Գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պնդում է, որ վերջերս կառավարության շենքի մոտ 76-ամյա թոշակառու Պայծառ Մակարյանը ստել է՝ ասելով, թե Սամվել Ալեքսանյանը հորդորել է իրեն Կառավարության շենքի մոտ հրապարակավ ներողություն խնդրել իր ասածների համար:
Հիշեցնենք, որ կինը news.am-ին պատմել էր, թե «Ես իրանց ասել էի կանալիզացիայի համար, որ չեն վերանորոգում, կգնամ ուրիշ տեղ կասեմ, իրենք ընդհատեցին, կանալիզացիան չքաշեցին, հիմա ես ներողություն եմ խնդրում պարոն Ալեքսանյաններից, որ ինձ օգնեն։ Ասում են՝ դու մեր վատն ես խոսացել, ես հիմա ներողություն եմ խնդրում, մեծ կնիկ եմ, չեմ հասկացել։ Պարոն Սամվել Ալեքսանյանը ինձ ասել է գնա լուսաբանի, քո ասածների համար ներողություն խնդրի, որ քեզ օգնեմ»:
Այսօր «Նիգ Ապարան» հայրենակցական միության համագումարին ներկա Ալեքսանյանը վստահեցրեց, որ տարեց կնոջն օգնելու են, իսկ ներողություն խնդրելու հորդոր իր կողմից չի եղել. «Տատիկը սաղ օրը մեր կողմերն է, տատիկը մի քիչ մեծացել է»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցին, թե ինչպես է վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի իշխանափոխության կոչերին, ճպացրեց ու գլուխը ուրիշ կողմ թեքեց՝ խոստանալով հարցերին պատասխանել համագումարից հետո, բայց համագումարը ավարտվելուն պես նա գրեթե վազելով փախավ, իսկ խոստումի մասին հիշեցումներին պատասխան՝ ժպտաց:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ