Նախկինում տեղեկացրել ենք, որ Իջեւան քաղաքում անհայտ անձը կամ անձինք վնասել են Վահագն Վիշապաքաղի արձանը: Այս կապակցությամբ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հոկտեմբերի 28-ին գրություն է ուղարկել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանին:
Ի պատասխան այդ գրության Կ. Հակոբյանը հայտնել է. «Համաձայն պատմամշակութային հուշարձանների արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության մասնաճյուղից ստացված գրության՝ Իջեւան քաղաքի Վասիլյան եւ Անկախության փողոցների խաչմերուկում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը պահպանվում է պետության կողմից, հուշարձանին էական վնաս չի պատճառվել: Իսկ ինչ վերաբերվում է նշված քանդակի հեղինակ Արմեն Դավթյանի գրությանը, որ քանդակի վերականգնման համար հարկավոր է 100.000 դրամի ներդրում, ապա հայտնվում է , որ Ոստիկանության Իջեւանի բաժինը ներդրում չի կարող կատարել, այդ հարցով դիմեք ներդրումներ կատարելու իրավասություն ունեցող կազմակերպություններին»:
Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը մեզ ասաց,որ իրենց ծառայության աշխատակիցները վնասված հուշարձանի լուսանկարներ են արել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև