Թբիլիսիում քիչ առաջ մեկնարկեց Հարավկովկասյան ԶԼՄ-ների 11-րդ համաժողովը, որի բացման խոսքում ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն առանձին անդրադարձավ Ադրբեջանին: Նա ասաց. «Կներեք, որ ես ստիպված եմ անդրադառնալ միայն մեկ երկրի, բայց ես չեմ կարող չասել: Դուք ինձ գիտեք, ես չեմ կարող ձեւացնել, թե ամեն ինչ լավ է, երբ իրականում այդպես չէ», եւ անդրադարձավ Ադրբեջանում լրագրողների հանդեպ սկսված եւ շարունակվող ճնշումներին:
Շնորհակալություն հայտնելով ադրբեջանցի այն գործընկերներին, որոնք եկել են այս կոնֆերանսին, տիկին Միյատովիչը ասաց, որ Ադրբեջանը միակ երկիրն է, որը «բլոկ» է անում լրագրողներին եւ հասարակական կազմակերպությունների անդամներին՝ մասնակցել այս կոնֆերանսին. «Դա ինձ դուր չի գալիս, դա ինձ տխրեցնում եւ բարկացնում է, եւ սա շատ անհանգստացնող երեւույթ է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ