Հրազդան քաղաքի «Արամազդ» երիտասարդական կենտրոնում երեկ կայացավ բանաստեղծ Սուրեն Դավթյանի «Անընդհանրական կտավ» գրքի շնորհանդեսը: «Ցանկացած գիրք, ստեղծագործություն մեկինը չէ: Ամեն ինչ չէ, որ հասկանալի է և փակագծերից դուրս շարադրված»,- այսպես մեկնաբանեց հեղինակն իր չորրորդ բանաստեղծական ժողովածուի խորագրի ընտրությունը:
Բովանդակային առումով «Անընդհանրական կտավը» երկխոսություն է բանաստեղծի և իր անհայտության միջև:
Հանդիպմանը ներկա գրողների և գրականագետների կարծիքով՝ անկեղծությունը, ժամանակի հանդեպ ունեցած մտահոգությունը, հայոց լեզվի քաջիմացությունն ու «հակամարդ իրականության» մեջ մարդ մնալն է Սուրեն Դավթյանի ինքնատիպության գաղտնիքը:
«Միգուցե ոմանք մի հարազատ տող կգտնեն կամ կհասկանան իմ պատկերները, որոնք երբեմն հակասական են: Կարևորը՝ խոսքն ասվել է, թող գնա, գտնի իր ընթերցողին», – հավելեց պարոն Դավթյանը:
Կարդացեք նաև
Այն հարցին, թե արդյոք գիրքը կգտնի՞ իր ընթերցողին Հրազդանի երիտասարդության շրջանում, ՀԳՄ Կոտայքի բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Հակոբ Հարությունը պատասխանեց. «Ոչ ոք երաշխավորված չէ իր տեղը գտնելու այս կյանքում»: Բանախոսի կարծիքով՝ մշակութային դաշտն այսօր հիմնված է գովազդի վրա: «Առանց ընթերցելու ասում են՝ այս գրողը լավն է, մյուսը՝ վատը: Ռեալիզմ, սյուրռեալիզմ… -իզմերով պիտի գնահատել գրողին. իր ոճից դուրս նա ոչինչ է», – ասաց բանաստեղծը:
Մտահոգությանը, թե ե՞րբ է գալու ժամանակակիցների ժամանակը, եթե հայը շարունակում է ապրել իր գրական անցյալով՝ չճանաչելով նոր մտածողներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սպասենք ժամանակին»:
Անի Անտոնյան
Անհաջող վերնագիր էր: