«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնականացման եւ աջակցության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով:
Նախօրեին այդ մասին տեղեկացրեց ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Ըստ այս օրենքի, նպատակը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, պատշաճ նույնացումը, աջակցության, պաշտպանության եւ հասարակություն սոցիալական վերաինտեգրման արդյունավետ ապահովումն է:
Օրենքով սահմանվել է «Մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձ», «Հավանական զոհ», «Հատուկ կատեգորիայի զոհ», «Ինքնանույնացված զոհ» հասկացությունները:
Օրենքն արգելում է, առանց որեւէ տվյալ հրապարակել, իսկ համաձայնության պարագայում՝ ապահովում է «մարդու անձնական տվյալների եւ մասնավոր կյանքի գաղտնիությունը, եթե այն չի բխում նրանց շահերից, ինչպես նաեւ բացառելով մարդու կյանքը եւ արժանապատվությունը որեւէ կերպ վտանգող տեղեկատվության արտահոսքը կամ հրապարակումը»:
Հոդված 7-ով «Հրապարակումների սահմանափակումը» խորագրով սահմանվել է, որ
«Արգելվում է զանգվածային լրատվամիջոցներով կամ այլ եղանակով մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի վերաբերյալ այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որոնք թույլ կտան նույնացնել վերջինիս ինքնությունը՝ բացառությամբ նրա շահերից բխող դեպքերի՝ նույնացման հանձնաժողովի որոշմամբ»:
Ի դեպ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձը, օրենքով սահմանված կարգով, ազատվում է այն իրավախախտումների համար քրեական եւ վարչական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել հարկադրաբար՝ իր նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում:
Նախատեսվում է ձեւավորել «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ» մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի ոլորտում շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավար կազմից բաղկացած մարմին է:
Օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում, խորհրդի աշխատանքներին դիտորդական կարգավիճակով կարող են մասնակցել նաեւ շահագրգիռ՝ հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք հուշագիր են ստորագրում:
Համաձայն «Փոխըմբռնման հուշագրի». «Ստորագրմամբ հասարակական կազմակերպությունը ճանաչվում է գործընկեր հասարակական կազմակերպություն, նրան տրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմնի կարգավիճակ եւ վերջինս ստանձնում է իրավասու մարմնի համար սույն օրենքով սահմանված իրավունքներ եւ պարտավորություններ:
Կարդացեք նաև
Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում առավելագույնս օժանդակում են գործընկեր հասարակական կազմակերպություններին՝ սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման համար»:
Իսկ ինչ է անելու «Նույնացման հանձնաժողովը»:
Ըստ օրենքի նախագծի. «Նույնացման հանձնաժողովը մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է:
Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու գործընկեր հասարակական կազմակերպությունների, Հայաստանի գլխավոր դատախազության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք նույնացման հանձնաժողովում հանդես են գալիս հավասար իրավունքներով»:
Հանձնաժողովն ունենում է «պահեստային անդամներ», որոնք անհրաժեշտության դեպքում նիստերի ընթացքում փոխարինում են բացակա հիմնական անդամներին: Նրանք նույնպես հաստատվում են վարչապետի որոշմամբ:
Օրենքով սահմանված է զոհերի հայտնաբերման մասին էլ:
Միջազգային, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց աջակցությամբ, պաշտպանությամբ եւ հասարակություն նրանց սոցիալական վերաինտեգրմամբ, խրախուսվում են սեղմ ժամկետում իրավասու որեւէ մարմնի տեղյակ պահել իրենց հայտնի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաեւ նրանց առնչվող հանցագործության դեպքերի մասին:
Իրավասու մարմինները մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունները մեկօրյա ժամկետում փոխանցում են ոստիկանությանը:
Անձը համարվում է զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ միայն այն դեպքում, եթե նա այդպիսին է ճանաչվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ:
Մարդուն զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելը եւ քրեաիրավական նորմերին համապատասխան նրան տուժող ճանաչելը տարբեր նպատակներ հետապնդող գործընթացներ են եւ որեւէ կերպ չեն կարող բխել միմյանցից, սակայն դրանց համար հիմք հանդիսացած տեղեկությունները կարող են փոխադարձաբար օգտագործվել, եթե այդ տեղեկությունների օգտագործումն արգելված չէ օրենքով:
Նախանույնացման ժամկետը հաշվարկվում է հավանական զոհի հայտնաբերման մասին իրավասու մարմնի կողմից տեղեկություն ստանալու պահից մինչեւ նրան նույնացման ներկայացնելը եւ չի գերազանցում 10 օրը:
Ըստ օրենքի. «Բացառիկ դեպքերում, երբ սահմանված ժամկետում հնարավոր չի եղել ձեռք բերել հայտնաբերված անձի՝ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալը հավաստող կամ հերքող ողջամիտ կասկածներ հարուցող բավարար տեղեկություններ, նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ մեկ անգամ՝ առավելագույնը եւս 10 օրով»:
Ինչ վերաբերում է «Օտարերկրացի հանդիսացող հավանական զոհին վերաբերող դեպքերին», ապա ըստ օրենքի, «երբ նրա հոգեվիճակի կամ նրա նկատմամբ կատարված մարդկանց թրաֆիքինգից կամ շահագործումից բխող հանգամանքների պատճառով սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետներում կուտակված տեղեկությունների հիման վրա հնարավոր չէ կայացնել օբյեկտիվ որոշում, ապա նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ՝ առավելագույնը մինչեւ տվյալ անձին ընձեռված մտորման ժամկետի ավարտը»:
Արգելվում է հավանական զոհին նույնացման ներկայացնելը իրավասու մարմնի կողմից անհարկի հետաձգելը:
Հոդված 19-ով կա «Մտորման ժամկետը» հասկացություն:
Ըստ այդ հոդվածի, «Մտորման ժամկետն այն ժամանակահատվածն է, որով իրավունք եւ հնարավորություն է ընձեռվում օտարերկրացի հանդիսացող հավանական զոհին, զոհին եւ հատուկ կատեգորիայի զոհին, անկախ կացության կարգավիճակի օրինականությունից մնալով Հայաստանի Հանրապետության տարածքում, ձերբազատվել մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում իրականացրած անձանց ազդեցությունից, վերականգնվել պատճառված ֆիզիկական վնասվածքների հետեւանքներից, ինչպես նաեւ կայացնել սթափ եւ կշռադատված որոշումներ»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.11.2014