Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեժ աշուն, ջան աշուն-2

Նոյեմբեր 10,2014 11:20

Ներքաղաքական իրավիճակը, որ ներկա պահին ստեղծվել է Հայաստանում, աննախադեպ է և շատ հակասական բնույթ է կրում:

Գործող նախագահն ու իր կուսակցությունն ուզում են գործող սահմանադրության մեջ որոշակի ու էական փոփոխություններ կատարել, իսկ ոչ իշխանական եռյակը և ոչ իշխանական մյուսները կտրականապես դեմ են այդ փոփոխություններին:

Սահմանադրական փոփոխություններին կտրականապես դեմ է նաև ժողովրդի ընդդիմադիր հատվածը: Ընդդիմադիրները կտրականապես ու վճռականորեն դեմ են սահմանադրական փոփոխություններին, որովհետև ընդդիմության գաղափարախոսները փորձում են հասարակության բողոքական հատվածին բացատրելով հասկացնել, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների շնորհիվ կարող են վերարտադրվել, այսինքն՝ իրենց իշխանության ժամկետից հետո էլ մնալ ու հանդիսանալ իշխանություն: Եվ որպեսզի դրա դեմն առնվի, ոչ իշխանականներն ու խորհրդարանական ընդդիմադիրները հեղափոխության կոչեր հնչեցնելիս անպայման նշում են, որ Սերժ Սարգսյանը թույլ նախագահ է և չի կարող դիմադրություն ցույց տալ:

Մեզ մնում է չհասկանալ հետևյալը. եթե Սերժ Սարգսյանն այդքան թույլ է, ինչպե՞ս կարող է սահմանադրական փոփոխություններն անցկացնել, և եթե այդքան թույլ է, ինչպե՞ս պիտի երեք տարի իր պաշտոնին մնա, որ հետո էլ, սահմանադրական փոփոխություններն օգտագործելով, վերարտադրվի և իր իշխանությունը շարունակի՝ ի հեճուկս ոչ իշխանական բոլորի և իր բոլոր չուզողների:

Իհարկե, գործող նախագահին թույլ համարողներն այլ հանգամանքներում շեշտում են, որ Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ – ից ազատվելը չափազանց դժվարին գործ է՝ չհասկանալով, որ թույլ նախագահից ազատվելը միայն չափազանց թույլ ընդդիմության պարագայում կարող է դժվարին լինել:

Այսօր ու այս պահին չափազանց դժվար է որոշել՝ մեր ընդդիմությունն ուժե՞ղ է, թե՝ թույլ, և նմանապես դժվար է որոշել՝ մերոնցից ովքե՞ր են իրական ընդդիմություն, և ովքեր՝ ոչ:
Ոչ իշխանականները վստահ են և բոլորին վստահեցնում են, որ Սերժ Սարգսյանն ու իշխող կուսակցությունն իրենցից ու իրենց սկսած շարժումից վախեցավ, այլապես հենց հիմա կիրականացներ սահմանադրական փոփոխությունները:

Այնուամենայնիվ, մի բան հստակ է. ոչ իշխանականներին հաջողվել է հասարակության մի ստվար զանգվածի համոզել, որ Հայաստանի ու հայ ժողովրդի համար ամենահարմարը նախագահական պետությունն է: Այս համոզողների մեջ քիչ չեն մարդիկ, որոնք նախկինում նույն ժողովրդին նույն եռանդով համոզում էին, որ Հայաստանի ու հայ ժողովրդի համար ամենահարմարը պառլամենտական պետությունն է, որը նախագահական դիկտատուրայից փրկվելու միակ և լավագույն տարբերակն է: Հիմա, փաստորեն, հակառակն են պնդում: Պնդում են, որ եթե Հայաստանը պառլամենտական պետություն դառնա, Սերժ Սարգսյանը ՀՀԿ – ի շնորհիվ կհաջողացնի վարչապետ դառնալ և այդպիսով վերարտադրվել ու շարունակել հանդիսանալ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան:

Այսինքն, ոչ իշխանականները, անկախ իրենց կամքից, Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ – ին իշխանությունը երկարաձգելու տարբերակներ են հուշում, չնայած իրականում էդ տարբերակը իշխանությունն ու անձամբ Սերժ Սարգսյանն ինքնուրույն են հայտնաբերել:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների թեմայով թեժ աշնանը, շատ հնարավոր է, որ ոչ իշխանականների թեժ աշունն ավելի շատ ու առաջին հերթին ընդդիմադիր դաշտը գրավելու նպատակ ուներ:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930