Նոյեմբերի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը հրապարակեց բժիշկ Ենոք Աբրահամյանի ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի (ներկայացուցիչ Հայկանուշ Սուքիասյան) ` գործով վճիռը:
Դատարանը կիրառեց հայցային վաղեմություն, Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ Աշոտ Մելոյանի (լուսանկարում)` Աշոտ Մելոյանին վիրավորանք հասցնելու համար համացանցի միջոցով հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և 1.000.000 դրամ բռնագանձելու, զրպարտության համար ֆեյսբուքյան էջում զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և 2.000.000 դրամ բռնագանձելու պահանջների մասին, մերժեց:
Ինչպես տեղեկացրել ենք դատարան դիմելուց առաջ, Ենոք Աբրահամյանը աշխատել է է «Վլադիմիր Ավագյան» բժշկական կենտրոնում որպես լազերային վիրաբուժության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան:
Աշոտ Մելոյանը 31.03.2014թ. ֆեյսբուքի իր էջում տեղադրել է իր բժշկի լուսանկարը, ` գրելով. «Ահա այն «Բժշկի» դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ»: Ապա շարունակել է.«Ահա այն ստահակի դեմքը ով դեռ շարունակում է աշխատել որպես «բժիշկ» ողնաշարաբան: Լավ հիշեք այս դեմքը… Ով չի հավատում, որ նրա վրա քրեական գործ է հարուցված եղել, թող գրի ինձ և ես ցույց կտամ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները չորս անգամ կարճել են… Ցույց կտամ 5 դատաբժշկական փորձագետների իրարամերժ եզրակացությունները… դատական ձայնագրությունները, թե Յուրի Աբրահամյանը ոնց չէր կարողանում ինձ հետ դատարանում բժշկություն թեմաներով հիմնավորել իր արած կամ չարած գործողությունները, ոնց էր լեզուն կապ ընկել… Ահա այն ֆաշիստը, որը ոչ մի անգամ ներողություն չխնդրեց, ոչ մայրիկիցս ոչ ինձանից, և ոչ էլ մեր ընտանիքից»:
Բժիշկն իր հայցում նշել էր, որ երկու անգամ նամակով դիմել է Աշոտին` պահանջելով մաքրել և հերքել գրված զրպարտանքը, ներողություն խնդրել, սակայն պատասխանողը ոչ միայն չի հերքել. «Դեռ ավելին, սպառնացել է, որ չկատաղեցնեն իրեն, և որ ավելի վատ կլինի»:
Բժիշկը նշել է, որ իր վստահորդը պատասխանողի գործողությունների արդյունքում շուրջ երկու տարի կրել է նյութական և բարոյական վնասներ, բայց մարդկային վերաբերմունք դրսևորելով` պատճառված վնասների փոխհատուցման պահանջով չի դիմել, սակայն պատասխանողը դա չի գնահատել:
Պատասխանողի ներկայացուցիչ Հայկուհի Սուքիասյանը դատարանին տեղեկացրել էր, որ իր վստահորդը ճանաչել է բժշկին դեռևս 2007 թ. փետրվարից, երբ դիմել էր նրան իր մորը` Արշալույս Մելոյանին, բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ըստ դատարան ներկայացված առարկությունների. «Ենոք Աբրահամյանն առանց հիվանդին տեսնելու, նախկինում պատասխանողի կողմից արված ՄՌՏ հետազոտությունների հիման վրա Արշալույս Մելոյանի հիվանդությունն ախտորոշել է որպես հետկլիմակտերիկ «Օստեոպորոզ» և հիվանդին ամբուլատոր պայմաններում բուժել իր կողմից նշանակված «Վիվալոս», «Միակալցի սպրեյ», «Օստեոգենոն», «Կալցիմին ադվանս», «Նիկոմեդ Դ-3», «Քսեֆոկամ», «ԲոնՎիվա», «Ռոկարդրոլ», «Ռետաբոլիլ», «Պոլին» դեղամիջոցներով: Բուժումը սկսելուց վեց ամիս անց Ենոք Աբրահամյանը, տեսնելով, որ Արշալույս Մելոյանի առողջական վիճակը վատթարանում է, ինչպես նշել է քննիչ Ռ.Նազարյանը իր որոշման մեջ, նշանակում է «Ֆորտեո» կոչվող հորմոնային դեղամիջոցը: Այդ դեղամիջոցի ընդունումը կտրուկ վատթարացնում է իր վստահորդի մոր վիճակը:
Դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո իր վստահորդի մոր զույգ ազդոսկրերը կոտրվում են, որի պատճառը պարզելու նպատակով 01.11.2007թ. իր վստահորդը դիմել է Բ.Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն», որտեղ նրա մորը հետազոտելուց հետո, պարզվել է, որ վերջինս տառապում է ոչ թե հետկլիմակտերիկ «օստեոպոռոզ» հիվանդությամբ, այլ ոսկրածուծի չարորակ քաղցկեղ «միելոմային» հիվանդությամբ»:
Ա.Մելոյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, հարուցվել է քրեական գործ: Շուրջ չորս տարի տևած նախաքննության ընթացքում նշանակվել է հինգ դատաբժշկական փորձաքննություն, որոնցով հաստատվել է, որ հայցվորի կողմից հիվանդ Արշալույս Մելոյանի ախտորոշումը կատարվել է սխալ, կատարված բուժումներն եղել են ապարդյուն:
Ա.Մելոյանը «Սուր անկյան» N 96 թողարկման հաղորդաշարի հեռարձակումից հետո, «հանրային գերակա շահից ելնելով` իր վստահորդը փորձել է իրազեկել հանրությանը մի բժշկի մասին, ով խորը ցավ ու վիշտ էր պատճառել իր ընտանիքին, և նշված տեսանյութում ջանասիրաբար պաշտպանում էր իր գործընկեր Հորսթ Դեկկերսին, ով ԳԴՀ-ում զրկվել է բժշկական գործունեություն ծավալելու լիցենզիայից», ու կատարել ֆեյսբուքյան իր էջում վիճարկվող գրառումները:
Ըստ առարկությունների, պատասխանողի կողմից ֆեսբուքում տեղադրված նյութը վիրավորելու նպատակ չի հետապնդել, այլ ունեցել է հանրությանն իրազեկելու նպատակ :Որ դա այդպես է, հաստատվել է այն հանգամանքով, որ 2007 թվականից մինչ օրս, անկախ ամեն ինչից, իր վստահորդը որևէ կերպ երբևէ չի փորձել հրապարակայնորեն արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը` քաջ գիտակցելով վերջինիս համար դրա հնարավոր հետևանքները:
Ա.Մելոյանն էլ մեր լրատվամիջոցին ամիսներ առաջ ասել էր, որ Ենոք Աբրահամյանի դեմ քրեական գործ է հարուցված եղել, և կարևոր չէ, թե նրան մեղավոր ճանաչել են, թե ոչ: Ի դեպ, Աշոտ Մելոյանն անդրադարձել էր «ֆաշիստ» բառին` նշել. «Լինելով խորհրդային սերնդի ներկայացուցիչ` այդ բառը նրա համար եղել է անսրտության, դաժանության, անխղճության հոմանիշ, ինչն էլ մեկ բառում ներառում է այս ամենը: Պատասխանողը հայցվորին անվանել է ֆաշիստ, որովհետև հայ կնոջ համար հայ մարդն իսկապես պետք է սրտացավ լիներ, որովհետև Ենոք Աբրահամյանը սառնասրտորեն, առանց հետագայի մասին դատողություններ անելու, «Ֆորտեո» դեղամիջոցը ներարկել է Արշալույս Մելոյանին»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Բժիշկը նշել է, որ իր վստահորդը ???????