Մեր բակում մի արտասովոր մրցույթ կազմակերպվեց: Հավաքվել էին եզրափակիչ դուրս եկած երկու բազմաբնակարան շենքերի բնակիչները և փորձում էին որոշել համայնքի սուտասանների հաղթող հավաքականին: Ամեն մի շենքից մրցույթին մասնակցում էր երեք հոգուց բաղկացած լավագույն սուտասանների եռյակը, որոնք համայնքի փակ առաջնությունում գրավել էին առաջին երկու տեղերը:
Մրցութային ժյուրիի մեծարգո կազմը նույնպես բաղկացած էր երեք հոգուց, որի մեջ ընդգրկված էին վարչական շրջանի գործադիր իշխանության հայտնի մասնագետները՝ բնակշահագործման բաժնից՝ Փաթիլյանը, կապիտալ շինարարության բաժնից՝ Փափախյանը, սոցիալական ապահովության բաժնից՝ Փչանյանը:
Համապատասխան հարմարավետ դահլիճ չունենալու պատճառով համատիրությունը մրցույթը ստիպված էր կազմակերպելու բացօթյա պայմաններում, քանի որ համայնքում ակումբ հիմնելու նախընտրական խոստումները այդպես էլ չէին իրականացվել:
Որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո խոսքը տրվում է ժյուրիի նախագահ՝ Փաթիլյանին:
-Ընկերներ, կներեք, պիտի ասեի պարոններ,-ասում է նա, արդեն երկար տարիներ է, որ ձեր շենքերի միջև տեղի են ունենում զանազան մրցույթներ, սպորտային միջոցառումներ, համույթների ելույթներ, բամբասանքի, հայհոյանքի և լեզվակռվի փառատոններ: Այդ միջոցառումների ընթացքում փշրվել են պատուհանների բազմաթիվ ապակիներ (մոտավոր հաշվարկներով՝ 39), շտապ օգնության մեքենաներով հիվանդանոց են տեղափոխվել 18 մարդ՝ չդիմանալով սթրեսային իրավիճակներին, արտասանվել է 1117 անպատիվ խոսքեր՝ նույնիսկ հայհոյանքի աստիճանի, որի մակարդակը վերջին տարիներին բավականին բարձրացել է, գրանցվել է Սողիկյանի բացարձակ արդյունքը՝ յոթ հարկանի հայհոյանքի վերաբերյալ, որը շուտով ուղարկվելու է Եվրոպա՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար, իսկ, մասնավորապես, լեզվակռվի մրցույթի ժամանակ հոգեկան վնասվածք են ստացել 67 մարդ, որոնցից 49-ը՝ կանայք, որի հետևանքով ներկայումս իրար հետ արդեն չեն խոսում (խռով են) 27 մարդ:
Կարդացեք նաև
Ինչպես տեսնում եք, մենք ամեն ինչ արել ենք, որ ձեր առօրյան անցնի ուրախ և բովանդակալից մթնոլորտում: Սա ձեր հաջողությունների ընդամենը 31%-ն է, որ ես շեշտում եմ, իսկ քանի որ մեր ժամանակը սուղ է, ապա մնացած հաջողությունների մասին իմանալ ցանկացողները կարող են այցելել մեր կայքէջ կամ էլ՝ անձամբ պարոն Սուտլիկյանի մոտ՝ մեր վարչական շրջանի գրասենյակում: Նշեմ ևս մի հանգամանք, որ այսօրվա մրցույթի մասնակիցները իրար չեն զիջում մուտքերում կուտակված աղբի, տանիքներին ամրացված ավելորդ անտենաների քանակով, տարբեր տեսակի ապօրինի շինություններով՝ թե շենքի ներսում և թե դրսում, բնակարանների պատուհաններից դուրս շպրտած տարբեր բնույթի անպետքություններով՝ ցելոֆանե տոպրակներ, թղթի և շորի կտորտանքներ, կոնֆետի փաթաթաններ և այլն և այլն: Այսօրվա մրցույթը ոչ մի բանով չի զիջելու նախկինում կազմակերպված մրցույթներին, ասեմ ավելին, այն գերազանցելու է ձեր բոլոր սպասելիքները՝ թե գեղարվեստական և թե կազմակերպչական առումով: Այսօրվա մրցույթը եզակի և խիզախ մրցույթ է, որի նախնական ծիլերը արտացոլվել են մեր մեծ երգիծաբան Հովհաննես Թումանյանի անմահ ստեղծագործություններում (երևի պիտի ասեր Հակոբ Պարոնյա՞ն):
Բուռն, երկարատև ծափահարությունները երկար ժամանակ չեն լռում, լսվում են ուռռա~ բացականչություններ, բոլորը, բնականաբար, ոտքի վրա են: Հավաքվածների անսահման ոգևորությունը մեղմելով ձեռքի կտրուկ շարժումներով, նախագահողը շարունակում է,-մրցույթի պայմանները այսպիսին են. ամեն մի բազմաբնակարան շենքից նախապես ընտրվել են երեք արժանավոր սուտասաններ ամեն մի թիմի հիմնական կազմում և երկու հոգի՝ փոխարինող կազմում, ի՞նչ իմանաս, հազար ու մի փորձանք կարող է պատահել: Ում ասած ստին ժողովուրդը չի հավատա, թող սուլի, իսկ հավատալու դեպքում՝ թող լռի: Հիմա իմ օգնականը սուլիչներ կբաժանի, որոնք գնել ենք համայնքի բյուջեից փոխանցված գումարով: Այստեղ մենք հրավիրել ենք գերլսողություն ունեցող մասնագետների, որոնք էլ կորոշեն սուլոցների գումարային ուժի չափը՝ դեցիբելներով: Հասկանալի՞ է:
-Ամեն ինչ հասկանալի է,-գոռում է մի տատիկ հավաքվածների միջից:
-Դե՛, ուրեմն, ընտրյալները թող մոտենան խոսափողին: Ներողություն, իհարկե, խոսափողը վերջին պահին խափանվել է և այն կփոխարինվի բարձր ձայն ունեցող մեր մասնագետով, որը կհայտարարի հերթական սուտը՝ լսելով ելույթ ունեցողին, եթե սուտասանի ձայնը չբավարարի մրցույթի պայմաններին:
Մի պահ տիրում է քար լռություն, որից հետո մրցույթի նախագահին են մոտենում տասը հոգի՝ հիմնականում տղամարդիկ և հանդիսավոր շարվում են նախագահի շուրջը: Մրցույթն այլևս սկսված է: Ժյուրիի անդամները և հասարակությունը համակ ուշադրություն են դառնում:
Առաջին ստի հաղորդումով հանդես է գալիս վիճակահանությունը շահած առաջին բազմաբնակարանային շենքի թիմի հիմնական անդամ Շատախոսյանը:
-Անցյալ օրը մեր խանութում վաճառողուհի Հասմիկը մի քանի հոգու շահող կտրոններ տվեց՝ կարագ, պանիր և այլ մթերքներ վաճառելիս,-ասաց առաջին սուտասանը:
Մի քանիսը սուլեցին՝ ցուցաբերելով իրենց վերաբերմունքը ասվածի նկատմամբ:
-Դա սովորական բան է, բոլոր խանութներում էլ այդպիսի թյուրիմացություններ լինում են-արձագանքեց մրցույթի նախագահը, ավելի համոզիչ և մրցունակ ստեր ասեք:
Երկրորդ բազմաբնակարան շենքի մասնակից սուտասանը՝ Բամբասանյանն էր, որը բավականին հուզվեց՝ զգալով հավաքվածների շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակի առկայությունը, քան սկզբում կարծում էր:
-Հենց այդ օրը, որ նշեց իմ մրցակիցը, մեր բակում մի մեծ բեռնատարով կարմիր ավազ էին բերել, թափել ասֆալտին ու հեռացել և մեր շենքի երիտասարդ տղաների ու աղջիկների համառ ջանքերի շնորհիվ՝ դույլերով այն տեղափոխվեց և ցրվեց տեղադրված մարզական սարքերի հրապարակում, որտեղ երեկոյան ժամին կազմակերպվեց կոլեկտիվ մարզում՝ առողջ ապրելակերպ նախագծի շրջանակներում:
-Մեր երիտասարդ սերունդը մեզանից ստանալով լավ դաստիարակություն կարող էր այդպես վարվել, դա ինչ սուտ է որ,-նեղսրտեց ժյուրիի անդամ Փչանյանը:
Հաջորդ ելույթ ունեցողը Վատաբանյանն էր…
-Ընկերներ, վայ, ներողություն, պարոններ, մենք դրամահավաք ենք կազմակերպել, որպեսզի մեր շենքի նկուղը մաքրենք, ակումբի վերածենք, որպեսզի մեր բոլոր միջոցառումները այնտեղ անցկացնենք, հատկապես շախմատի և նարդու մրցումները:
-Այ, դա մրցութային ստի մակարդակ է,-արձագանքեց Փաթիլյանը,-դե տեսնենք, կարծես սառույցը կոտրվում է…
-Մեր թիմն էլ որոշել է շենքերի տանիքների բոլոր անտենաները հավաքել, մետաղի ջարդոնն ու հաղորդալարերը հանձնել ու այդ գումարով բոլորի տները ապահովել կաբելային հեռուստատեսությամբ, հեռախոսով ու համացանցով,-ասաց պահեստային անդամը, քանի որ հիմնական սուտասանը իրեն վատ էր զգում:
-Հրաշալի սուտ է, պետք է դրան տալ առաջնությունը,-գոչեց հանդիսականներից մեկը և բոլորը համերաշխորեն չսուլեցին:
-Իսկ մենք որոշել ենք բոլոր ավտոտնակները քանդել, տեղը խոտաբույս ցանել, ստեղծել ֆուտբոլի խաղադաշտ, որտեղ մեր երեխաները կպարապեն սպորտով,-ասաց մյուս թիմի սուտասանը:
Ուռռա՜, գոչեցին երեխաները, իսկ սուլիչները լռում էին: Այդ բարձր մակարդակի սուտը հանկարծակիի էր բերել բոլոր հավաքվածներին:
Մրցույթը՝ ըստ արարողակարգի շարունակվեց մինչև ուշ երեկո, քանի որ մրցակիցները չէին զիջում հաղթողի պատվին արժանանալու դիրքերը: Այդ իսկ պատճառով մրցույթի արդյունքները ամփոփվեցին հաջորդ օրը՝ վարչական շրջանում, քանի որ առաջին բազմաբնակարանայինի թիմի սուտասանների հնգյակը այնպիսի ստեր էր դուրս տվել, որ երկրորդ բազմաբնակարանայինի թիմի հինգ անդամներն էլ (հիմնական և պահեստային) սթրեսային վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էին հիվանդանոց՝ չդիմանալով առաջինի արտաբերած ստերի մեծ դոզային: Մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել առաջին բազմաբնակարանայինի թիմը:
Ներկայումս մրցույթում երկրորդ տեղը գրաված երկրորդ բազմաբնակարանայինի թիմի բոլոր անդամները ապաքինվելուց հետո հիվանդանոցից դուրս են գրվել և ապահով վերադարձել իրենց տները: Շշուկներ կան, որ նրանք բողոքարկելու են մրցույթի արդյունքները…
ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ