Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ գումար պետք է վճարեր Երեւանի քաղաքապետարանը Գասպարյանների ընտանիքին, որը չի վճարել

Նոյեմբեր 10,2014 13:30

«Արդեն քանի տարի է, որ գործը դատական ընթացքի մեջ է, եւ եթե քաղաքապետարանի հետ հնարավոր լիներ գումարի վերաբերյալ որեւէ հաշտություն կնքել, ապա կանեինք, սակայն քաղաքապետարանը կատեգորիկ հրաժարվում է որեւէ գումար տալ: Մինչեւ գործը դատարանում բարձրաձայնելը՝ երեք անգամ քաղաքապետարան ենք դիմել, սակայն իրենց կողմից ոչ մի նախաձեռնություն չի եղել գումար տալու հետ կապված, այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ քաղաքապետարանի հետ կարելի է որեւէ հաշտության կնքման գնալ»,- Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանում ասաց Գրիգոր Գասպարյանը, ով քաղաքացիական բողոք է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի դեմ, առ այն, որ քաղաքացիական վերաքննիչ դատարանը բեկանի 14.05.2014թ. թիվ ԵԿԴ/1760/02/13 քաղաքացիական գործով կայացրած վճիռը եւ կայացնի նոր դատական ակտ, այն է՝ կողմերի միջեւ 09.12.2011թ. կնքված պայմանագրի 1.5 կետով սահմանված վարձավճարի չափը հաշվարկել ամսական 70.000 ՀՀ դրամ, պատասխանողից՝ Երեւանի քաղաքապետարանից, բռնագանձել ինն ամսվա վարձավճարը՝ ընդհանուր 630.000 ՀՀ դրամ գումար:

Քանի որ Գրիգոր Գասպարյանը չցանկացավ հաշտության կնքման գնալ Երեւանի քաղաքապետարանի հետ (դատարանի առաջարկով), որի պատճառն արդեն իսկ նշեցինք, այդ իսկ պատճառով դատական նիստը շարունակվեց: Որպես պատասխանող կողմ՝ դատարան չէր ներկայացել Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, իսկ այդ մասին նիստը նախագահող դատավոր Ամրահի Պետրոսյանն ասաց, որ քաղաքապետարանը պատշաճ ծանուցված է եղել, սակայն նրանց չներկայանալու հանգամանքը հայտնի չէ: Դատավորի այն հարցին, թե՝ պայմանագրում, որը կնքվել է Գրիգոր Գասպարյանի, նրա ընտանիքի անդամների՝ տիկին Նվարդի, Հայկ եւ Հասմիկ Գասպարյանների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ, կա՞ որեւէ նշում գումարի չափի մասին, քանի որ 70.000 ՀՀ դրամը նշված չէ պայմանագրում, որի մասին փաստաբանը գրել է, Գասպարյանների ընտանիքի ներկայացուցիչը դատարանում՝ Մարո Խաչատուրյանն ասաց. «Մենք խնդրել ենք դատարանին, որ հենց ամսական 70.000 ՀՀ դրամ գումարի չափը հաշվարկի՝ հաշվի առնելով պայմանագրի կատարման կանոնները, մինչ այդ կատարված գործողությունները, բանակցությունները կողմերի միջեւ եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության որոշումը կարգավորում է ոչ թե մասնավոր ֆիզիկական անձանց հարաբերությունները, այլ պետական հիմնարկներին ամրակցված գույքը վարձակալելու վերաբերյալ հարաբերությունները»:

Այդուհետեւ՝ դատավոր Կարեն Չիլինգարյանը հարց ուղղեց Մարո Խաչատուրյանին, թե ինչի՞ համար քաղաքապետարանը պետք է գումար վճարի ըստի պայմանագրի, Մարո Խաչատուրյանն ասաց. «Եթե խախտել է իր կողմից նշված պայմանը՝ բնակարանը հանձնելու վերաբերյալ»: Դատավոր Կարեն Չիլինգարյանը կրկին հարց ուղղեց Մարո Խաչատուրյանին, թե՝ ի՞նչ գումար պետք է ձեզ վճարեր քաղաքապետարանը: Մարո Խաչատուրյանն ասաց. «Պայմանագրով որոշակի կետ էր նշվել, որը հղում է կատարում Երեւանի ավագանու որոշմանը: Եթե մենք մեկնաբանում ենք պայմանագիրը, այն իրենից ներկայացնում է կետանց քաղաքապետարանի կողմից: Սահմանված է եղել հիմնական պարտավորության կատարման համար: Մենք առանձնացրել ենք տուժանքը եւ վնասը, ինչն իրենից ներկայացնում է պայմանագրի ապահովում: Այն, որ սահմանված է, թե՝ քաղաքապետարանի կողմից ժամանակավոր բնակվելու համար վարձավճար պետք է տրամադրվի, եթե մենք այդ տեսանկյունից դիտարկենք, ապա անձը կարող է գնալ ամենահարուստ շենքում ապրել եւ բերել ներկայացնել աստղաբաշխական թվեր, ապա նշանակում է, որ այդ պայմանագրի համաձայն՝ քաղաքապետարանը պետք է աստղաբաշխակա՞ն գումար վճարի»: Դատավոր Ամրահի Պետրոսյանն ասաց, որ գումարը պետք է վճարվեր այնքան, ինչքան որ ավագանու եւ կառավարության որոշմամբ էր սահմանված: Այդ ժամանակ Մարո Խաչատուրյանն ասաց, որ ավագանու եւ կառավարության որոշմամբ հաշվարկված գումարը շատ չնչին թիվ է կազմում:

Մարո Խաչատուրյանն ասաց նաեւ, թե ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքապետարանը պայմանագրով ստանձնել է պարտավորություն, որը չի կատարել սահմանված ժամկետում եւ ինն ամիս շարունակ նրա վստահորդը՝ Գրիգոր Գասպարյանը, ինչպես նաեւ նրա ընտանիքը բնակվել են վարձակալած բնակարանում. «Քաղաքապետարանի պարտավորությունը ծագել է 2012թ. նոյեմբերի մեկից, քանի որ մինչ այդ վստահորդիս բնակարան չի տրամադրվել, իսկ նրանց միջեւ կնքված պայմանագրով քաղաքապետարանը պարտավորվել է իր վրա ստանձնել անձի կրած վնասները, այն է՝ տալ վարձավճար մինչ նոր բնակարանի տրամադրումը»,- ասաց Մարո Խաչատուրյանը:

Գասպարյանների վարձավճարի վերադարձման գործով բողոքի վճիռը կհրապարակվի 2014թ. նոյեմբերի 13-ին:

Վերջում հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Գասպարյանների ընտանիքի միջեւ կնքվել էր պայմանագիր, համաձայն որի՝ Երեւանի քաղաքապետարանը պարտավորվել էր մինչեւ 2012 թ. նոյեմբերի 1-ը Սիսակյան փողոցի 22 հասցեում կառուցվող շենքի 18 բնակարանի նկատմամբ անհատույց օտարելու մասին պայմանագիր չկնքելու կամ նշված բնակարանը պայմանագրի 2. 4 կետի 2. 4.1 ենթակետում նշված ժամկետում չհանձնելու դեպքում վճարել Գրիգոր Գասպարյանի եւ նրա ընտանիքի մյուս անդամների ժամանակավոր կացարանում բնակվելու վարձավճարի գումարը, որը կգոյանար 2012 թ. նոյեմբերի 1-ից հետո: Պայմանագրում նշված ժամկետը մոտեցել էր փաստացի ավարտին: Այսինքն, 2012 թ. նոյեմբերի մեկից հետո պարոն Գրիգորն ընտանիքի անդամների հետ բնակվել է վարձավճարով բնակարանում, իսկ նոր կառուցված բնակարանն այդ ժամանակ հանձնված չի եղել նրանց: Այդ ժամկետից հետո Գասպարյանները վարձավճարով բնակարանում բնակվել են 9 ամիս եւ ամսական վճարել 70.000-ական ՀՀ դրամ վարձավճար, իսկ պայմանագրում նշված է, որ տվյալ ժամկետի ընթացքում բնակարանը Գասպարյաններին չհանձնելու դեպքում քաղաքապետարանը պարտավորվում է վճարել նրանց վարձակալվող բնակարանի ամսական վարձի չափը, որը չի կատարել:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930