Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հովհաննիսյան. Անանուն շուն (պատմվածք)

Նոյեմբեր 10,2014 11:34

Նա ծովափի սովորական շուն էր՝ մեկը նրանցից, որոնք գիշերն անցկացնում են տաք խիճերին, ցերեկը մեծերի քննախույզ, անհանդուրժող հայացքների ներքո առանց խորշելու ուտելիքի մնացուկ հայթայթում, կշտանալուց հետո թավալ տալիս ավազներին, անգամ ջուրը մտնում, մեծահոգաբար թույլ տալիս քաշքշել ականջներից, խրոխտ կեցվածք ընդունած նկարվել հետը:

Պատմածս օրերին լողափը դատարկ էր, ավազը՝ թաց, դեկտեմբերյան արևն ուժատ՝ որևէ բան փոխելու: Ալեբախությունը սրբել-տարել էր հանգստացողների հետքերը, և դժվար էր հավատալ, թե առանձին ամիսների ծովեզրն առավոտից իրիկուն դարչնագույնին է տվել հոծ մարմիններից, իսկ ափին զարկվող ալիքի ձայնը խեղդվել է մարդկային ժխորում: Ավազուտի երկարությամբ տնկած ժանգոտ խարսխացցերին վաղուց զբոսանավ չէր կառանել՝ օդը լցնելով բարձրախոսից հորդող խռպոտ հնչյուններով: Ալիքները խփվում, ետ էին գնում, ասես մեկը հսկայական կարպետ փռելիս լիներ և չկարողանար, թևերի բացվածքը հնարավորություն չտար, սակայն անձանձիր՝ նույնը կրկնում էր հարյուր, հազար անգամ, մինչև անծիր հյուսվածքը բացվի ուզածի պես, ծալք ու կնճիռ չունենա: Այսուայնտեղ ընկած էին մնում սոճու տձև կոճղարմատները, որոնց ալիքը ոչ մաշել էր ի վիճակի, ոչ գիրկն առնել: Ափամերձ մի քանի ծառերի ևս նույն ճակատագիրն էր վիճակված. ջուրը տարել էր տակի ավազը, ու նրանք չընկնելու համար հենվել էին մյուսներին՝ ջարդոտելով կատարները, ճզմելով ցանցկեն պատը: Ցանկորմից այն կողմ արգելագոտի էր, թեև անտառի խորքը տանող արահետները վկայում էին, որ ժամանակին փորհարինքով տառապողները կարևորություն չեն տվել յուրաքանչյուր երկու հարյուր մետրը մեկ ամրացված ցուցանակին և կամ՝ չեն վախեցել տուգանվել:

Շունն այնտեղ էր գիշերում՝ միմյանց վրա դարսած լոգամահճակների տակ: Թե ինչու էր հանգստատան հազար ու մի ծակուծուկ թողած այդտեղ հասել, հետո հասկացա: Նրա հետ ծանոթացել էի գալուս երկրորդ օրը: Բացօթյա ավազանում լողում էի, վայելում մենակ, առողջ լինելու և գոլ աղաջրի հաճույքը, երբ բռնեցի ափից ինձ հետևող հայացքը: Միջինից ցածր, լոշտակ ականջներով երկարապոչ շուն էր, մազերը փարթամ, կեսը՝ սև, կեսը՝ գունատ ճերմակ: Փորի տակ կարմրին էին տալիս երկարուկ կրծքերը: Ընդհանրապես մարդկանց մեծ մասը էգ շներին տանել չի կարողանում. նախ՝ կռվարար չեն և հետո՝ գարնանը, տաքերն ընկնելու հետ փորձանք են դառնում, տասը-տասնհինգ իրենց նմանի ետևը գցած տակնուվրա անում մարգերը, հարևանների կռվի պատճառ դառնում: Իմ խնդիրն ուրիշ է՝ նրանք ինձ հիշեցնում են մեր Չալո շանը, որին թաղի տղաները զուգավորման պահին քարծեծ արել, ապա և եղանի պոչով ողնաշարը կոտրել էին: Ընկերը մի կերպ պոկվել փախել էր, իսկ ինքն այդպես էլ մնացել գիշերները դեռևս սառցակալող առվաջրում ու փայտացել: Հորս կարգադրությամբ ես ու եղբայրս ոտքից մետաղալար կապելով՝ դժվարությամբ ձնհալի ջրերի միջով նրա թրջված, ցեխակոլոլ մարմինը քարշ տվինք գյուղից դուրս: Ես այն ժամանակ կլինեի, երևի, տասը, եղբայրս՝ տասներկու տարեկան: Հիշում եմ, երբ մարմինը քարի էր առնում, թեքում էինք երկաթալարի ուղղությունը և, տեղապտույտ տալով, շրջանցում արգելքը: Հայրս ասել էր , որ կոլտնտեսության սպանդահորը նետենք, սակայն չկամենալով նրան որդոտած, նեխահոտ արձակող դիերին խառնել, Նախիրգնայի մոտ թեքվելով՝ ուղղվեցինք փլփլած մարագի կողմը և, պատերից մեկը քանդելով, ինչքան հող, խիպար կար, լցրինք Չալոյի վրա: Դեռ ականջումս է ընկնող լեռ քարերի խուլ թմփոցը, որքան էլ ջանում էինք զգուշորեն, մեկիկ-մեկիկ ցած բերել: Եվ մեր լացն եմ մտապահում:

Շունը մի քանի անգամ գնաց եկավ իմ դիմաց, հետո ետևի ոտքերին պպզեց: Թվաց, նրան ևս հաճելի էր ջրից արտածող ջերմությունը, որ մառախուղի պես կանգնել էր ավազանին:

-Հը՛, ցու՞րտ է:

Նա իմ տրամադրությունը, բնականաբար, չկիսեց. ոչ մեկտեղանոց համարում էր ապրում՝ լոգարանով, ոչ օրը երեք անգամ կերակրում էին, ոչ իսկ թաքուն արկածների ակնկալիք ուներ:

-Անունդ, գոնե անունդ ասա՝ Շարի՞կ, Բողա՞ր…

Զբոսանքի ելած հանգստացողներ մոտեցան, և մեր ծանոթությունը դրանով ավարտվեց: Ապա նրան տեսա ընթրիքից առաջ՝ պատշգամբ մագլցած բաղեղների տակ շրջելիս: Ներսից թմբկահարեցի ապակին, սակայն անտարբեր՝ շարունակեց հոտոտելով բան փնտրել: Փորը կախ էր ընկած, ոտքերը, թվաց, ծանրությունից փոքր ինչ ճողվել են: Աչքերից մեկի անկյունում՝ քթարմատի մոտ սառել էր ճպուռը, դնչին փոքրիկ սպի կար՝ մազածակոտիներից որոշ մեծ: Մենասեր շուն է,-որոշեցի,-նման այն մարդկանց, ովքեր խուսափում են ընկերակցությունից, համոզված, թե դիմացինն անազնիվ է խաղում և, եթե մինչևիսկ շահի ակնկալիք չունի, վնաս տալ կարող է:

Ես, կլիներ հինգ րոպե, կանգնեցի. միջնորմի դեր կատարող ապակին հնարավորություն էր տալիս ամենայն մանրամասներով ուսումնասիրել կենդանուն: Չորացած ծաղկանոցով քայլելիս պտուկները քսվում էին ծաղկակոթերին, նկատելի տարուբերվում: Հղիության վերջին օրերն են, եթե ոչ վերջինը,- գլխի ընկա, և այդ պահից նրա գոյությունը կարևորվեց: Ընթրիքը կիսեցի հետը՝ գոհանալով մսաբլիթով, խավարտով, կարագ-հաց-թեյով: Պարզվեց, բարեկիրթ շուն է, ոչ երախտամոռներից, որովհետև քիչ հետո, երբ կիսավերարկուս վերցնելով ետ եկա, առաջ ընկած, ասես նախապես գիտեր գնալիքս, ուղեկցեց մինչև կինոդահլիճի դուռը, որը հիմնական մասնաշենքից հեռու էր, առանձին: Հին, հազար ու մի պակասություններով ժապավեն էին պտտում, ինչպիսիք սովորաբար ցուցադրում են հանգստյան տներում և առողջարաններում՝ գիտենալով, որ մարդկանց մի մեծ խումբ անխտիր դիտում է՝ միայն թե ժամանակ սպանի: Ընդամենը երկրորդ օրն էր, մեծ մասս մեկմեկու, վայրին անծանոթ, և ահա նստել՝ լրջմիտ, լրջդեմ դիտում ենք: Անշուշտ, մաքուր օդում զբոսնելը շատ ավելի հետաքրքիր էր, օգտակար: Կեսից գլխի ընկնելով այդ պարզագույն ճշմարտությունն ու կորցրած ժամանակի պատճառով նեղսրտած՝ հարմար պահի ելա:

Շունն ինձ էր սպասում: Առաջինը լինելու, քայլելու պատիվը միմյանց զիջելով՝ գնացինք մինչև լողավազան, ապա, շրջանցելով նոճիների շարքը, հասանք ափ: Ծովը չէր երևում, ու եթե չլինեին հեռվում խարիսխ նետած նավերի առկայծումները, ջրի խշշյունը, կարելի էր շփոթվել: Երկա՜ր քայլում էինք ափի երկայնքով՝ ուղեցույց ունենալով խավարում կաթնագույնին տվող խճաքարերի երիզը: Ես նրան իմ մասին պատմեցի, հետո այդ օրը երկրորդ անգամ փորձեցի ճշտել անունն ու, այդպես էլ արդյունքի չհասնելով, կնքեցի Անանուն:

Հաջորդ օրը ևս մի քանի անգամ հանդիպեցինք, որից հետո նա կորավ: Հարցուփորձ արի կաթսայատան աշխատողին, ով միաժամանակ պատասխանատու էր ավազանի ջերմության համար, դիմեցի սեղանակիցներիս օգնությանը: Արտաքինի նկարագրությունը խնդրին չօգնեց, մանավանդ նրանք առանձնակի հետաքրքրություն չդրսևորեցին, և հարկադրված էի ապավինել ժամանակին: Որքան հասկացա, շրջակայքը լի էր նման անտերունչ շներով, կատուներով՝ մասնավորապես, և բոլորն օգտվում էին ճաշարանի թերմացքից, այնպես որ՝ հանգստացողները հասցրել էին ձանձրանալ, իսկ աշխատողները պարզապես կուշտ էին:

Նրան գտա պատահաբար: Միայնակ զբոսնում էի ափին, երբեմն-երբեմն քար շպրտում ծովը, հետևում ճայերի թռիչքին, հետո ձանձրելով նույնից, մտա սոճուտը՝ կոն հավաքելու: Մահճակների տակ շարժում նկատելով՝ առաջացա, սակայն քայլ չարած, ստիպված էի կանգնել. գռմռոց էր գալիս:

-Հե՛յ, ինչացու՞ ես,-չիմանալով անելիքս՝ հարցրի, միաժամանակ կռացա՝ ջանալով տեսնել:

Մռլտոցը վայրկյան անց փոխվեց մռնչյունի, և ես, խոստովանանք լինի,աճապարանոք ետ-ետ գնացի, որովհետև տեսա առաջացող մարմինն ու երկու հրացայտ աչք:

-Դե, դե, քո հավին ո՞վ քշա ասաց,-դեռևս չիմանալով, թե ինչ գազանի հետ գործ ունեմ, հաշտ նկատեցի, իսկ աչքս փայտ էր որոնում. մեկ էլ տեսար վրա պրծավ:

-Ախ դու, ավազակ,-ճանաչելով Անանունին՝ մեկից հանդարտվեցի,-այ թե ուր էիր կորել:

Նա շարունակեց ինձ նայել բարկացկոտ, ասես բոլորովին չի ճանաչում: Զայրույթից վերին շուրթը քշտվել էր, առջևի թաթերն ամուր խրել էր խաշամի մեջ: Տպավորությունն այնպիսին էր, թե պատրաստվում է ցատկի:

-Հանգստացիր, քեզ ի՞նչ եղավ,- ձայնիս հնարավորինս փաղաքշանք հաղորդեցի: -Քո թշնամի՞ն եմ, ինչ է:

Խոսքիս տոնը վերջապես ազդեց. շուրթերը դանդաղ ծածկեցին ատամնաշարը, հայացքը մեղմացավ, թեև մնում էր մտերմություն չհանդուրժող: Նիհարել էր, մի տեսակ սմքել, իսկ հայացքում, ինչպես ասացի, չարություն կար, չորություն, բան, որ նախկինում չէի նկատել: Նա հետ-հետ գնաց և, դեմ առնելով դարսակներին, կանգնեց:

-Դե, այդպես ասա,-վերջապես հասկացա ես: -Թե չէ… մայրությունն է մեջդ խոսում, ինչու՞ կճանաչես:

Չգիտեմ, ըմբռնու՞մ էր, երևի, այո, որովհետև հետզհետե հանգեց աչքերի կրակը, պոչը թողեց, և ներողության պես մի բան կախվեց պռոշից ու թվաց՝ սպին ավելի է խոշորացել:

-Սովել ես, իմ խեղճ Անանուն: Ուրեմն՝ երկու օր պատառ չես առել բերանդ: Իբր, ցնկնելու ցավը քիչ է, հիմա անոթությունն է նեղում: Վախենում ես ձագերիդ մենակ թողնել, հա՞:Ուրիշ ի՞նչ անես, շուրջբոլորդ հազար չուզող, թշնամի աչք կա: Բա հա՞յրը: Ասենք, ի՞նչ եմ հարցնում. ամառ էր, լուսնկա գիշեր, ծովափում մարդ-անասուն՝ բոլորը նույն գործին էին, դու էլ հավեսի ընկար, էլ չասիր՝ էս ձմեռնամուտին ո՞նց եմ պահելու: Այսինքն, ոչինչ, այստեղ առանձնակի ցուրտ չէ, իսկ կեր… Հիմա մի բան կմտածեմ:

Մոտակա կրպակում պանրից զատ հարմար բան չգտնվեց: Երեք հարյուր գրամի չափ առա՝ մեկ ռուբլու և աճապարեցի ետ: Դեռ հեռվից, որպեսզի անակնկալի չգա, ձայն տվի: Իսկապես սոված էր, որովհետև մի շնչի կերավ: Այդպես շարունակվեց հինգ օր: Յոթ ձագի համար միայնակ կեր հայթայթել, բնականաբար, դժվարանում էր, ու ջանում էի օգնել: Մի քանիսը ևս իմացել էին և երբեմն-երբեմն անձեռոցիկում փաթաթած կոտլետ, ճարպի կտոր, ոսկոր էին տանում: Ասել եմ՝ մանկությանս տարիներին Չալո անունով շուն ունեինք ու գիտեի՝ դժվարն առաջին մի քանի օրն է: Ամենակարևորը՝ չսառչեն, հետո, երբ մազերը գան, աչքերը բացվեն, ամեն ինչ հեշտ կընթանա: Բայց…

Այդ օրն ամբողջ ցերեկն անձրև էր գալիս: Պատկերացրեք դեկտեմբեր ամիս և՝ անձրև: Չռռում էր ու չռռում: Ճաշից հետո կանանցից մեկի անձրևանոցը խնդրեցի, մի կերպ հասա սոճուտ: Նույնիսկ ալարեցի կռանալ՝ տեսնելու տեղու՞մ են: Կերը շպրտելով՝ նույն արագությամբ դարձա: Հետո ինձ նախատում էի վարմունքիս համար, բայց էլ ի՞նչ: Համբերեք, կպատմեմ հերթականությամբ: Երեկոյան պատրաստվում էի քնել, երբ դրսից դուռը չանգռեցին: Կարծեցի հավաքարարն է հատակը փայլեցնում, և պատահաբար փայտն առել է դռանը: Սակայն խշխշոցը շարունակվում էր: Բացեցի դուռն ու տեսնեմ՝ Անանունը. պպզած ինձ է նայում: Թե ինչպես էր գտել սենյակիս դուռը, հարկը, մնում է հանելուկ: Բայց այն ժամանակ, հիշում եմ, չզարմացա, պարզապես արցունքոտելու աստիճան զգացվելով՝ ուրախ-ուրախ ներս առա: Ուտելիք, լավ է, ունեի, թեև՝ քաղցրեղեն: Խեղճը ոտքից գլուխ ջուր էր: Առաջին հերթին ոտքի սրբիչով լավ չորացրի, ապա փորձեցի կերակրել, սակայն բերանը բան չառավ: Շարունակ վնգստում էր, քսմսվում ազդրերիս, գլխով ցույց տալիս դուռը:

-Դու՞րս ես ուզում: Մի վախենա, կճամփեմ: Տաքացիր՝ հետո:

Ծիծաղելի չթվա, եթե ասեմ՝ հյուրընկալողի դերում էի զգում, պատասխանատու: Այդ կերպ մարդ հուզվում է, երբ սրտամոտ մեկը տուն է գալիս ու անպայման ուզում ես պատված, գոհացրած լինել:

-Դե, սու՛ս, հարևան սենյակից կլսեն: Առանց այդ էլ ոտնահետքերդ միջանցքում մնում են:

Առաջին հարկի սանդղահարթակի մոտ նրան առաջ թողեցի, սակայն անհանգստությունս անտեղի էր. խցիկում պահակ չկար: Վերարկու չէի վերցրել, առանց անձրևանոցի իմաստ չուներ մթնով ուշ ժամի անտառ ուղեկցելը, և ես դուռը կիսաբաց անելով՝ դարձա նրան.

-Չեմ գալու. տեսնում ես՝ անձրև է, ընդ որում՝ քամու ուղեկցությամբ: Լավ կլինի շարժվես, թրջվեցիր:

Հայացքում աղերսանք, ինչ-որ բանի ակնկալիք կար, որը դեռ վերևում էի նկատել: Նման արտահայտություն մեկ էլ համրերի դեմքին եմ տեսել, երբ ջանում են կարևոր բան հաղորդել, սակայն լարումից պարզապես այտերի մկաններն են պրկում, շրթունքները ծռվում և լայնանում բիբերը: Նա նստեց շեմասալին, իսկ ես դուռը գոցելով բարձրացա՝ այդ օրը, թերևս, երկրորդ սխալը թույլ տալով:

Առավոտյան երկինքը խաղաղվեց: Դրսում տանելի տաք էր, անձրև չկար, և եթե թիկունքի ձյունապատ լեռնակատարները չլինեին, կարելի էր կարծել գարուն է կամ սեպտեմբեր: Նախաճաշից հետո շտապեցի ափ. մասամբ խղճի խայթ էի զգում, բացի դա՝ կամենում էի մոտիկից տեսնել ալեբախությունը, որը, որպես կանոն, առժամանակ շարունակվում է՝ անգամ երկնքի պարզելուց հետո: Օդը մաքուր-մաքուր էր, եթե չհաշվենք աղահոտը: Ծովի վրա այսուայնտեղ փրփուր կար, ինչը ճայերին վախեցնել, իհարկե, չէր կարող: Նրանք թևում էին, ժամանակ առ ժամանակ ձանձրանալով խաղից՝ նստում ջրին և անտարբեր ճոճվում, մինչդեռ ծովը մռնչում էր, ճապուկ գազանի պես ցնցում, տարուբերում մարմինը՝ ջանալով կոհակի տակ առնել իր ուժի առաջ չկեռվողներին: Ցամաքին չհասած՝ վիթխարի հսկան էլ ավելի մոլեգնելով՝ նկատելի կծկում էր պարանոցն ու զայրույթից սպիտակ շրթունքները խածնելով՝ հարձակվում ավազուտների, խճաքարերի վրա, բերանն առնում կոճղարմատներն անգամ, սակայն չկարողանալով կլլել, դեն էր շպրտում, ապա աճապարում ետ՝ վախենալով կորցնել մեծ մորը:

Անանունը ոչ մի տեղ չէր երևում: Կես ժամի չափ կլիներ դեսուդեն էի քայլում ավազներին, դիտում, թե ալիքներն ինչպես են մաքրում ոտնահետքերս, երբ գլուխս բարձրացնելով՝ տեսա նրան: Բերանում բան կար: Հասնելով՝ դրեց, այնուհետ սկսեց ճանկերով քանդել ավազը, ապա բերածը, որ մսակտոր թվաց, դնչով գլորեց փոսը, նույն հապճեպով ծածկեց և, գլուխը դնելով հողաթմբին, գոցեց աչքերը: Այնքա~ն խղճահարույց էր տեսքը, ողջ տեսարանը, որ սարսռացի, միաժամանակ գլխի ընկա․ բերածը ձագերից մեկն էր: Այո, այո՛: Գիշերն ինչ-որ բան էր կատարվել, ավելի ստույգ՝ երեկոյան, երբ անձրև էր, քամի, այլապես նա չէր գա: Ոստնելով՝ վազքով հասա մահճակներին: Պարզվեց, ողջը մետաղալարով կապած է իրար. հավանաբար գողությունից զգուշանալու համար էին այդ կերպ վարվել: Դա մի փոքր կոտրեց վճռականությունս, գիտեի, որ նկատելու դեպքում կմեղադրեն, այդու մտադրանքիցս հետ չկանգնեցի: Պարզապես ավելի դանդաղ էի աշխատում՝ ջանալով նույն կարգով վերադարսել, բան, որ ժամանակ էր խլում:

Անանունը մեկնվել, չէր շարժվում, սակայն երբ հասա ցածի շարքերին, ելնելով՝ թույլ-թույլ մոտեցավ: Հայացքում թեթևակի, աննշմարելի զարմանք կար, կյանքը, շրջապատն ինչ-որ չափով ըմբռնելու նշան, նաև՝ հույս: Անհամբերությունից վերջին մահճակները, ուժ տալով գլխի կողմից, կտրեցի գետնից: Կասկածներ սկզբից ևեթ ունեի, այդուհանդերձ անակնկալի եկա: Գուցե դեսուդե՞ն են փախել: Զգույշ, որպեսզի չճխլեմ, իջեցրի դարսակն ու մեկ առ մեկ կողմ տարա: Շերտավոր լաթի կտորները, տրորած գետինը, մազի փնջերը բնի գոյությունն էին վկայում: Իսկ ձագե՞րը:Լաթի ծվեններից մեկին մուգ բծեր տեսա, բայց դժվար էր ասել՝ արյու՞ն է և կամ՝ որ օրվա: Մանկուց գիտեի՝ արու շները նորածին քոթոթներին երբեմն դաժանորեն խեղդում են, հոշոտում: Գուցե մոր՝ բնում չեղած ժամանակ նման մի բան էլ այստե՞ղ է կատարվել:

-Խոսիր, մի բան ասա,-աղերսանքով Անանունին դարձա:

Ապա ուշադրությունս գրավեց բնի թացությունը: Խիտ դարսած փայտազանգվածի միջով անձրևը դժվար թե անցներ: Ջուրը կարող էր լցվել միայն կից շինության տանիքից: Այդպես էլ կար. ջրհորդանները ծովին են նայում: Հորդացող ջուրը բետոնի վրայով հոսել էր, լցվել բույնը:

-Մի նայիր ինձ այդպես, այդքան խղճալի: Մեղքի բաժին ինչ-որ տեղ գուցե ունեմ, բայց դու… Քեզ մեղադրիր: Մայրական բնազդդ ինչպե՞ս սխալվեց: Ուրիշ անգամ չռռոցը չէի՞ր լսել, չգիտեի՞ր, որ ջուրն այստեղ մի ճամփա ունի:]

Կանգել, կենդանական հայացքով ինձ է նայում:

-Բոլորի՞ն ես թաղել՝ ծովի հարևանությամբ, ծփանքին ունկնդիր: Հավերժ հանգիստ անմեղ ձագուկներին: Դեռ մեծանային պիտի, թավալ տային ավազներին, մեկմեկու ականջ կծոտեին, ամռան արևը գգվեր պիտի, սեր պետք է գտնեին ու ինչե՜ր չտեսնեին, բայց… Թող քեզ սփոփի այն միտքը, որ նրանք այս անցավոր աշխարհից գնացին առանց հոգիներին մեղք բարդելու:

Ձայնիս հնչերանգն էր լալագին, թախծոտ, Անանունը մոտեցավ, գլուխը հպեց ծնկներիս. ինձ էր սփոփում: Այդպես մնացինք, երևի, երկու րոպե: Ես գլուխն էի շոյում, իսկ նա կանգնել, սպասում էր, հետո հրավիրող հայացքով քայլեց հանգստատան ուղղությամբ: Հասնելով կիսաբացօթյա սրճարանին, որը տարվա այդ եղանակին փակ էր, առաջացավ, կանգնեց ճաշասեղանի ու սալօջախի բացվածքում կիտած ճոճաթոռների առաջ: Նույն պահին կուտակի տակ բան շարժվեց, ու մի շատ պստլիկ քոթոթ վազեվազ մոտ եկավ: Մայրը մեկնվեց սալահատակին, իսկ նա դնչիկով զարկվեց կրծքին՝ շփոթմունքից չիմանալով որ պտուկը բերանն առնի: Ի վերջո բռնեց մեկն ու կախ ընկավ, մնաց: Հենվեցի մուտքի սյանը՝ սպասելով մյուսների հայտնվելուն: Սակայն, ինչպես գլխի ընկաք արդեն, ուրիշ քոթոթ չկար, թե լինեին, վաղուց կզգային մոր ներկայությունն ու որտեղ էլ լռված լինեին, ձայն կտային, մոտ կվազեին: Այդու մեկը ոչնչից լավ է: Վիշտն իմը չէր, ուստի երբ փոքրիկն ուտելն ավարտեց և տռզած՝ ելավ մոր փորին, ժպիտը դեմքիս անվարան մոտեցա: Անանունն ուղղվեց՝ պարկեշտորեն ծածկելով ամոթատեղերը, իսկ ես ձեռքս առա քոթոթին, սկսեցի փաղաքշել:

-Առյուծաձագս, կորյունս, քեզ այլևս մահ չկա, դու փոթորկին ես նույնիսկ հաղթել: Վաղամեռիկ եղբայրներիդ, քույրերիդ բաժինը ևս կեր, շուտ ուժովցիր և ապրիր նրանց փոխարեն նույնպես, նրանց կյանքը ևս՝ այս արևոտ, կանաչ-կանաչ աշխարհում:

Քոթոթն ի պատասխան մատս առավ բերանը: Ատամ դեռ չուներ, աչքերը նոր-նոր բացվել էին, մարմինը մազակալել: Օրեր հետո նա իսկապես կլորվեց, գեղեցկացավ և լավ եղանակի դեպքում հանդգնում էր դուրս հալ արևի տակ տաքանալու, հասնել գլխավոր ճեմուղի, ուր անցուդարձողներ կային: Մայրը մոռացավ ցավը, մյուս շները հանդուրժեցին քոթոթի գոյությունը, կատուները սկսեցին զգուշանալ, իսկ մարդիկ… Նրանցից մի քանիսը դժգոհել էին, որ գիշերները հաչոցների պատճառով քուն չունեն, հետո մեկը, իբր, տեսել էր շանը ավազանում լողանալիս, նույնիսկ Անանունի ձագի մասին էին տնօրենի մոտ խոսք բացել, իհարկե, ծաղկեցրած: Գուցե իսկապես կենդանին լողավազան մտել էր: Հնարավոր է, նրանք վերքերն աղաջրով ապաքինելու փորձ ունեն և կարող էին ծովի սառը ջրի փոխարեն հանգստացողներիս պես գերադասել ավազանինը, գուցեև իսկապես նրանց ներկայությունը ոմանց նյարդերի վրա ազդում էր և վարակի վտանգ կար, չգիտեմ, բայց այն, ինչ կատարվեց երկու օր հետո, սահմռկեցուցիչ էր:

Արթնացա կրակոցից: Թնդյունից ապակիները զրնգացին, ապա՝ լռությունը սղոցեց շան աղեկտուր կլանչը, որը գնալով մարեց: Բաճկոնն ուսերիս պատշգամբում ծխում էի, անորոշությունից գլուխ կոտրում, երբ հեռվում լապտերներ շողարձակեցին, այնուհետ նոր կրակոց լսվեց, ինչին հետևեց երկրորդն ու վերստին՝ շան կաղկանձ: Նկատեցի՝ ուրիշ դռներ ևս բացվեցին, և դարձյալ մի քանիսը կախ ընկան բազրիքից:  Ամեն ինչ պարզ էր: Հագնվելով՝ ցած վազեցի աստիճաններով, սակայն հերթապահը չթողեց:

-Տնօրենից կարգադրություն կա, վտանգավոր է. թափառող կենդանիներին ոչնչացնող ջոկատ ենք հրավիրել:

Թևաթափ ետ գալով՝ ելա պատշգամբ: Ձայները, որ ծովափից էին գալիս, մոտեցան: Պատրաստվում էի նախատել, երբ վերևի հարկից մի կին պոռթկաց՝ կանխելով իմ ելույթը:

-Գազաններ, ինչպե՞ս կարելի է: Քրիստոսը կպատժի ձեզ: Աստծո կրակը ձեր գլխին…

Հիմա ամեն ինչ չեմ հիշում: Թե անեծքների տարափ տեղացողն ու թե ես ու մյուս ունկնդիրները գիտեինք, որ նրանք ընդամենը հանձնակատար են, որ իսկապես էլ շներն ու կատուները պատուհաս էին դարձել, բայց հաշտվել խնդրի նման լուծման, սպանդի հետ, անկարելի էր: Մեր բուռն դժգոհությունը նրանց համար, ակնհայտորեն, անակնկալ չէր. ամեն աշխատանք առանձնահատուկ կողմ ունի: Հրացանավորներն էլի մի կես ժամի չափ կրակեցին, հետո դիերը հավաքելով՝ նստեցին մեքենան և հեռացան:

Մի կերպ լուսացրի, ապա, չսպասելով նախաճաշին, վազեցի սրճարան: Քոթոթն այնտեղ էր, իսկ Անանունը… Մինչև կեսօր փնտրեցի, սակայն ապարդյուն: Ենթադրում եմ, վտանգը ձագից հեռացնելու համար ծովափի կողմն էր գնացել՝ դառնալով հարմար թիրախ: Որոնումների ընթացքում էլ որոշեցի անելիքս: Երեք օրից ուղեգրիս ժամկետը լրանում էր: Ինքնաթիռի տոմս զլացել էի պատվիրել, և ասել էին, որ վերջին պահին մոտենամ՝ թռիչքից առաջ: Կասկածների մեջ չգիտեի՝ գնացքով տուն դառնալ, թե՞ սպասել պատեհությանը: Հարցի լուծումը տվեց քոթոթը: Վե՛րջ: Նրան հետս եմ վերցնում: Հենց այսօր: Հիմա՛: Նախընտրելին, անտարակույս, գնացքն է: Նրա համար տեղ կճարվի, հեչ որ չէ՝ կրպակավաճառից ստվարաթղթե արկղիկ կխնդրեմ:

Անանունի սերունդը պիտի՜ ապրի:

Արամ Հովհաննիսյան, «Դալուկ արև» շարքից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930