարում ենք դոլարով, դոլար-ռուբլի տարբերությունն արդեն անհավասար մրցակցության մեջ է դնում մեզ ռուսական ավիաընկերությունների հետ, իրենք թույլ չեն տալիս, որ մենք վճարենք ռուբլիով: Արդյունքում տուժում ենք»:

Պարոն Համբարձումյանը նկատում է, որ շուկայում տեղական ավիաընկերություն ունենալը կարեւոր է, քանի որ այն գնային քաղաքականության մեջ զսպող մեխանիզմ է: Երբ «Էյր Արմենիան» հայտնվեց շուկայում, ինչպես նշում է Համբարձումյանը, ռուսական ավիաընկերությունները դեմպինգ կիրառեցին, բավականին նվազեցրին իրենց տոմսերի գները, հայկական ընկերությունը տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին չի դիմել, փոխարենը ինքն էլ է տոմսերն էժանացրել, որոշ ժամանակ հետո ռուսական ընկերությունները կարգավորեցին գները. «Ընդհանրապես հայկական ավիաընկերությունը կարող է զսպել օտարերկրյա ընկերությունների գների բարձրացումն էլ»:

Սիրակ Համբարձումյանը վստահ է, որ իրենց խնդիրները շուտով կհարթվեն. ասում է՝ «թայմ աութ են» վերցրել, հիմա ֆինանսական նոր միջոցներ են ներգրավելու, նոր օդանավ են վարձակալելու ու դեկտեմբերի 20-ից վերսկսելու են կանոնավոր չվերթները, չվացուցակում որոշակի փոփոխություններ կլինեն. «Այս 11 տարիների գործունեությունից հետո կարծես թե վերադառնում ենք զրոյական կետի ու նորից սկսում, վերանայում ենք մեր գործընկերների հետ հարաբերությունները: Բայց մենք անպայման ուղեւորափոխադրումներ իրականացնելու ենք: Հուսով ենք՝ կպահպանվեն եւ ռուսական, եւ եվրոպական ուղղությունները, մեզ համար շատ կարեւոր է, որ հայերը թռչեն հայկական ավիաընկերությամբ. սա էլ մեծ օգնություն է»:

Պարոն Համբարձումյանը նաեւ նշում է, որ մեր երկրում պետք է զարգացնել տրանզիտային չվերթները, մենք դրա համար պոտենցիալ ունենք. կարելի է եվրոպացիներին Հնդկաստան կամ աֆրիկյան երկրներ Հայաստանով տեղափոխել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930