Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարցնելն ամոթ չէ…

Նոյեմբեր 09,2014 16:53

Որ, իշխանական կառույցներում՝ ընդհանրապես համակարգեր չեն գործում, դա բոլորին է հայտնի: Եվ, չնայած ՀՀ իշխանություններին թվում է, որ Հայաստանում պետական կառավարման մարմիններն ու մնացած պետական կառույցներն աշխատում են որպես համակարգեր կամ գործում են համակարգային որոշակի սկզբունքներով, ապա պետք է հիասթափեցնեմ նրանց ու ասեմ, որ դրանք՝ իրականում աշխատում են զուտ անձնավորված սկզբունքներով: Երկու բառով փորձեմ ներկայացնել այդ սկզբունքի բովանդակությունը: Համակարգ կոչվածի թիվ մեկ պատասխանատուն, իրեն հաջորդող՝ երկրորդ մակարդակում, որպես տեղակալներ, պաշտոնների է բերում իր վստահելի մարդկանց, ովքեր մասնագիտական առումով կարող են նույնիսկ լիովին հեռու լինել տվյալ համակարգի գործառույթներից: Նույն թիվ մեկ պաշտոնյան, եթե ցանկանա, ապա կարող է՝ նույն սկզբունքով հրավիրել նաև այլ մակարդակների պաշտոնյաների, ասենք՝ վարչությունների, բաժինների պետերի և նրանց ևս նշանակել համապատասխան պաշտոններում:

Նայած, թե ովքեր և ինչ են խնդրում նրան, այդ դեպքում նա կարող է հրահանգավորել անգամ՝ մինչև ամենացածր հաստիքի համար, որպեսզի այնտեղ նշանակվի իր առաջարկած անձը: Սովորաբար, թիվ մեկ պաշտոնյան մանևրելու՝ համարյա անսահմանափակ հնարավորություններ ունի և նրա աշխատելաոճի յուրահատկությունը՝ նրա տեսակի մեջ է, այլ ոչ հնարավորությունների: Թիվ մեկ պաշտոնյաների տեղակալներն առաջնորդվում են նույն սկզբունքով. իրենցից ներքև՝ իրենց ենթակայության տակ գտնվող հաստիքների մասով: Այս մոտեցումը՝ հիերարխիկ կերպով շարունակվում է մինչև ամենաստորին հաստիքում կատարվող նշանակումը: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ այստեղ ամենակարևորն այն է, որ բոլոր մակարդակի հաստիքներում նշանակումներ կատարելիս, ամենավերջին տեղում է մնում՝ աշխատողի մասնագիտական ունակությունների հարցը: Այդ նշանակումների հարցում գործում է միայն մեկ սկզբունք. որքան է վստահելի տվյալ մարդը: Ասեմ, որ Հայաստանի բոլոր պետական կառույցների համար կիրառվում է նույն մոտեցումը: Դե այժմ, թող ընթերցողն ինքը ասի, թե այսպիսի մոտեցման մեջ՝ համակարգային սկզբունքի տարրի չնչին նշույլ արդյո՞ք կա: Սա, որպես նախաբան:

Այժմ անցնենք հիմնական ասելիքին, որի առիթը՝ կառավարության վերջին նիստում բարձրաձայնած համակարգային՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ արված առաջարկությունն էր: Ըստ վարչապետի առաջարկության, պետք է միավորվեն տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները և բացի այդ, պետք է ստեղծվի նաև նոր՝ միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Բազմիցս է գրվել (նաև ձեր խոնարհ ծառայի կողմից) և ասվել, որ նախարարությունների թիվը մեր փոքր երկրի համար շատ մեծ է և կարելի է սահմանափակվել ամենաշատը վեց նախարարությունով: Ամեն դեպքում, շատ լավ է, որ նախարարություններ են միացվում, սակայն, սա լրիվ այլ թեմա է, որին կփորձենք մեկ ուրիշ անգամ անդրադառնալ: Հայտնի բան է և աշխարհում շատ հաճախ են նախարարություններ վերակազմավորվում, միավորվում և անջատվում: Սակայն, հայտնի է նաև, որ սովորաբար միավորվում են ընդհանրական, նմանատիպ գործառույթներ իրականացնող նախարարությունները, այլ ոչ թե պատահական ընտրված երկու կամ մի քանի նախարարություններ: Հետաքրքիր է, թե այս պարագայում ի±նչ ընդհանուր գործառույթներ ունեն տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները: Կառավարության նիստի ընթացքում՝ ընդամենն ասվել է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրապետության տարբեր տարածքներում ունի ստորաբաժանումներ և քանի որ տարածք բառը երկուսի մեջ էլ օգտագործվում է, հետևաբար նմանատիպ ու ընդհանրական են և կարելի է դրանք միավորել: Հարց է ծագում, իսկ կա գոնե մի նախարարություն, որը հանրապետությունում տարածքային ստորաբաժանումներ կամ կառույցներ չունենա: Իհարկե, ոչ:

Նախարարությունը՝ հենց այնքանով է նախարարություն, որ նաև իր տարածքային կառույցներով է իրականացնում համապատասխան գործառույթներ՝ հանրապետության ողջ տարածքում: Վերը նշված հիմնավորումով, նույն հաջողությամբ՝ տարածքային կառավարման նախարարությունը կարելի է միավորել ցանկացած, ընդհուպ՝ մշակույթի նախարարության հետ: Իրականում, կույրին անգամ տեսանելի է, որ եթե արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է միացվի որևէ կառույցի հետ, ապա ամենահարմարը ոստիկանությունն է: Իհարկե, այս դեպքում մեկ այլ հարց էլ կառաջանա. բա, ու՞մ նշանակեն նախարար: Չէ՞ որ, այս պահին գործող երկու կառույցների ղեկավարներն էլ ընդունելի են բարձրագույն իշխանության համար: Գիտեք, հե՞շտ է մեկնումեկին նեղացնելը: Իսկ, տարածքային կառավարման նախարարության մասով ընդամենը կասեմ. կամ լուծարեք այդ նախարարությունը, կամ ձերոնցից՝ հարմար մեկին նշանակեք նախարար: Ի՞նչ է, հարմար մարդ չունեք:

Քանի դեռ, 4 տարի շարունակ Հայաստանը Եվրամիության հետ աշխատում էր խորը և համապարփակ առևտրի պայմանագրի ու ասոցացման համաձայնագրի վրա, իշխանության մեջ՝ ոչ ոքի մտքով չանցավ կազմավորել միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, որի կարիքը անվերապահորեն կար: Իսկ, երբ փոխվեց ինտեգրման վեկտորի ուղղությունը և Հայաստանի կողմից ստորագրվեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, չգիտես ում գլխում հանկարծ միտք ծագեց ստեղծել նման նախարարություն:
Դիմում եմ իշխանությանը. լավ, եթե այս պարզ հարցերը ձեզ համար դժվարություններ և անհարմարություններ են ստեղծում, ապա ազատորեն կարող եք դիմել՝ ձեզ ընտրած ժողովրդի օգնությանը, մանավանդ, որ համոզված եմ, այդ նույն ժողովրդի մեջ կան բազմաթիվ խելացի մարդիկ, ովքեր կարող են անշահախնդիր պատասխանել ձեզ հուզող բոլոր հարցերին, ինչպես նաև խորհուրդներ տալ՝ այդ և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:
Վերը ասվածը պարզորոշ վկայում է, որ Հայաստանում պետական կառույցները վերակազմավորվում կամ կազմավորվում են կոնկրետ անձերի համար և թքած, թե երկրի համար այսպիսի՝ բառիս բուն իմաստով ճգնաժամային պահերին, ժողովուրդն ինչ է մտածում և ինչ կասի:
Հալալ է իշխանությանը, երբեք իր ձեռագիրը չի փոխում…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930