Արտերկրում գործող հայկական համայնքները, բարեսիրական եւ հայրենակցական միությունները, կրթական, եկեղեցական, մշակութային, մարզական միությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջպետական քաղաքական կազմակերպական կառույցները հսկայածավալ հայանպաստ աշխատանք են իրականացնում ոչ միայն տեղում, այլեւ միջազգային հանրությանը մեր արժեքները ներկայացնելու գործում:
Ժամանակին «Առավոտը» ներկայացրել էր զրույց՝ «Արամ Խաչատրյան» մոսկովյան հիմնադրամի նախագահ Գագիկ Գաբրիելյանի (լուսանկարում) հետ: Օրերս նա կրկին Երեւանում է ու համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում նոյեմբերի վերջերին Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Կալուգայում ռուս եւ հայ արվեստի գործիչների համատեղ համերգները կազմակերպելու նպատակով, այս դեպքում՝ որպես Ռուսաստանի հայերի միության մշակութային կապերի պատասխանատու: Պարոն Գաբրիելյանը նշեց, որ այդ աշխատանքն իրականացնում է՝ սկսած 2000 թվականից: Շատ է խոսվել Ռուսաստանի հայերի միության կազմակերպած մշակութային ծրագրերի մասին, հետեւաբար խնդրեցինք հենց այդ ոլորտի պատասխանատուին՝ փոքր-ինչ մանրամասնել այն: Մեր զրուցակիցը նախ նշեց, որ միության նախագահ Արա Աբրահամյանը այլ ոլորտների թվում շատ է կարեւորում մշակութայինը, հետո էլ հակիրճ ներկայացրեց. «Ռուսաստանի մարզերի (շուրջ 75) հայկական համայնքներում գործում են կիրակնօրյա դպրոցներ, մշակութային խմբակներ՝ պարի, երգչախմբային, թատրոն, նկարչական, ասմունք եւ այլն:
Կազմակերպվում են միջոցառումներ, անհատ կատարողների ու երաժշտական կոլեկտիվների փոխայցելություններ: Համագործակցելով Հայաստանի գրողների, կոմպոզիտորների, նկարիչների, լրագրողների միությունների հետ՝ ավանդաբար կազմակերպվում են մրցույթներ: Վերջին շրջանում միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի աշխատանքների շնորհիվ Հայաստանի մարզերում անցկացվում են ռուսական երգի մրցույթներ: Ի դեպ, Մոսկվայում ռեժիսոր Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ գործող ռուս-հայկական թատրոնը շուրջ 10 տարի արձանագրում է հաջողություններ: Մոսկվայում՝ տեղի քաղաքապետարանի հետ, հոկտեմբեր ամսին ավանդաբար անցկացվում է նաեւ հայ գրերի ստեղծմանը նվիրված միջոցառում, որոնց մասնակիցն են դառնում ռուս գրողներ, թարգմանիչներ, Մատենադարանի օգնությամբ էլ պարբերաբար ներկայացնում ենք գրերի պահոցում եղած հազվագյուտ նմուշներ: Ընդ որում, մինչ օրս միությունը ռուս ընթերցողին է ներկայացրել հայ հեղինակների 116 անուն գիրք, այդ թվում՝ «Մանկական հանրագիտարանը», «Հայ պատմիչների մատենաշարը»: Էլ չեմ խոսում ժամանակին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության պաշտոնյա, ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ, պատմական գիտությունների դոկտոր, երջանկահիշատակ Յուրի Բարսեղովի երկու եռհատորյա աշխատության մասին, որոնցում ներկայացված էր 1915թ. ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի պատմությունը, որոնց նախաձեռնողը Արա Աբրահամյանն է: Իրականացված մշակութային բոլոր միջոցառումները հնարավոր չէ ներկայացանել մեկ զրույցում… Անցյալ տարի, օրինակ, Մոսկվայի քաղաքապետարանի հետ համատեղ անցկացվեց «Ծիրանի փառատոն»՝ հայ եւ ռուս արվեստագետների մասնակցությամբ կամ՝ նոյեմբերի 4-ին, 8-րդ անգամ, Կրեմլի պալատում՝ «Բազմազգ Ռուսաստան» փառատոնը: Այս նախագիծն էլ իրականացվեց ՌԴ նախագահի աշխատակազմի հետ համատեղ: Ամռանը Ստեփանակերտում Ռուսաստանի հայերի միությունը բացեց նորագույն տեխնիկայով զինված դպրոց՝ նախատեսված 600 աշակերտի համար, որտեղ յուրաքանչյուր աշակերտ ունի իր համակարգիչը…»: Ռեպլիկին՝ պատկերացնում ենք ի՜նչ ծրագրեր են նախատեսված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Միջոցառումները կանցկացվեն Ռուսաստանով մեկ՝ գիտաժողովների, կլոր սեղանների, նկարչական ցուցահանդեսների եւ այլնի տեսքով՝ հեղինակավոր դահլիճներում, օրինակ՝ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Երաժշտության միջազգային տանը եւ այլն, իհարկե՝ հայ եւ ռուս մշակույթի գործիչների մասնակցությամբ»:
Գագիկ Գաբրիելյանը տեղեկացրեց նաեւ, որ դեկտեմբերի 14-ին Կրեմլի պալատում նախատեսված է «Համաձայնություն» խորագրով շքեղ համերգ՝ Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ջիվան Գասպարյանի, Հայաստանի պարի պետական անսամբլի, Պյատնիցկու անվան երգչախմբի եւ այլ հռչակավոր անհատ երաժիշտների ու կոլեկտիվների մասնակցությամբ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.11.2014