Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Առավոտը» թերթ էր, որ կրթում ու լուսավորում էր հանրությանը»

Նոյեմբեր 10,2014 13:00

Երվանդ Բոզոյանը հիշում է «Առավոտում» աշխատած տարիները

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն «Առավոտում» աշխատել է թերթի հիմնադրումից մի քանի ամիս հետո: Խմբագիր Արամ Աբրահամյանն է առաջարկել նրան աշխատանք: Ասում է՝ իրեն հետաքրքիր էր «Առավոտում» աշխատանքը: «Առավոտը» փորձում էր ներկայանալ որպես բարեփոխումների կողմնակից, ոչ թե բոլոր իրավիճակներում իշխանությանը պաշտպանող, կամ միշտ ընդդիմությանը քննադատող, փորձում էր իմաստավորել այն պրոցեսները, որոնք գնում էին երկրում»,- ասում է պարոն Բոզոյանը:
«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ զրուցել ենք նրա հետ: Մինչ «Առավոտը» աշխատել է «ԱՐ» շաբաթաթերթում, «Մաշտոց» օրաթերթում եւ շատ այլ լրատվամիջոցներում:

«Ես սկզբից հարցրեցի Արամին՝ ի՞նչ կոնցեպտ պետք է ունենա թերթը, նա ինձ բացատրեց, որ այն չպետք է լինի իշխանության թերթ, այլ պետք է փորձի հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ կան երկրում, տեսնել՝ ինչպե՞ս կարելի է դրանք լուծել»,- խմբագրի հետ օրաթերթում աշխատանքի անցնելու մասին առաջին խոսակցությունն է հիշում պարոն Բոզոյանը: Ասում է, որ «Առավոտում» գրել է քաղաքական, տնտեսական թեմաներով: Իսկ երբ օրաթերթում հրապարակվեց «Տնտեսական» ներդիրը, խմբագիրը նրան վստահեց ներդիրի պատասխանատուի աշխատանքը: «Ես բավական լուրջ մոտեցա այս խնդրին: Եվ բավականին գոհ եմ եւ համարում եմ, որ բավականին լուրջ գործ եմ արել, ներդիրը իր գործն այդ ժամանակ կատարել է»,- ասում է Երվանդ Բոզոյանը: Պատմում է, որ հրապարակվող բոլոր վերլուծական հոդվածներն արժանանում էին ուշադրության: «Այն ժամանակ իշխանական եւ ընդդիմադիր ուժերի պայքարն ընթանում էր լոկ քաղաքական դաշտում, բայց ոչ մեկը լուրջ վերլուծություններ չէր անում, թե երկիրը ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած, ի՞նչ խնդիրներ պետք է լուծել, ի՞նչ բարեփոխումներ պետք է անել: Մենք դա անում էինք, փորձում էինք վերլուծել, մեր երկրի խնդիրները համեմատում էինք տարբեր երկրների հետ, օրինակ, նույն Թայվանի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի, Լեհաստանի անցումային փուլի առաձնահատկություններն էինք ուսումնասիրում եւ փորձում հասկանալ, թե ինչ սխալներ է անում մեր պետությունը, ցույց էինք տալիս ճիշտն ու սխալը: Կարող եմ ասել, որ այդ մակարդակի վերլուծություններ եւ այդպիսի լուրջ քննարկումներ, ցավոք, ոչ այն ժամանակվա իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը չէին անում: Գնում էր միայն չոր պայքար, ով ում կհաղթի»,- ասում է պարոն Բոզոյանը:
«Առավոտի» բոլոր հրապարակումներն ազդեցիկ էին, ըստ պարոն Բոզոյանի, այն ժամանակ օրաթերթը լուրջ դերակատարում ուներ վերնախավին կրթելու, դաստիարակելու առումով. «Գուցե մի քիչ կոպիտ կհնչի, բայց «Առավոտը» որոշակի լուսավորչական դեր ուներ: «Առավոտը» թերթ էր, որ կրթում ու լուսավորում էր հանրությանը, չէր մտնում բամբասանքների մեջ»:

1990-ականների սկզբին թերթերի դերը, ըստ մեր զրուցակցի, ավելի բարձր էր, մարդիկ հետեւում էին ու կարեւորում դրանք, այսօրվա պես չկային լրատվական կայքեր, կային մի քանի հեռուստաընկերություններ, որոնց հասարակությունը հավատ չէր ընծայում, իսկ էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում միակ հավաստի խոսքը հասարակության համար դարձել էին թերթերը: «Առավոտը» ամենավստահելիներից էր:
«Այն ժամանակ կային իշխանական եւ ընդդիմադիր թերթեր, որոնք իրար հայհոյում էին տարբեր մակդիրներով ու պիտակներով: «Առավոտը», բնականաբար, դա չէր անում, եւ եկել էր լրացնելու այն բացը, որը հետաքրքիր էր ավելի լուրջ հասարակությանը, որին հետաքրքիր չէր լեզվակռիվը՝ ով ում պետք է ղեկավարի, ով ում բարեկամն է, ինչպե՞ս պիտի հաղթի եւ այլն, այլ ներկայացնում էր՝ որո՞նք էին Հայաստանի խնդիրները, ինչպե՞ս կարելի է լուծել դրանք,- ասում է Երվանդ Բոզոյանը եւ ավելացնում,- «Առավոտը» ժամանակի լավագույն թերթերից մեկն էր: «Առավոտից» բացի, կընդգծեի նաեւ «Ազգը»: Սրանք այն թերթերն էին, որոնց հանրությունը սպասում էր»:

Պարոն Բոզոյանը եւս, ինչպես բոլորն «Առավոտից», օրաթերթում աշխատած իր գործընկերներին ջերմությամբ է հիշում, ինքն էլ է հավաստում՝ «Առավոտի» կոլեկտիվը շատ լավն էր, մարդկային հարաբերությունները ջերմ էին, հատկապես Ժենյային (Գենոֆիա Մարտիրոսյան) է հիշում, ասում է՝ շատ առաձնահատուկ հումոր ուներ, հաճելի կոլեկտիվ էր, ոնց որ միասնական մի օրգանիզմ լիներ, մի տեղ էր, որտեղ, եթե մարդը ոչ ստանդարտ մտածելակերպ ուներ, կարող էր ինքնադրսեւորվել:

«Առավոտում» աշխատելուց հետո պարոն Բոզոյանը ստեղծել է արդեն իր սեփական թերթը՝ «Հայկական ժամանակը», որը որոշ ժամանակ հետո փակվել է, դրանից հետո աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերությունում՝ որպես տնտեսական եւ քաղաքական հաղորդումների խմբագիր, վարում էր նաեւ վերլուծական հաղորդում: «2003-ին՝ «ԱՐ»-ի փակվելուց հետո՝ ես ավելի պասիվ զբաղվեցի այս գործունեությամբ, հետո 2008-ից հետաքրքրություն առաջացավ վերլուծական աշխատանքի ուղղությամբ, 2011 թվականին հիմնեցի Zham.am -ը եւ մինչ օրս էլ այդ կայքի խմբագիրն եմ»,- ասում է նա:

Այժմ «Առավոտին» հետեում է որպես ընթերցող, մրցակից լրատվամիջոցի խմբագիր, նաեւ քաղաքագետ Երվանդ Բոզոյանին հաճախ են «Առավոտի» լրագրողները՝ որպես փորձագետի, դիմում: Տարիների ընթացքում, ըստ պարոն Բոզոյանի, օրաթերթը փոխվել է, եւ փոփոխությունները ժամանակի պայմանների ու պահանջների հետեւանքով են:
Ցանկանում է, որ «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, որն իր բնույթին համապատասխան հանդարտ, տոլերանտ լրատվամիջոց է ստեղծել, շարունակի պահպանել իր քաղաքականությունը՝ թերթում բազմակարծություն ապահովելով. «Բայց նաեւ կցանկանայի, որ նա իր թերթը կրկին դարձներ առաջվա նման լուսավորչական»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930