Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջակցելու եմ ուսանողներիս՝ պայմանով, որ հայրենիքում ստեղծագործեն»․ Ռոման Բալայան

Նոյեմբեր 09,2014 17:11

Օրեր առաջ կրկին Հայաստան ժամանեց աշխարհահռչակ ուկրաինահայ ռեժիսոր Ռոման Բալայանը, ով 1,5 տարի շարունակ այստեղ ղեկավարում էր «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը» (դպրոցը)։ Այս անգամ այցի նպատակը ուսանողների ավարտական աշխատանքների՝ ֆիլմերի, դիտումն էր եւ հավաստագրերի հանձնման արարողությունը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։

Հիշեցնենք, որ Բալայանի ղեկավարած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը» հենց ռեժիսորի մտահղացումն էր, որն իրականություն դարձավ «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի եւ ԵԹԿՊԻ նախկին ռեկտոր, լուսահոգի Արմեն Մազմանյանի միջոցով՝ աջակցությամբ ՀՀ Մշակույթի նախարարության։

Այսօր արդեն ռեժիսորը ամփոփում է երկարատեւ աշխատանքի արդյունքները․«Ինձ համար շատ կարեւոր էր այս նախագիծը կյանքի կոչելը։ Այսօր արդեն կարող եմ ասել, որ, եթե չլինեին մի քանի նվիրյալ մարդիկ, նախագիծն իրականացնելը մեծ դժվարություն կներկայացներ։ Այդ գործում հատկապես մեծ է «Պարադիզ» (Մոսկվա) ընկերության ղեկավար Գեւորգ Ներսիսյանի աջակցությունը։ Իմանալով գաղափարի մասին՝ նա անմիջապես որոշեց իր ներդրումն անել՝ տրամադրելով 100,000 ԱՄՆ դոլար։ Այնուհետեւ ես ծրագրի մասին տեղեկացրի նաեւ Հայաստանում, որից հետո ինձ հրավիրեցին այստեղ։ Նախագծի մնացած ֆինանսական մասը տրամադրեց ՀՀ Մշակույթի նախարարությունը։ Ծրագրի իրականացմանը մեծապես նպաստել է նաեւ

Մարտուն Ադոյանը, Արմեն Մազմանյանը եւ մի քանի այլ անհատներ»։
Այն հարցին, թե արդյոք ռեժիսորը գոհ է ստացված արդյունքներից, Բալայանը նշում է․ «Կարող եմ հաստատ ասել, որ 10-ից 4-5-ը կարող են եւ զբաղվելու են ֆիլմարտադրությամբ։ Ես շարունակելու եմ աջակցել նրանց մի պայմանով, որ մնան եւ ստեղծագործեն հայրենիքում»։10581346_956527167695739_1018948640_n

Հավելենք, որ նախագծի 10 ուսանողներն ընտրվել էին 2012թ․-ի սեպտեմբերին՝ նախապես հայտարարված մրցութային ընդունելության քննության հիման վրա։ Ընդունող հանձնաժողովի կազմում էին Ռոման Բալայանը եւ Արմեն Մազմանյանը, ինչպես նաեւ Իրակլի Կվիրիկաձեն, Սերգեյ Սոլովյովը, Անդրեյ Սմիրնովը։

Նախագծի շրջանակներում Հայաստան են ժամանել եւ վարպետության դասեր անցկացրել այնպիսի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսսին, Պավել Ֆիննը, Ա․ Սմիրնովը, Ս․ Սոլովյովը, Ի․ Կվիրիկաձեն։

Արդյո՞ք շարունակական կլինեն այս կուրսերը, թե՞ ոչ, Բալայանը դժվարանում է պատասխանել՝ նշելով, որ ամեն ինչ կախված է ներդրումներից եւ ցանկությունից, չնայած որ նման ձեւաչափով սցենարական կուրսեր ստեղծելը եւս անհրաժեշտ է համարում։

Հ․Գ․ Հավաստագիրը տրվել է առ այն, որ ուսանողներն ավարտել են «Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցը»՝ ստանալով կինոռեժիսորի որակավորում։ Վերջինս տրվել է Ռոման Բալայանի, «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտուն Ադոյանի եւ ՀՀ Մշակույթի նախարարության կողմից։

Բալայանը՝ հայաստանյան իր
ուսանողների մասին/ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930